Հատուկ ուշադրություն՝ պարբերական բուժզննության անցկացման կարգին․ ԱԱՏՄ խստիվ հորդորը՝ գործատուներին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) հորդորում է տնտեսավարողներին՝ հատուկ ուշադրություն դարձնել պարբերական բժշկական զննության անցկացման կարգի պահպանմանը։ Հիմք ընդունելով մտահոգիչ վիճակագրությունն առ այն, որ տեսչական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտների հանդեպ հարուցված վարչական վարույթների մեծ մասի դեպքում արձանագրվում են նշված կարգի խախտումներ՝ ԱԱՏՄ-ն խիստ միջոցներ է ձեռք առնելու։

Աշխատանքի վայրում մասնագիտական ռիսկի գործոնների ազդեցությանը ենթարկվող աշխատողները մինչև աշխատանքի ընդունվելը և աշխատանքի ընթացքում պարբերաբար պետք է բժշկական զննություն անցնեն։

 

  • Գործատուն պարտավոր է ոչ ուշ, քան մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 1-ը տեսչական մարմնին ներկայացնել ու համատեղ որոշել պարբերական բժշկական զննության ենթակա աշխատողների թիվը։

Տեսչական մարմինն իրականացնում է հսկողություն նախնական և պարբերական բժշկական զննության ենթակա բոլոր աշխատողների պարտադիր բժշկական զննության ենթարկվելու և այն ժամանակին անցկացնելու նկատմամբ:

Կազմակերպության տնօրինությունը պատասխանատվություն է կրում նախնական և պարբերական բժշկական զննություն չանցած, ինչպես նաև բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելու համար:

  • Պարբերական բուժզննություն անցկացնող բժշկական կազմակերպությունը պարտավոր է բուժզննման ամփոփ արդյունքները եզրափակիչ ակտով 15-օրյա ժամկետում գրավոր ներկայացնել կազմակերպություն և տեսչական մարմին:

Մասնագիտական ռիսկի գործոնների ազդեցությանը ենթարկվող աշխատողների ցանկում են, մասնավորապես, վնասակար քիմիական նյութերի հետ շփվող, արտադրական աղմուկի, ճառագայթման աղբյուրների պայմաններում, մեխանիկական սարքերի ու հաստոցների վրա, հանքարդյունաբերության ոլորտում աշխատողները և այլն։ Նրանց ցանկը հաստատված է կառավարության 1089-Ն որոշմամբ։ Բուժզննմամբ պետք է պարզվի հանձնարարվող աշխատանքներին աշխատողների առողջության համապատասխանությունը։

  • Գործատուն պարտավոր է հետամուտ լինի աշխատանքի վայրում մասնագիտական ռիսկի գործոնների ազդեցությանը ենթարկվող աշխատողների նախնական և պարբերական բժշկական զննության անհրաժեշտ ծավալով և որակով կատարմանը։

Սա հնարավորություն կտա կանխել աշխատողների առողջական վիճակով պայմանավորված դժբախտ պատահարները և մասնագիտական հիվանդությունները և խուսափել վարչական պատասխանատվությունից:

Պարտադիր նախնական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելը, ինչպես նաեւ պարտադիր պարբերական բժշկական զննություննչանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից հիսնապատիկի չափով։

Դժբախտ դեպքերի կամ մասնագիտական հիվանդությունների հետևանքով ծագած դրամական պահանջները՝ կապված աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հետ, հատուցում է գործատուն` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սահմանային անցակետերում կասկածելի վարակի դեպքեր չեն գրանցվել

ՀՀ պետական սահմանի անցման կետերում վերջին օրերին որեւէ կասկածելի դեպք չի արձանագրվել՝ կապված կորոնավիրուսին բնորոշ ախտանշանների հետ։ Չինաստանից եկող ուղեւորահոսքի մեջ որեւէ անձի մոտ ջերմություն չի արձանագրվել։

