ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը

ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի եւ Երեւանի շուրջ 1 տասնյակ տնտեսվարողների գործունեությունը, այդ թվում՝ սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, մթերային խանութներ։

Որոշման հիմքում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքներն են։

Արձանագրվել են Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի մի շարք խախտումներ, մասնավորապես,

  • Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը դիմակ չեն կրել,
  • Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),
  • Առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ,
  • Չի պահպանվել աշխատատեղերի եւ աշխատակիցների՝ միմյանցից առնվազն 2 մետր հեռավորություն պահպանելու պահանջը,
  • Արտահագուստի համար հանդերձապահարաններ չեն նախատեսվել․ աշխատողների տնային հագուստը կախված է եղել բաց տարածքում։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Թեժ գիծն» է 8107։

Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` ԱԱՏՄ պաշտոնական կայքում՝ http://hlib.am/20.03.2020.html հղումով։

Ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է։ Խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։

     

ԱԱՏՄ տարածքային կենտրոնները շարունակում են դիտարկել մարզային տրանսպորտի ախտահանման աշխատանքները

ՀՀ ԱԱՏՄ Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները դիտարկել են Գեղարքունիքի մարզի Գավառ տրանս ՍՊԸ-ի միջքաղաքային, ներմարզային և ներհամայնքային տրանսպորտի ախտահանման աշխատանքները։

ԱԱՏՄ մասնագետները տեղում իրազեկում եւ ուղղորդում են վարորդներին՝ անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանող նյութերով ապահովված լինել, ավտոմեքենան պարտադիր ախտահանել և սրահն օդափոխել։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի աշխատողները կորոնավիրուսի #covid19 դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում կաթնամթերքի, հացաբուլկեղենի արտադրամասերում և մթերային խանութներում իրականացրել են մշտադիտարկում` վերահսկելով ախտահանման աշխատանքները։

Տրվել են վիրուսի տարածման կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու ցուցումներ: Արևելյան տարածքային կենտրոնի կողմից դիտարկվել է, մասնավորապես, նաեւ Գորիս համայնքում ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների ախտահանման գործընթացը։

Ի՞նչ սարքերով է ԱԱՏՄ թիմը դիմավորում ՀՀ օդային եւ ցամաքային սահմանը հատողներին

 

Կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում ՀՀ քաղաքացիները և օտարերկրացիներն անցնում են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշերի հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ:

  • Կորոնավիրուսի համաճարակի բարձր ռիսկային գոտու երկրներից ժամանողների նկատմամբ կիրառվելու են պարտադիր ինքնամեկուսացման կամ հատուկ նախատեսված կարանտինային տարածքներում կարանտինային ռեժիմներ:
  • Սահմանը հատողներն այժմ ստորագրում են համապատասխան ծանուցման տակ այն մասին, որ իրենք տեղեկացվել են ինքնամեկուսացման պարտադիր պայմանի մասին։ Մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջի խախտումը ենթադրում է պատասխանատվության կիրառում։

❓❗️ Ի՞նչ սարքեր են, որոնցով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թիմը դիմավորում է ՀՀ օդային եւ ցամաքային սահմանը հատողներին։ Հաճախ հնչող այս հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը շեշտում է՝ սահմանային անցման կետերում տեղադրված՝ տեսախցիկ հիշեցնող սարքերն իրականում ջերմաչափեր են։ Դրանցով ավտոմատ հեռահար ջերմաչափում է անցնում սահմանը հատող յուրաքանչյուր անձ։ Եւ քանի որ սարքերը հեռավար են գործում, երկիր մտնող անձը կարող է եւ չնկատել, որ ինքը ջերմաչափվեց։