Պետրոս Մարտիրոսյանը ԱԱՏՄ աշխատակազմին է ներկայացրել Տեսչական մարմնի ղեկավարի նորանշանակ տեղակալներին

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանն օրերս աշխատանքային այց է կատարել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ Նա ԱԱՏՄ աշխատակազմին է ներկայացրել Տեսչական մարմնի ղեկավարի նորանշանակ տեղակալներին։

ՀՀ վարչապետի սեպտեմբերի 19-ի որոշումներով՝ Թագուհի Հակոբյանը և Աննա Մկրտումյանը նշանակվել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոններում։

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո Պետրոս Մարտիրոսյանի առաջին աշխատանքային այցն էր ԱԱՏՄ։ Սլավիկ Սարգսյանը Համակարգման գրասենյակի ղեկավարին է ներկայացրել Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների ղեկավարներին և կենտրոնական ապարատի վարչությունների և բաժինների պետերին։

Պետրոս Մարտիրոսյանը շնորհավորել է նորանշանակ տեղակալներին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ամփոփել նորանշանակ տեղակալների կողմից կատարվող աշխատանքների ընթացքը։

 

Աշխատանքային հանդիպում` ՄԱԿ հայաստանյան գրասենյակում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը, ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և Տեսչական մարմնի Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Գոռ Հովհաննիսյանն այսօր՝ սեպտեմբերի 15-ին մասնակցել են Դատավորների և իրավաբանների համար մշակված «Միջազգային աշխատանքային իրավունք» և «Ազգային  աշխատանքային իրավունք» ուսումնական ծրագրերի մեկնարկի ազդարարման միջոցառմանը։

Դասընթացը մշակվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրերի շրջանակներում։

Ծրագրով նախատեսվում է 2024 թվականին Արդարադատության ակադեմիայում դատավորների և իրավաբանների համար անցկացնել 10 շաբաթյա դասընթացներ, որտեղ՝ ի թիվս մի շարք այլ թեմաների, ընդգծվելու է աշխատանքային վեճերի լուծման առանձնահատկությունները։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես աշխատանքային օրենսդրության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող մարմին ևս ներգրավված է ծրագրում։


Կարողությունների կատարելագործման դասընթացներ՝ ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության վերահսկողություն իրականացնող տեսուչների համար


Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) համագործակցությամբ սեպտեմբերի 14-ին՝ Իբիս Երևան հյուրանոցում՝ «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի շրջանակներում իրականացվել է ԱԱՏՄ տեսուչների վերապատրաստման հերթական դասընթացը։

Այս անգամ դասընթացներն անցկացվել են ԱԱՏՄ Երևան քաղաքի և Արևելյան տարածքային կենտրոնների աշխատանքային օրենսդրության վերահսկողություն իրականացնող տեսուչների համար։

Կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման գործընթացի այս փուլը մեկնարկել էր օգոստոսի 17-ին՝ Տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնում։

ԱԱՏՄ տարածքային կենտրոնների մասնագիտական ստորաբաժանումների տեսուչների վերապատրաստումն իրականացրել են Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի, Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը և Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Ստեփան Շահումյանը։

Բանախոսները ներկայացրել են «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքներով սահմանված ընթացակարգերի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով սահմանված դրույթների, ՀՀ աշխատանքային օրենգրքում կատարված փոփոխությունների, ՀՀ կառավարության համապատասխան որոշումների վերաբերյալ ընթացակարգային և սկզբունքային նշանակություն ունեցող թեմաներ։

«Կանանց հնարավորությունները և գենդերային հավասարությունը» թեմայով վերապատրաստվող տեսուչների հետ զրուցել է ՄԱԿ Կանայք գործակալության (UN Women) Կանանց տնտեսական հզորացման ծրագրերի պատասխանատու Օլգա Ազատյանը։

Կայացել է հարց ու պատասխան, քննարկում։ Դասընթացների արդյունավետության գնահատման նպատակով անցկացվել է նաև նախադասընթացային և հետդասընթացային թեսթային աշխատանք։

Ծրագրի շրջանակում վերապատրաստման դասընթացներ անցկացվելու են Տեսչական մարմնի տարածքային բոլոր կենտրոնների աշխատանքային օրենսդրության վերահսկողություն իրականացնող տեսուչների համար։