Աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել…


Աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել`

1) արհեստակցական միությանը անդամակցելը կամ ոչ աշխատանքային ժամերին, իսկ գործատուի համաձայնությամբ նաև աշխատանքային ժամերին արհեստակցական միության գործունեությանը մասնակցելը,

2) երբևէ աշխատողների ներկայացուցիչ հանդիսանալը,

3) օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի կամ կոլեկտիվ պայմանագրի խախտման համար գործատուին պահանջներ ներկայացնելը,

4) սեռը, ռասան, մաշկի գույնը, ազգությունը, լեզուն, ծագումը, քաղաքացիությունը, սոցիալական դրությունը, կրոնը, ամուսնական վիճակը և ընտանեկան դրությունը, համոզմունքները կամ տեսակետները, կուսակցություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելը, ինչպես նաև աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքները, բացառությամբ սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

5) տարիքը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Եթե խախտվել է Ձեր աշխատանքային իրավունքը, զանգե՛ք 81-07 կարճ համարին և հայտնեք այդ մասին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։
——————————————————-
Աշխատանքային իրավունքների մասին այս արշավը համատեղ իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և ՄԱԿ-ի կանանց հարցերով հայաստանյան գրասենյակը՝ «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» (WEESC) ծրագրի շրջանակներում։

Իրազեկման սեմինար՝ Արմավիրի մարզի նախադպրոցական հաստատությունների տնօրենների և բուժքույրերի համար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները Հանրապետության մարզերում շարունակում են իրազեկման աշխատանքները։

Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի տեսուչները մարտի 25-ին հերթական իրազեկման միջոցառումն անցկացրել են Արմավիրի մարզում, որին մասնակցել են մարզի 14 նախադպրոցական ուսումնական հաստատությունների շուրջ 30 ներկայացուցիչներ՝ տնօրեններ և բուժքույրեր։

Ներկաներին ողջունել է Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը և ներկայացրել Տեսչական մարմնի գործառույթներն ու լիազորությունների շրջանակը։

Սեմինար-դասընթացի թեման էր՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում «Կարմրուկ, կարմրախտ և բանծին կարմրախտային համախտանիշ, «Գրիպի և սուր շնչառական վարակներ», «Ջրծաղիկ» հիվանդություններրի վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներն ու աշխատանքային օրենսդրության ոլորտին ներկայացվող պահանջները։

ԱԱՏՄ մասնագետները մանրամասն ներկայացրել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար սահմանված սանիտարական նորմերն ու հիգիենիկ պահանջները։

Տարածքային կենտրոնի տեսուչները սեմինար-դասընթացի մասնակիցներին ներկայացրել են նաև աշխատանքային օրենսդրության ոլորտին ներկայացվող պահանջները, մասնավորապես, 2023 թվականին ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված ծավալուն փոփոխությունները։

Հանդիպման ընթացքում և ավարտին տեղի է ունեցել հարց ու պատասխան, քննարկում։


 

Ուշադրություն. դեղի հետկանչ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԹԵՈՖԱՐՄԱ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը 21.03.2024թ.-ին տրվել է Կարգադրագիր՝ «Օնկոֆոլիկ լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 50մգ/մլ; N1 ապակե սրվակ 8մլ սերիա՝ E230320C, պիտանիության ժամկետը 31.10.2025» դեղի ՀՀ-ում շրջանառության դադարեցնելու և հետկանչի վերաբերյալ։

Կարգադրագրի հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից 2024 թվականի մարտի 18-ին ստացված թիվ 01/1289-24 առ 15.03.2024թ.գրությանը կից ստացված թիվ 02/OF/24 փորձաքննության եզրակացությունը և 21.03.2024թ.-ին ստացված թիվ 01/1355-24 առ 20.03.2024թ. գրությունը։

Ըստ եզրակացության՝ «Օնկոֆոլիկ լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 50մգ/մլ; N1 ապակե սրվակ 8մլ» Մեդակ ԳմբՀ, Գերմանիա ՀՀ-ում գրանցում չունեցող դեղի E230320C սերիայի, պիտանիության ժամկետը մինչև՝ 2025.10.31 նմուշներում հայտնաբերվել է մեխանիկական մասնիկներով աղտոտում, առկա է հետկանչի ենթակա թերություն (առաջին դասի)։