Աշխատանքային քննարկում՝ դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտի վերաբերյալ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտի վերաբերյալ։

Մասնակցել են Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների պետերը՝ մասնագիտական բաժնի պետերի հետ, իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության և դեղերի շրջանառության վերահսկողության վարչությունների պետերը։

Հանդիպմանը քննարկվել են դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտում առկա խնդիրները, փոխօգնության կարգով այլ պետական մարմիններից տեղեկատվություն հայցելու ձևաչափերը, օրակարգային այլ հարցեր։

Տեսչական մարմնի ղեկավարը հատուկ անդրադարձ է կատարել դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմսի կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ձևաթղթերի վրա դուրս գրված դեղատոմսերով իրացնելու դեպքերին՝ հաշվի առնելով ընթացիկ տարում արձանագրված խախտումների թվաքանակը։

Տեսչական մարմնի ղեկավարն՝ արձանագրված խախտումների քանակը նվազեցնելու նպատակով, դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտի մասնագետներին հանձնարարել է 2026 թվականին իրականացնել առավել շատ իրազեկման սեմինարներ՝ թե՛ դեղատնային գործունեություն իրականացնող ընկերությունների, թե՛ բժշկական կազմակերպությունների համար։

Կայացել է Տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը

2025 թվականի նոյեմբերի 25-ին կայացել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում ընդգրկված հարցերն էին՝

  • Տեսչական մարմնի 2026 թվականին նախատեսվող ստուգումների տարեկան ծրագրի քննարկում և հաստատում,
  • Տեսչական մարմնի 2026 թվականի գործունեության տարեկան ծրագրի քննարկում և հաստատում,
  • Տեսչական մարմնի Որակի ապահովման վարչության 2025 թվականի 3-րդ եռամսյակի գործունեության հաշվետվության քննարկում,
  • Տեսչական մարմնի 2025 թվականի 3-րդ եռամսյակի գործունեության կատարողանի գնահատման հաստատում,
  • Տեսչական մարմնի Որակի ապահովման վարչության 2026 թվականի գործունեության տարեկան ծրագրի քննարկում և հաստատում,
  • Տեսչական մարմնի 2026 թվականի տարեկան պահպանման ծախսերի նախահաշվին հավանություն տալը,
  • «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 6-ի N 14-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի քննարկում և հաստատում,
  • Տեսչական մարմնի կառավարման խորհրդի 2020 թվականի մայիսի 18-ի N 6-L որոշմամբ հաստատված «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ուղեցույց»–ում փոփոխությունների քննարկում և հաստատում,
  • Այլ հարցերի քննարկում:

Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը խորհրդին է ներկայացրել օրակարգով նախատեսված հարցերը և ընթացակարգային այն փոփոխությունները, որոնք կիրառության մեջ կդրվեն հաջորդող տարվա սկզբից։

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ կառավարման խորհուրդը հաստատեց ներկայացված ծրագրերն ու առաջարկված փոփոխությունները՝ ընդգծելով, որ դրանք կնպաստեն վերահսկողական գործընթացների արդյունավետության բարձրացմանը։

 

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է

Սուր շնչառական վարակների հիվանդաության սեզոնով պայմանավորված՝ հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով անհրաժեշտ է խստորեն պահպանել՝

  • ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի հուլիսի 23-ի 79-Ն հրամանով հաստատված «Սուր շնչառական վարակների, գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվով,
  • ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն հրամանով,
  • ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանով սահմանված պահանջները։

 

Մասնավորապես.

 

Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում.

  • Ապահովել սուր շնչառական վարակներին, գրիպին և կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերումը՝ միջին բուժաշխատողի կողմից,  իսկ հիվանդացության սեզոնային բարձրացման ընթացքում Լիազոր մարմնի առաջարկությամբ սահմանվում է «համաճարակային ֆիլտր»՝ ուսումնական հաստատության բուժաշխատողի կողմից սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով սովորողների և աշխատակիցների մուտքը բացառելու նպատակով։
  • Առավոտյան ընդունելության ժամանակ ծնողներից հարցման եղանակով տեղեկանալ երեխայի առողջական վիճակի մասին։
  • Զննման ժամանակ հայտնաբերված հիվանդ և հիվանդության կասկածով երեխաներին չընդունել կազմակերպություն, օրվա ընթացքում հայտնաբերված վատառողջ երեխաներին մեկուսացնել՝ տեղեկացնելով համապատասխան առողջության առաջնային պահպանման կենտրոնին,
  • Ամեն օր օդափոխել տարածքը,
  • Օդի ջերմային ռեժիմի հսկողությունը իրականացնել սենքերի պատերի ներքին մակերեսին, 0,8-ից 1,2մ բարձրության վրա ամրացված կենցաղային ջերմաչափերի (սնդիկ չպարունակող) միջոցով՝ ապահովելով հաստատության սենքերի օդի ջերմաստիճանի նորմերը,
  • Հնարավորինս սահմանափակել զանգվածային միջոցառումների իրականացումը,
  • Պահպանել խմբային մեկուսացումը. սահմանափակել երեխաների միջխմբային շփումները,
  • Կատարել ամենօրյա խոնավ մաքրում օրը 2 անգամ և մակերեսների, այդ թվում՝ դռների բռնակների, սեղանների, ձեռքով հաճախակի հպվող այլ մակերեսների, ձեռքերի ախտահանում՝ ախտահանիչ միջոցներներով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով,
  • Հիվանդացած երեխաներին թույլատրել հաճախել ապաքինումից հետո՝ առողջության առաջնային պահպանման հաստատության կողմից տրված տեղեկանքով։

 

Բժշկական օգնություն և սպասարկում իրականցնող կազմակերպություններում.

  • Սուր շնչառական վարակներին բնորոշախտանշաններ ունեցող և հոսպիտալացված պացիենտների հետ անմիջական շփում (պացիենտի զննություն, խնամք, բժշկական օգնություն և սպասարկում) ունեցող բուժանձնակազմը կրում է բժշկական դիմակ, իսկ վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի և շտապ բուժօգնության բաժանմունքներում աշխատող (հերթապահող) բուժանձնակազմը, որը կատարում է աերոզոլների առաջացմամբ միջամտություններ, կրում է շնչադիմակ (N95, FFP2), միանվագ օգտագործման ձեռնոց, խալաթ, բժշկական գլխարկ, ակնոց:
  • Իրականացվում է ձեռքերի հիգիենա, բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրում, ախտահանում, նախամանրէազերծում և մանրէազերծման գործընթաց, ինչպես նաև  թափոնների վարում համաձայն՝ Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների,
  • Սուր շնչառական վարակներով պացիենտների խնամակալները կրում են բժշկական դիմակ և խնամակալության ողջ ընթացքում չի թույլատրվում դուրս գալ բժշկական կազմակերպության տվյալ բաժանմունքից։
  • Սուր շնչառական վարակների սեզոնի ողջ ընթացքում սահմանափակվում է այցելուների մուտքը բժշկական կազմակերպություն՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 365-Ն հրամանի,
  • Բժշկական կազմակերպության մուտքի դռների, հիվանդասենյակի մոտ փակցվում է ցուցանակ իրականացվող միջոցառումների վերաբերյալ,
  • Սահմանափակվում է պացիենտների տեղաշարժը բաժանմունքից դուրս,
  • Անհրաժեշտության դեպքում՝ բժշկական կազմակերպություններում իրականացվում է բաժանմունքների վերապրոֆիլավորում` փուլ առ փուլ պացիենտների հոսպիտալացման համար, լրացուցիչ մահճակալների ծավալում՝ սուր շնչառական վարակներով, հետգրիպային բարդություններով, ծանր սուր շնչառական վարակներով պացիենտների հոսպիտալացումն իրականացնելու համար:

 

Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում.

  • Հնարավորության դեպքում առանձնացվում է բժշկի աշխատասենյակ` սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով պացիենտների ընդունման և հաշվառման համար,
  • Բնակչության շրջանում բժշկական և հանրային առողջապահական գիտելիքների տարածման, առողջ ապրելակերպի քարոզչության իրազեկման աշխատանքների ուժեղացում՝ հատուկ ուշադրություն դարձնելով սուր շնչառական վարակների կանխարգելման և պացիենտների բժշկական օգնության ցուցաբերման հարցերին։