Համաճարակային տեսակետից անբարենպաստ երկրներից, մասնավորապես, Չինաստանից ՀՀ ժամանող ուղևորներին տրամադրվում են «Հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորների բնակավայրի հասցեական քարտեր»։ Դրանք լրացվում են օդանավերում և, ժամանելուն պես, տրամադրվում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի բժշկասանիտարական հսկիչ կետերի բուժանձնակազմին։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը օդային եւ ցամաքային բոլոր սահմանակետերում մշտական հսկողություն են իրականացնում ՀՀ ժամանող ուղևորների (այդ թվում՝ տարանցիկ) նկատմամբ՝ իրականացնելով հարցում, հեռահար էլեկտրոնային ջերմաչափում, անհրաժեշտության դեպքում՝ բժշկական օգնության կազմակերպում՝ նշված վարակի տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով։

Չինաստանում ի հայտ եկած «2019թ․ նոր կորոնավիրուսային» վարակի Հայաստան հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ առողջապահության եւ Արտաքին գործերի նախարարություններն ու ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն համագործակցում են՝ հետեւելով միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվությանը։

ՀՀ ԱԳՆ կոչին արձագանքելով՝ Չինաստանում Հայաստանի դեսպանության հետ կապ է հաստատել այդ երկրում գտնվող կամ բնակվող շուրջ 400 ՀՀ քաղաքացի։ Նրանցից որեւէ մեկը առողջական վիճակի հետ կապված խնդրի մասին չի հայտնել։

Կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու եւ դրա վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվում

Չինաստանում արձանագրված նոր #կորոնավիրուսի (2019-nCoV) դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) մի շարք քայլեր է ձեռնարկել։

Տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը մշտական հսկողություն են իրականացնում Հայաստան ժամանողների նկատմամբ՝ օդային եւ ցամաքային սահմանը հատող բոլոր անձանց հանդեպ իրականացնելով ավտոմատ ստացիոնար ջերմաչափում եւ արտաքին զննում։

ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը հսկիչ կետերի ղեկավարների հետ քննարկել է իրականացվող աշխատանքների ընթացքը եւ հարկ եղած դեպքում ուժեղացված ռեժիմի անցնելու անհրաժեշտ քայլերը։

Եթե ՀՀ սահմանը հատող անձի մոտ առկա են ջերմություն, ինչպես նաեւ վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական այլ ախտանշաններ, ԱԱՏՄ աշխատակիցների կողմից ուղեւորը մեկուսացվում է՝ անձնակազմի եւ մյուս ուղեւորների հետ շփումը սահմանափակելու նպատակով։ Վերցվում եւ արձանագրվում են նրա տվյալները՝ դրանք փոխանցելու տվյալ անձի գրանցման կամ բնակության վայրի պոլիկլինիկա՝ հետագա վարումն իրականացնելու նպատակով։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը Առողջապահության նախարարության հետ համատեղ ձեռնարկել է նաեւ իրազեկման մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում տեղադրվել են տեղեկատվական պաստառներ, որոնց միջոցով տեղեկացվում է նոր վիրուսի, դրանով չվարակվելու եւ դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու անհրաժեշտ քայլերի մասին։ Մասնավորապես,

  • միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
  • գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ,
  • Չինաստանից վերադառնալիս գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում դիմել բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին:

ԱՆ փոխանցմամբ՝ հունվարի 23-ի դրությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի հայտարարել հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ, քանի որ դեպքերն, ըստ կլինիկական բնորոշման, «մեղմ» են, տեղայնացման աշխատանքներն արդյունավետ են, և արտակարգ իրավիճակը դիտվում է միայն Չինաստանում։

«Tax stamp» բջջային անվճար հավելվածով կարելի է հայտնաբերել կասկածելի դեղերը․ նման դեպքերում հարկ է դիմել ԱԱՏՄ

Դեղերի շուկայում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողության ընթացքում պարզվել է, որ բազմաթիվ կազմակերպություններ, որոշ դեպքերում չունենալով նույնիսկ սեփական պահեստներ, ԵԱՏՄ անդամ երկրներից գործող օրենսդրության պահանջների խախտմամբ՝ առանց փորձաքննության և Առողջապահության նախարարության կողմից տրվող համապատասխանության հավաստագրի, մեծածախ ծավալներով ներմուծում, ազատորեն դրոշմապիտակավորում և իրացնում են բազմաթիվ՝ որակի, անվտանգության և արդյունավետության առումով կասկած հարուցող, ինչպես նաև հնարավոր չգրանցված, գրանցված, բայց որակազրկված, կեղծ, հոգեմետ և հսկվող դեղեր։

