
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացել է Աշխատանքի տեսչությունների Եվրասիական տարածաշրջանային դաշինքի 2023 թվականի առաջին համաժողովը, որին հեռավար մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը, Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, նույն բաժնի գլխավոր տեսուչ Արփինե Չափարյանը, ինչպես նաև դաշինքի անդամ երկրների ներկայացուցիչներ։
ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը ողջունել է մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք։
Համաժողովի օրակարգում էր՝
- Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի ընթացիկ գործունեության վերաբերյալ քննարկումը,
- 2023 թվականի միջոցառումների ծրագրի կետերի կատարումը,
- 2022 թվականի գործունեության արդյունքների ամփոփումը,
- Դաշինքի նախագահի ընտրության նոր մեխանիզմի կիրառման հարցը,
- Շնորհակալագրերի, դիպլոմների հանձնման համար Դաշինքի խորհրդանիշով ձևաթղթերի ընդունման և հաստատման հարցը,
- Անդամ երկրների աշխատանքի տեսչությունների լավագույն տեսուչներին խրախուսելու 1-ին մրցանակաբաշխությունը կազմակերպելու մեխանիզմի վերաբերյալ հարցը,
- Դաշինքի և եվրաասիական տարածաշրջանի երկրների միջև համագործակցության նոր ոլորտների զարգացման հարցը։
Տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը ընդհանուր տեղեկություններ է ներկայացրել է 2022 թվականին կատարված աշխատանքների մասին։
Մասնավորապես՝ նշել է, որ 2021 թվականի համեմատ 2022 թվականին մի քանի անգամ ավելի աշխատանք է կատարվել, տեղեկացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում ծավալային փոփոխությունների մասին և հույս է հայտնել, որ ընթացիկ տարին ավելի արդյունավետ կլինի, և որ Տեսչական մարմնի աշխատանքի շնորհիվ աշխատանքային իրավունքի խախտումների դեպքերը կնվազեն, իսկ աշխատողների իրավունքներն առավել պաշտպանված կլինեն։
Համաժողովի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել տարվա գլխավոր համաժողովն անցկացնել սեպտեմբերին՝ ՌԴ Սոչի քաղաքում։
