ԱԱՏՄ-ն Արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ անցկացրել է սեմինար-խորհրդատվություն

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ անցկացրել է սեմինար-խորհրդատվություն` «2021 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը» թեմայով։

Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ներկայացրել է աշխատանքային իրավունքի վերահսկողության ոլորտում նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, վիճակագրական տվյալներ։ Ինչպես նաև խոսել է Տեսչական մարմնի վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված բարեփոխումներից, 2021 թվականից ուժի մեջ մտնող լիազորություններին ընդառաջ արված նախապատրաստական աշխատանքներից։

Տեսչական մարմնի ղեկավարը, մասնավորապես, տեղեկացրել է, որ կարևոր գործառույթներ են վերապահվում Տեսչական մարմնին և միջոցառումն անցկացվում է իրազեկման աշխատանքների համատեքստում։

Հիշեցնենք, որ 2021թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն ՀՀ աշխատանքային օրենսգրքով Տեսչական մարմնին վերապահված մի շարք նոր լիազորություններ։ Իսկ մինչ այդ համավարակով պայմանավորված, Տեսչական մարմնի գործառույթներն օրենքով արդեն իսկ որոշակիորեն ընդլայնվել էին 2020 թվականի ապրիլին։

ԱԱՏՄ Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը ներկայացրել է Աշխատանքային իրավունքի ոլորտում պետական վերահսկողությանն առնչվող օրենսդրական փոփոխությունները։

ԱԱՏՄ Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի մասնագետ Գարիկ Պողոսյանը ընդգծել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները։

Հակոբ Ավագյանը շնորհակալություն է հայտնել Արդյունաբերողների և գործարարների միությանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ հանդիպումը կազմակերպելու հարցում աջակցության համար։

Տեղի է ունեցել քննարկում, հարց ու պատասխան։ Առաջարկվել է շարունակել քննարկումները նաև առանձին հանդիպումների ձեւաչափով։

 

Խստացված ստուգայցը երթուղայիններում շարունակվում է

Տեսչական մարմինը շարունակում է վերահսկողությունը մայրաքաղաքը սպասարկող հանրային տրանսպորտում՝ Covid- անվտանգության սահմանված նորմերի պահպանման նկատմամբ: ԱԱՏՄ տեսուչները փաստում են՝ այսօր ավելի բարվոք պատկեր է արձանագրվել։

Հիշեցնենք, վերահսկողական աշխատանքների շրջանակում դիտարկվում է հանրային տրանսպորտային միջոցներում ախտահանիչների, տրանսպորտի սրահում իրազեկման թերթիկների առկայությունը, վարորդների և ուղևորների կողմից դիմակների կրման և սահմանված այլ նորմերի կատարումը։

  

Խստացված ստուգայցեր՝ Սպիտակ քաղաքը սպասարկող ուղևորափոխադրող տրանսպորտում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը Լոռու մարզի Սպիտակ և Վանաձոր քաղաքում ուղևորափոխադրող տրանսպորտում դիտարկել են Covid-անվտանգության կանոնների պահպանումը։

Վերահսկողական աշխատանքների շրջանակում դիտարկվել է հանրային տրանսպորտային միջոցներում ախտահանիչների, տրանսպորտի սրահում իրազեկման թերթիկների առկայությունը, վարորդների և ուղևորների կողմից դիմակների կրման պահանջի կատարումը։

Ստուգայցի ընթացքում արձանագրվել է, որ հիմնականում բացակայել են դրամի համար նախատեսված արկղերը և իրազեկման թերթիկները։ ԱԱՏՄ տեսուչները տվել են խախտումները վերացնելու հանձնարարականներ։ Որոշ դեպքերում կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։ 

Տեսչական մարմնի մասնագետներն իրականացրել են նաև կանխարգելիչ բացատրական և իրազեկման աշխատանքներ։