Ըստ այդմ, առանց Առողջապահության նախարարության կողմից փորձաքննության ենթարկվելու, ՀՀ պետական սահմանը անարգել հատելով՝ դեղերը միանգամից (ի տարբերություն 3-րդ երկրներից կատարվող ներմուծումների, երբ առանց Առողջապահության նախարարարության թույլտվության դեղերը չեն կարող մաքսազերծվել) տեղափոխվում են սեփական պահեստներ կամ ուղղակի դրոշմապիտակավորվելով անհայտ պայմաններում և հասցեներում, հաշիվ-ապրանքագրերով իրացվում են:

Բացի պետական տուրքերը և փորձաքննության գումարները չվճարվելուց՝ վտանգի տակ է դրվում նաև բնակչության առողջության պահպանումը, դեղի գրանցման և ներմուծման ընթացակարգերի ամբողջ ինստիտուտը:

Տեսչական մարմնի ներկայիս վերահսկողական գործիքակազմը թույլ չի տալիս ապահովել դեղերի շրջանառության ոլորտում արդյունավետ և կանխարգելիչ վերահսկողություն, և, հետևաբար, չեն կարող երաշխավորել անվտանգ ու վերահսկելի դեղերի շուկա, քանի որ ներմուծման ներկայումս գործող ընթացակարգերը թույլ են տալիս ոչ բարեխիղճ ներմուծողներին «օգտվել» առկա հնարավորություններց և, մոռանալով անվտանգության մասին, առաջնորդվել միայն կոմերցիոն շահերով։

Նշված խնդիրները կարգավորելու եւ դեղերի շուկան վերահսկելի դարձնելու նպատակով կառավարությունը հաստատեց «Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Ըստ այդմ՝ «Վերո սիսթեմ» և «Մեկ պատուհան» համակարգերը ծրագրով կփոխկապակցվեն։ «Tax stamp» անվճար ներբեռնվող հավելվածում առկա տվյալների մեջ կավելացվի նոր ֆունկցիա՝ ցանկացած դեղի փորձաքննություն անցած լինելը տեղում պարզելու նպատակով։ Բջջային այս հավելվածով անհնար կդառնա չհավստագրված դեղի դրոշմապիտակավորումը։

«Tax Stamp» հավելվածով դեղը սկանավորելիս հնարավոր կլինի ցանկացած դեղի հավաստագրված և անվտանգ լինելը պարզել թե՛ ստուգողի, թե՛ դեղատան, թե՛ սպառողի կողմից ցանկացած վայրում՝ առանց դեղը լրացուցիչ փորձաքննության ուղարկելու, որը ամբողջ շուկան հնարավորինս զերծ կպահի չհավաստագրված դեղերի շրջանառությունից։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դիմում է դեղերի շրջանառության սուբյեկտներին և քաղաքացիներին՝ հնարավորինս կիրառել «Tax stamp» անվճար ներբեռնվող հավելվածը, իսկ դեղերի հետ կապված բոլոր կասկածելի դեպքերի մասին տեղեկացնել ԱԱՏՄ։

Այսպիսով կբացառվի ԵԱՏՄ անդամ երկրներից դեղերի ներմուծման ժամանակ (երբ բացակայում է մաքսային հսկողությունը և դեղերը ազատորեն տեղափոխվում են ընկերության պահեստներ) «Միասնական մեկ պատուհան» համակարգի և պետության կողմից սահմանված այլ ընթացակարգերի շրջանցման ակնհայտ հնարավորությունը, որից օգտվում են բազմաթիվ ոչ բարեխիղճ վարքագիծ դրսևորող ընկերություններ։

Արդյունքում, որակի փորձաքննության կենթարկվեն ներմուծվող բոլոր դեղերը, իսկ առանց Առողջապահության նախարարություն հայտ ներկայացնելու ներմուծված կամ փորձաքննության բացասական արդյունքներ արձանագրած խմբաքանակները չեն կարող դրոշմապիտակավորվել և ազատորեն իրացվել սպառողներին, ինչպես կատարվում է հիմա։

Նախագիծը մշակվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից։