ՀՀ կառավարությունը հաստատել է ԱԱՏՄ կողմից 2020թ․ տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների 14 ստուգաթերթերը

Կառավարությունը հաստատել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2020թ․ տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների 14 ստուգաթերթերը

Ստուգումները լինելու են առողջապահության, աշխատողների առողջության և անվտանգության ապահովման նկատմամբ՝ ռիսկի վրա հիմնված։ Ռիսկերը գնահատվել են նախապես հաստատված մեթոդաբանության համաձայն։

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված են կառավարությանը ենթակա մարմինները, որոնց թվում են նաև ՀՀ օրենքի համաձայն ստուգում իրականացնող տեսչական մարմինները՝ այդ թվում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ բոլոր ստուգումները, բացառությամբ որոշների, անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իր իրավասությունների շրջանակում մինչ այս վերահսկողությունն իրականացրել է վարչական վարույթների միջոցով։ Մինչդեռ տեսչական մարմնի կողմից օրենքով և կանոնադրությամբ վերապահված լիազորություններն ամբողջապես իրականացնելու համար անհրաժեշտ էր Կառավարության կողմից հաստատել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի պահանջից բխող ստուգաթերթերը՝ նույն օրենքով սահմանված կարգով պլանային և ոչ պլանային ստուգումներ իրականացնելու նպատակով։

Հաստատվել է գործող իրավակարգավորումների համապատասխանող նոր մշակված 14 ստուգաթերթ։ Դրանցում ներառված հարցերը ձևավորվում են նվազագույն բավարարության սկզբունքի համաձայն և չեն ընդգրկում այն պահանջները, որոնց պահպանումը չի նպաստում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունից առաջացող ռիսկերի նվազեցմանը:

Նշված պահանջը ապահովելու նպատակով նախագիծը մշակող մարմնի կողմից նախապես իրականացվել է ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջների ռիսկայնության գնահատում։ Այնուհետև, մշակված ստուգաթերթերը տնտեսավարող սուբյեկտների մոտ անցել են նախնական փորձարկում (որոշ դեպքերում՝ մեկից ավելի տնտեսավարողների մոտ) կամ դրանք քննարկվել են ոլորտի մի քանի տնտեսավարող սուբյեկտների շրջանում , որոնց ընթացքում արձանագրվել և հաշվի են առնվել վերջիններիս դիտողություններն ու առաջարկությունները, ինչի արդյունքում ստուգաթերթերում ներառվել են ոլորտի առավել ռիսկային հարցերը։

Ստուգաթերթերը վերաբերում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողության 4 բնագավառներին։ Ներկայացված 14 ստուգաթերթերով կվերահսկվեն՝

✅Սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում՝

  1. Նախադպրոցական կրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառը,
  2. Ստոմատոլոգիական պրակտիկայի սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառը,
  3. Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայությունների, հանգստյան տների գործունեության սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառը,

✅ Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառում

  1. Դեղերի մանրածախ առևտրի բնագավառը,
  2. Դեղերի, դեղանյութերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի արտադրության բնագավառը,

✅ Բժշկական օգնության և սպասարկման բնագավառում

  1. Հիվանդանոցային գործունեության (մինչև 18 տարեկան երեխաների) բնագավառը,
  2. Հիվանդանոցային գործունեության (18-ից բարձր տարիքի անձանց) բնագավառը,
  3. Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման բնագավառը,
  4. Հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման բնագավառը,
  5. Վերարտադրողական (ռեպրոդուկտոլոգիական) բժշկական օգնության և սպասարկման բնագավառը,
  6. Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորություն և փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման բնագավառը,
  7. Ստոմատոլոգիական պրակտիկայի բժշկական սպասարկման բնագավառը։
  8. Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման բնագավառը,

✅ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառում

  1. Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ընթացքում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառը, որը աշխատանքի անվտանգության ոլորտում ամենառիսկային բնագավառն է։

ՏՄ-ի սույն թվականի տարեկան ծրագրով նախատեսված են ստուգումներ շուրջ 200 տնտեսվարողի մոտ։

Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից:

Ստուգաթերթերը հետևյալ հղումով՝

Գործունեության նոր կասեցումներ`ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հիմնվելով ապրիլի 26-28-ը իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների վրա, որոշել է 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) «Սիթի» ՍՊԸ, ք. Երևան, Գարեգին Նժդեհ 13.

2) «Կալսի Բրազերս» ՍՊԸ, ք. Երևան, Արշակունյաց 44/1.

3) «Նարեկ Խաչատրյան» Ա/Ձ, ք. Երևան, Օհանովի 29/9.

4) «Հայբիզնեսբանկ» ՍՊԸ, ք. Երևան, Տերյան 69.

5) «Հայէկոնոմբանկ» ՍՊԸ, ք. Երևան, Ամիրյան 23/1.

6) «Սոս Նազարյան» Ա/Ձ, ք․ Եղեգնաձոր, Շահումյան 12/1.

7) «Ռոզա Կարապետյան» Ա/Ձ, ք․ Եղեգնաձոր, Նարեկացի 14/1.

8) «Վահագն Գրուպ» ՍՊԸ, ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Սայաթ-Նովա 9/25, 26, 27.

9) «Զիմ» ՍՊԸ, ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Նաիրյան 166 8.

10) «Գագիկ Ստեփանյան» ԱՁ, ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Նաիրյան 143 13- 14:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Կասեցումներին նախորդել են իրազեկման եւ մշտադիտարկման աշխատանքներ։

 

ԱԱՏՄ լիազորություններն ընդլայնվում են համաճարակի պայմաններում գործատու-աշխատող իրավահարաբերությունների կարգավորման մասով

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշել է, որ խմբագրական բնույթի առաջարկներ են ներկայացրել խորհրդարանի «Իմ քայլը» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները. առաջարկների մեծ մասն ընդունվել է:

Նախագծերի փաթեթով, մասնավորապես, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին արտակարգ դրության պայմաններում իրավունք է վերապահվում գրավոր դիմումների հիման վրա աշխատանքային իրավունքների նկատմամբ իրականացնել վերահսկողություն:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Աշխատանքային օրենսգրքում նախատեսվել են որոշ պարզաբանումներ եւ սահմանումներ, որոնք, ըստ զեկուցողի, կհեշտացնեն համաճարակի պայմաններում գործատու-աշխատող իրավահարաբերությունները:

Նախաձեռնությամբ սահմանվում է հեռավար եղանակով իրականացվող աշխատանքի հասկացությունը, ինչպես նաեւ հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում աշխատավարձն ամբողջությամբ վճարելու հնարավորությունը:

«Առաջարկվում է, որ հեռավար եղանակով իրականացվող աշխատանքների կազմակերպումը չհամարվի աշխատանքային պայմանագրի էական պայմանի փոփոխություն, ինչը հնարավորություն կտա գործատուներին լինել ճկուն, արագ արձագանքել հեռավար աշխատանքը կազմակերպելուն եւ ազատել գործատուին` նախապես ծանուցելու հեռավար աշխատանքի անցնելու հետ կապված:

«Սահմանվում է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդի համար գործատուն ոչ թե չի վճարում, այլ կարող է չվճարել: Այս փոփոխության պարագայում եւս գործատուն ցանկության դեպքում կարող է նշված դեպքում հարկադիր պարապուրդի ժամանակ վճարել աշխատողին:

«Մեկ այլ փոփոխության արդյունքում գործատուն իրավունք չի ունենա լուծել աշխատանքային պայմանագիրը կամ կարգապահական տույժ կիրառել այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր իրավիճակով պայմանավորված չեն կարողանում ներկայանալ աշխատանքի կամ ներկայանում են աշխատանքի ավելի ուշ:

«Նախատեսվում է նաեւ, որ մինչեւ ուսումնական (այդ թվում` նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների` չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատողի աշխատանքից երկու ժամ ուշանալու դեպքում աշխատավարձը վճարել ամբողջությամբ, իսկ երկու ժամից ավել ուշանալու դեպքում վճարել փաստացի կատարած աշխատանքի համար:

Արման Ուդումյանի տեղեկացմամբ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ Աշխատանքային օրենսգրքերում առաջարկվող փոփոխության համաձայն` Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին արտակարգ դրության պայմաններում իրավունք է վերապահվում անձանց, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված բողոքների հիման աշխատանքային իրավունքների նկատմամբ իրականացնել վերահսկողություն: