Տեսչական մարմնի կողմից իրականացվող այցերը ճամբարներ շարունակվում են

«Իրազեկում ճամբարականների համար» նախաձեռնության շրջանակներում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանն այս անգամ այցելել է Հանքավանի «Արագած» և «Հեքիաթային կիրճ» ճամբարներ, որտեղ իրականացրել է իրազեկման սեմինար ճամբարական երեխաների, ինչպես նաև՝ անձնակազմի համար։

Այցին մասնակցել են հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, արևելյան տարածքային կենտրոնի բաժնի պետ Նելլի Աբրահամյանը։

Թագուհի Հակոբյանը ճամբարների անձնակազմի հետ քննարկել է Տեսչական մարմնի լիազորությունների շրջանակներում գտնվող և ճամբարների գործունեությանն առնչվող օրենսդրական պահանջները, պարզաբանել է աշխատակիցների կողմից ներկայացված մի շարք հարցադրումներ։

Հետաքրքիր քննարկում է ծավալվել երեխաների հետ. վերջիններս ծանոթացել են Տեսչական մարմնի գործառույթներին, առավել կարևորություն ունեցող վերահսկողական գործընթացներին, ինչպես նաև՝ ուսումնական հաստատություններին ներկայացվող օրենսդրական պահանջներին, որոնք անմիջապես առնչվում են երեխաներին։ Անդրադարձ է կատարվել առանձին վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելմանը։

Քննարկումն ընթացել է երեխաների ակտիվ ներգրավմամբ՝ հարց ու պատասխանի միջոցով, որի ընթացքում Թագուհի Հակոբյանը շփվել է երեխաների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող բազմաբնույթ հարցերին։

Հարկ է նշել, որ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի այցելած՝ Հանքավանի «Լուսաբաց», «Հասմիկ», «Արագած» և «Հեքիաթային կիրճ» ճամբարներում իրենց հանգիստն են անցկացնում դպրոցահաuակ երեխաների 2025 թվականի ամառային հանգuտի կազմակերպման ծրագրից օգտվելու իրավունք ունեցող ընտանիքների երեխաները։ Ծրագրից օգտվելու իրավունքը  սահմանված է ՀՀ վարչապետի համապատախան որոշմամբ, իսկ ծրագիրն իրականցվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

 

Իրազեկում ճամբարականների համար

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանն այցելել է Հանքավանի «Լուսաբաց» և «Հասմիկ» ճամբարներ, որտեղ իրականացրել է իրազեկման սեմինար ճամբարական երեխաների համար։

Այցին մասնակցել են հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, արևելյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Մարտիրոսյանը և կենտրոնի բաժնի պետ Նելլի Աբրահամյանը։

Երեխաները ծանոթացել են Տեսչական մարմնի գործառույթներին. այդ շրջանակներում ներկայացվել են մի շարք սանիտարական նորմերի և կանոնների առանձին պահանջներ, այդ թվում՝ հենց դպրոցահասակ երեխաներին առնչվող։ Մասնավորապես՝ պարզաբանվել են խմելու ջրի նկատմամբ Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողութան կարևորությունը, մեկնաբանվել են դպրոցում դասացուցակի կազմմանը, պայուսակների ծանրաբեռնվածությանը, երեխաների հասակային առանձնահատկություններին համապատասխան նստեցմանը և վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն առնչվող մի շարք նորմեր։

Սեմինարի ընթացքում ծավալվել է բավականին հետաքրքիր ինտերակտիվ քննարկում, որի ընթացքում Թագուհի Հակոբյանը շփվել է երեխաների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։

Սեմինարի ավարտից հետո Տեսչական մարմնի ներկայացուցիչները պատասխանել են ճամբարների ղեկավարության և սպասարկող անձնակազմի՝ Տեսչական մարմնի լիազորություններին առնչվող հարցերին։

 

Աշխատանքի տեսչական մարմինների միջազգային ասոցիացիայի (ԱՏՄՄԱ / IALI) Գործադիր կոմիտեի հերթական նիստը

2025 թվականի հունիսի 20-ին Հռոմում (Իտալիայի Հանրապետություն), Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը՝ որպես փոխնախագահ, մասնակցել է Աշխատանքի տեսչական մարմինների միջազգային ասոցիացիայի (IALI) Գործադիր կոմիտեի հերթական նիստին, որին մասնակցել են նաև IALI նախագահ Հո Սիոնգ Հինը (Սինգապուր), գլխավոր քարտուղար Անա Էրկորեկան (Իսպանիա), գանձապետ Քրիստոֆ  Իսելիին (Շվեյցարիա) և ևս 3 փոխնախագահներ (ԱՄՆ, Ֆրանսիա, Նորվեգիա)։

Նիստին քննարկվել են ոլորտի զարգացմանը միտված արդիական հարցեր, այդ թվում՝ ներկայացվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 113-րդ համաժողովի ժամանակ քննարկված թեմաները, «Օսակա 2025» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում իրականացվող նախաձեռնությունները, Կանադայում իրականացվող IBOR ծրագիրը, ինչպես նաև ֆինանսական և ընթացիկ կազմակերպչական հարցեր։

IALI-ը համախմբելով շուրջ 100 երկրների տեսչական մարմինների միտված է աշխարհի տարբեր երկրների միջև փորձի փոխանակմանը, աշխատողների իրավունքների պաշտպանությանը, փոխգործակցության խորացմանը և ինքնին հանդիսանում է աշխատանքի ոլորտում գործող տեսչական մարմինների միավորման առանցքային հարթակ՝ վերահսկողության ընթացքում առաջացած խնդիրների քննարկման և անհրաժեշտ հանգուցալուծման, ինչպես նաև մասնագիտական կարողությունների զարգացման համար։