Սեպտեմբերի 28-ը կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է

Կատաղությունը վիրուսային հիվանդություն է, որից աշխարհում տարեկան մահանում են տասնյակ հազարավոր մարդիկ։

Մարդը վարակվում է հիվանդ կամ հիվանդության գաղտնի շրջանում գտնվող կենդանու կծելու, ճանկռելու՝ մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականությունը խախտելու և թքոտելու արդյունքում: 

Կատաղություն հիվանդությունը հատուկ բուժում չունի և մարդու մոտ կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով:

Կատաղություն հիվանդության կանխարգելման նպատակով հորդորում ենք.

Կենդանու (շուն, կատու, աղվես, գայլ, արջ, առնետ) կողմից կծելու և մաշկի ամբողջականության խախտում առաջացնելու դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության՝ համապատասխան կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար:

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերություններին՝ խստորեն պահպանել ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 14-ի N 13-Ն հրամանով հաստատված՝ «Բնակչության շրջանում կատաղություն հիվանդության կանխարգելում» ՍԿ3.1.1-0-26-12 սանիտարահամաճարակաբանական կանոններով և նորմերով սահմանված պահանջները։

Իրազեկման համատեղ սեմինար՝ Սիսիան քաղաքում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի պետի պարտականությունները կատարող Արտեմ Այվազյանի գլխավորությամբ 2025 թվականի սեպտեմբերի 22-ին Սիսիան քաղաքում տարածքային կենտրոնի աշխատակիցներն անցակացրել են իրազեկման համատեղ սեմինար։

Ներկայացվել են աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման, աշխատանքային օրենսդրության վերահսկողության, հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտները կարգավորող օրենսդրականև ենթաօրենսդրական ակտերը և հատկապես շեշտել են դրանց պահպանման անհրաժեշտությունը։

Սեմինարին մասնակցել են հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական և մշակութային հաստատությունների, ինչպես նաև մարզադպրոցների շուրջ 5 տասնյակ ներկայացուցիչներ։

Միջոցառման ավարտին Տեսչական մարմնի աշխատակիցները պատասխանել են նաև մասնակիցների հարցերին։

Տեսչական մարմնի ղեկավարը Սոչիում մասնակցել է Աշխատանքի տեսչությունների Եվրասիական տարածաշրջանային դաշինքի համաժողովին

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին Սոչիում (ՌԴ) մասնակցել է Աշխատանքի տեսչությունների Եվրասիական տարածաշրջանային դաշինքի համաժողովին։

Համաժողովի օրակարգային հարցերն էին.

  • Աշխատանքի տեսչական մարմինների միջազգային ասոցիացիայի 2025 թվականի գործունեությունը (զեկուցող՝ Սլավիկ Սարգսյան),
  • Դաշինքի անդամ երկրների կողմից իրականացվող վերահսկողության առանձնահատկությունները,
  • անօրինական աշխատանքի դեմ պայքարին ուղղված գործողությունները,
  • «Դաշինքի լավագույն տեսուչ» տարբերանշանի մշակում,
  • Նախագահության ընտրություն,
  • 2025 թվականի լավագույն տեսուչների պարգևատրում,
  • այլ ընթացիկ հարցեր,
  • Համաժողովի արդյունքների ամփոփում։

Միաժամանակ քննարկվել են աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման գործընթացին առնչվող մի շարք արդիական հարցեր, ներկայացվել են նոր մոտեցումներ՝ ռիսկերի գնահատման, վերահսկողության և աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգերի կատարելագործման ուղղությամբ։

Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը, ով միաժամանակ Աշխատանքի տեսչական մարմինների միջազգային ասոցիացիայի փոխնախագահն է և տարածաշրջանային երկրների պատասխանատուն, ներկայացնելով օրակարգի առաջին հարցը՝ իր ելույթում կարևորել է համագործակցության խորացումը. «Մենք բոլորս ունենք մեկ ընդհանուր նպատակ՝ առողջ և  առավել անվտանգ աշխատանքային պայմաններ ստեղծել աշխատողների համար, պաշտպանել նրանց իրավունքները և վերացնել այն խոչընդոտները, որոնք ի հայտ են գալիս մեր միասնական նպատակի իրացման ճանապարհին։ Յուրաքանչյուր այսպիսի հանդիպում, քննարկում և փորձի փոխանակում մեզ մեկ քայլ առաջ է մղում դեպի մեր նպատակը»։

Համաժողովի ավարտին ամփոփվել են քննարկված հարցերը, հաստատվել են ձեռք բերված աշխատանքային պայմանավորվածությունները և հետագա անելիքները։