Խորհրդարանը քննարկում է համաճարակի պայմաններում գործատու-աշխատող իրավահարաբերություններին եւ ԱԱՏՄ լիազորություններն ընդլայնելուն առնչվող նախագիծ

Խորհրդարանն ապրիլի 28-ի իր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշել է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ իրականացնել Աշխատանքային եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում:

Փոխնախարարի խոսքով` Աշխատանքային օրենսգրքում նախատեսվել են որոշ պարզաբանումներ եւ սահմանումներ, որոնք, ըստ զեկուցողի, կհեշտացնեն համաճարակի պայմաններում գործատու-աշխատող իրավահարաբերությունները:

Նախաձեռնությամբ սահմանվում է հեռավար եղանակով իրականացվող աշխատանքի հասկացությունը, ինչպես նաեւ հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում աշխատավարձն ամբողջությամբ վճարելու հնարավորությունը:

Առաջարկվում է, որ հեռավար եղանակով իրականացվող աշխատանքների կազմակերպումը չհամարվի աշխատանքային պայմանագրի էական պայմանի փոփոխություն, ինչը հնարավորություն կտա գործատուներին լինել ճկուն, արագ արձագանքել հեռավար աշխատանքը կազմակերպելուն եւ ազատել գործատուին` նախապես ծանուցելու հեռավար աշխատանքի անցնելու հետ կապված:

Սահմանվում է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդի համար գործատուն ոչ թե չի վճարում, այլ կարող է չվճարել: Այս փոփոխության պարագայում եւս գործատուն ցանկության դեպքում կարող է նշված դեպքում հարկադիր պարապուրդի ժամանակ վճարել աշխատողին:

Մեկ այլ փոփոխության արդյունքում գործատուն իրավունք չի ունենա լուծել աշխատանքային պայմանագիրը կամ կարգապահական տույժ կիրառել այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր իրավիճակով պայմանավորված չեն կարողանում ներկայանալ աշխատանքի կամ ներկայանում են աշխատանքի ավելի ուշ:

Նախատեսվում է նաեւ, որ մինչեւ ուսումնական (այդ թվում` նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների` չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատողի աշխատանքից երկու ժամ ուշանալու դեպքում աշխատավարձը վճարել ամբողջությամբ, իսկ երկու ժամից ավել ուշանալու դեպքում վճարել փաստացի կատարած աշխատանքի համար:

Արման Ուդումյանի տեղեկացմամբ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ Աշխատանքային օրենսգրքերում առաջարկվող փոփոխության համաձայն` Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին արտակարգ դրության պայմաններում իրավունք է վերապահվում անձանց, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված բողոքների հիման աշխատանքային իրավունքների նկատմամբ իրականացնել վերահսկողություն:

Օրենսդիրները, վկայակոչելով օրենսգրքի համապատասխան դրույթները, բարձրաձայնել են աշխատողների իրավունքների պաշտպանությանը, գործատուների կողմից նրանց իրավունքների խախտման դեպքերին, արտակարգ դրության պայմաններում պետության կողմից ձեռնարկվող քայլերին, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին որոշակի լիազորություններ օժտելու նպատակահարմարությանը վերաբերող խնդիրներ:

Եզրափակիչ ելույթում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը վստահեցրել է, որ երկրորդ ընթերցումից առաջ կլինի նախագծի առավել համապարփակ տարբերակ:

Օրվա ավարտին պատգամավորները քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունել են «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Այն կդրվի երկրորդ ընթերցման։

Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատանքներն՝ ուշադրության կենտրոնում

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ վերջինիս օգնական Աշոտ Ասատրյանը, ԱԱՏՄ «Շիրակ» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետ Վահե Անդրյանը, «Զվարթնոց» օդանավակայանի բժիշկ համաճարակաբաններ Հայկ Կարապետյանը և Արման Ավետիսյանն այցելել են սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետեր՝ Բագրատաշեն․ Բավրա, Այրում-Ջիլիզա, Գոգավան, Շիրակ։

Աշխատանքային այցի ընթացքում քննարկվել են աշխատանքային ընթացիկ հարցեր, ճշգրտվել են մասնագիտական և անհրաժեշտ պարագաների առկա քանակները։

Հունվարի 24-ից ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերն աշխատում են ուժեղացված ռեժիմով։

Աշխատանքային անվտանգության ի°նչ նորմերով պետք է աշխատեն այսօրվանից գործող առեւտրի կետերն ու կազմակերպությունները

 

Կարեւոր մանրամասներ ՀՀ պարետի նոր որոշումից.

Հավելված N 3-ում կատարվել են հետևյալ փոփոխությունները՝

1) 8-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ՝

«Այն կազմակերպություններում, որտեղ աշխատանքային տարածքը հնարավորություն չի տալիս պահպանել սոցիալական հեռավորությունը, արտակարգ դրության ժամանակահատվածում պետք է սահմանվի հերթափոխային աշխատանք ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխան:

Յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխից հետո աշխատանքային տարածքում պետք է իրականացվեն ախտահանիչ միջոցառումներ»:

2) «Աշխատանքի կազմակերպումը» բաժնի 3-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.

«Կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվող աշխատակիցների (65 և բարձր տարիքի անձինք, քրոնիկ շնչառական հիվանդություններ (ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (COPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ), սրտի քրոնիկ հիվանդություն (սրտի անբավարարություն), երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություններ (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած) և շաքարային դիաբետ ունեցող անձինք) աշխատանքը կազմակերպել բացառապես հեռավար եղանակով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ապահովել աշխատանքի չներկայանալը՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները»:

3) «Աշխատանքի կազմակերպումը» մասի 4-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ խմբագրությամբ՝

«20 քառակուսի մետր և ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում պահպանել սոցիալական հեռավորություն՝ ապահովելով յուրաքանչյուր անձի համար 8 քառակուսի մետրից ոչ պակաս տարածք, իսկ մինչև 20 քառակուսի մետր մակերես ունեցող առևտրի օբյեկտներում` միաժամանակ առավելագույնը 2 անձի ներկայություն»: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 23:59-ից: Պարետի ամբողջական որոշումը` https://www.gov.am/files/docs/4024.pdf։ Ըստ այդմ` Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից: