Տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար և Աշխատանքի տեսչական մարմինների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Սլավիկ Սարգսյանը մասնակցել է մայիսի 28-ից 30-ը Ղազախստանի Հանրապետությունում անցկացվող Ղազախստանի աշխատողների առողջության և անվտանգության վերաբերյալ 13-րդ միջազգային կոնֆերանս-ցուցահանդեսին (KIOSH)։

Կոնֆերանսին մասնակցել են աշխատանքային անվտանգության ոլորտի մասնագետներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, բիզնես առաջնորդներ և միջազգային կազմակերպություններ։

Ելույթներով հանդես են եկել Ղազախստանի փոխվարչապետ Երմեկ Կոշերբաևը, Աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Սվետլանա Ժակուպովան, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների փոխնախարար Սերիկ Տուլենբերգենովը։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն իր ելույթում հատկանշել է կոնֆերանսի կարևորությունը՝ որպես հնարավորություն կիսվելու ձեռք բերած գիտելիքներով և ձևավորելու կայուն հարաբերություններ և երկարատև գործակցություն մասնակից պետությունների միջև։

Տեսչական մարմնի ղեկավարն անդրադարձել է նաև հասարակության իրազեկվածության բարձրացման արդիականությանը և արդյունավետությանը, մասնավորապես, կարևորել աշխատանքային իրավունքների տիրապետմանը երկկողմ հարաբերություններում՝ գործատուների և աշխատողների միջև վստահելի և առողջ աշխատանքային միջավայր ձևավորելու համատեքստում, ինչպես նաև կարևորել է հետադարձ կապի ապահովումը և դրա իրականացման համար մատչելի և գործնական մեխանիզմների ներդրումը։

Կոնֆերանսի շրջանակներում անցկացվել է նաև նախատեսված ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են անհատական պաշտպանիչ միջոցներ, աշխատանքային հագուստ, հրդեհային անվտանգության համակարգեր, առողջապահական և հիգիենիկ լուծումներ, ինչպես նաև ծրագրային ապահովում և տեղեկատվական տեխնոլոգիաներ։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանդիպումը Երևանի պետական համալսարանի-ի ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտների հետ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը 2025 թվականի մայիսի 21-ին ԵՊՀ-ում հանդիպել է ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտների հետ՝ նպատակ ունենալով սովորողներին տեղեկացնելու աշխատանքային իրավունքների մասին, որպեսզի աշխատանքային գործունեություն սկսելու դեպքում թե՛ որպես աշխատող, և թե՛ որպես գործատու ծանոթ լինեն աշխատանքային օրենսգրքի դրույթներին։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորել է աշխատանքային իրավունքների և դրանց պաշտպանության իրազեկմանը միտված աշխատանքները և հորդորել լավ սովորել, որովհետև լավ մասնագետն աշխատաշուկայում հեշտորեն կգտնի իր գիտելիքներին համապատասխան և գոհացնող վարձատրությամբ աշխատանք:

Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը և համապատասխան բաժինների պետերը ՍԹԵՄ ավագ դպրոցի սաներին ներկայացրել են Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները և աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար։

Իրազեկման սեմինարի ավարտին Տեսչական մարմնի աշխատակիցները պատասխանել են ՍԹԵՄ դպրոցի աշակերտների հարցերին։

 

Հերթական իրազեկման սեմինարը «Դեղատոմսեր գրելու և դեղերի բաց թողնման կարգը» թեմայով

 

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչությունը կարևորելով թեմայի արդիականությունը, տեսական և գործնական նշանակությունն ու բժշկական կազմակերպությունների հետաքրքրվածությունը, 2025 թվականի մայիսի 19-ին կրկին անցկացրել է իրազեկման սեմինար՝ «Դեղատոմսեր գրելու և դեղերի բաց թողնման կարգը» թեմայով, որի ընթացքում անդրադարձ է կատարվել դեղատոմսերի դուրսգրմանը, մասնավորապես, էլեկտրոնային դեղատոմսերի ձևակերպման կարգի, ինչպես նաև դեղերի նշանակման և բաց թողնման գործընթացին վերաբերող մասնագիտական հարցերին։

Դեղերի շրջանառության վերահսկողության վարչության աշխատակիցները նաև պատասխանել են բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հարցերին։

Տեսչական մարմինը հետամուտ է շարունակել  նմանատիպ իրազեկման միջոցառումների իրականացմանը՝ նպաստելով իր վերահսկողության ոլորտում օրենսդրական պահանջների համապարփակ իրազեկմանն ու կիրառմանը։