Հարգելի քաղաքացիներ,

Անցած տարին առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար չափազանց կարևոր տարի էր։ Կարևոր էր սկսվող և հաջորդող տարիների աշխատանքներ իրականացնելուն պատշաճ նախապատրաստվելու, վերադասավորվելու, անելիքները պլանավորելու և կազմակերպվելու առումով։ Մեր հանրության համար չափազանց կարևոր ոլորտներում վերահսկողություն իրականացնելու լիազորություն ու պարտականություն ունեցող կառույցը, ցավոք, ժառանգել եմ բարդ ու չլուծված խնդիրների մեծ պաշարով։

Պաշտոնը ստանձնելուցս ընդամենը օրեր հետո, երբ մարզային այցերից, գույքագրումից հետո բացահայտեցի, որ մեր Տեսչական մարմնի հաստատված 280 հաստիքից համալրված է 193-ը, իսկ այդքան աշխատակցից 82-ը չունի համակարգիչներ, սեղաններ, գրասենյակային և այլ նվազագույն աշխատանքային պայմաններ։ Չկար հաստատված գործունեության ծրագիր, չկար ստուգումների տարեկան ծրագիր, կանոնակարգված չէին սահմանային հսկիչ կետերի աշխատանքները, չունեինք բողոքների ընդունման կարգ, վարույթների վարման մատյաններ և այլ տեխնիկական, տրանսպորտային միջոցներ՝ նվազագույն, կենսական աշխատանքային պայմաններ ապահովելու համար։

Այս կարճ ժամանակահատվածում մենք, վերականգնելով աշխատանքային կառուցողական մթնոլորտը, Տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամների հետ, ինտենսիվ աշխատելով մեր գործընկեր գերատեսչությունների հետ, ունենալով վարչապետի աշխատակազմի պատրաստակամությունը՝ խնդիրներին արագ արձագանքելու և դրանք օպերատիվ լուծելու հարցում, կարողացանք բավարար չափով նախապատրաստվել 2020 թվականի աշխատանքներին։

Կարևոր է, որ կարողացանք նաև փոխել անձնակազմի մոտեցումներն իրենց աշխատանքի, միմյանց նկատմամբ հարգանքի, վստահության, փոխօգնության մթնոլորտ ձևավորելու, «մերոնք-ձերոնքները» վերացնելու առումով։ Հաջողվեցին մեկ միասնական թիմ դառնալուն ուղղված շարունակական միջոցառումները։

Ինչպես թվարկված է՝ սկսվող 2020 թվականին ԱԱՏՄ-ով՝ որպես ավելի կանոնակարգված, սիմետրիկ, տրամաբանական և կարգապահ թիմով, փորձելու ենք հանդես գալ ավելի կարգապահ, ավելի գրագետ և կանոնակարգված գործողություններով։

Մենք սկսում ենք 2020 թվականը՝

  • Հաստատված գործունեության ծրագրով,
  • Հաստատված և հրապարակված Տարեկան ստուգումների ծրագրով,
  • Համալրված նվազագույն տեխնիկական պայմաններով,
  • Մի շարք այլ նախապատրաստական միջոցառումներ իրականացրած։

Սկսվող տարին փորձության տարի է լինելու մեր Տեսչական մարմնի համար։ Առաջին անգամ իրականացնելու ենք պլանային ստուգումներ, որոնք պետք է լինեն բարձր պրոֆեսիոնալ մակարդակի միջոցառումներ։ Մենք պետք է շատ լրջորեն նախապատրաստվենք 2021թ-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող աշխատանքային իրավունքների նկատմամբ վերահսկողական գործառույթների ընդլայնմանը, որն այս տարի հավանության արժանացավ կառավարության և ընդունվեց ազգային ժողովի մեր գործընկերների կողմից։ Երկար տարիներ չեղարկված վերահսկողական գործառույթները վերսկսելը ևս լուրջ մարտահրավեր է՝ առանց նեղացնելու մեր երկրում արդյունք ստեղծող գործարարին/գործատուին։

Հաշվի առնելով մեր Տեսչական մարմնի կանոնադրությամբ և ՀՀ օրենսդրությամբ մեզ վերապահված լիազորությունների հիմնական շրջանակը՝

  • Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության նկատմամբ վերահսկողությունը,
  • Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության նկատմամբ վերահսկողությունը,
  • Բժշկական օգնության և սպասարկման բժշկական փաստաթղթերի լրացման և դրանց պահպանման նկատմամն վերահսկողությունը,
  • Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի նկատմամբ վերահսկողությունը,

մենք շատ լավ գիտակցում ենք թե որքան կարևոր է մեր աշխատանքի որակը մեր հանրության ամենալայն շերտերի համար։ Այս առումով մենք շատ կարևորում ենք մեր քաղաքացիների վերահսկողությունը մեր աշխատանքի նկատմամբ։ Ձեր պահանջատեր լինելու ակտիվությունը մշտապես զգոն պետք է պահեն մեր Տեսչական մարմնի աշխատակիցներին, որոնք ամեն օր ծառայում են հանուն Ձեր առողջության և անվտանգության ապահովման։

Վստահ եմ, որ սկսվող տարում մեր Տեսչական մարմնում գործակվող նոր Թեժ գծի, բողոքների ընդունման, տնտեսավարողների ռիսկերի գնահատման համակարգերը ավելի սերտ կդարձնեն մեր կապը ՀՀ քաղաքացու հետ։

Իմ և Տեսչական մարմնի անունից շնորհավորում եմ Ձեր և Ձեր ընտանիքների Ամանորն ու Սուրբ ծնունդը,

Եղեք առողջ և անվտանգ սկսվող տարում,
Շնորհակալություն համագործակցության համար,
Հարգանքով՝ Հակոբ Ավագյան

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն Ամանորին սահմանային կետերում կաշխատի ուժեղացված ռեժիմով

Ամանորի շրջանում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կաշխատի ուժեղացված ռեժիմով՝ ունենալով ամենօրյա հերթապահներ։

Ելնելով հանգստի շրջանում երկրից մեկնողների ու երկիր ժամանողների մեծ հոսքից՝ սահմանին՝ հատկապես դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի եւ Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում, ուժեցված հսկողություն կիրականացվի երկրից մեկնողների եւ ժամանողների հանդեպ՝ ուշադրության առնելով վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական նշանները եւ ավտոմատ ջերմաչափում կատարելով։

Նույն կերպ վերահսկողությունը կուժեղացվի նաեւ օդային սահմանով երկիր մտնողների հանդեպ՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի ստացիոնար ջերմաչափերի միջոցով։

Իսկ Ամանորի շրջանին բնորոշ սննդային թունավորումների արձանագրման դեպքում տեսչական մարմինը կարձագանքի իր լիազորությունների շրջանակում։

Պահպանել աշխատակիցների պարբերաբար բուժզննման պահանջները. ԱԱՏՄ-ն զգուշացնում է բուժհիմնարկներին

 

Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջները` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, իր վերահսկման ոլորտում հնարավոր խախտումները կանխելու և հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով տեղեկացնում է՝

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի15-ի N 1089-Ն որոշման համաձայն` այն աշխատողները, ովքեր աշխատանքի վայրում կարող են ենթարկվել մասնագիտական ռիսկի գործոններին, պարտավոր են մինչև աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերաբար անցնել բժշկական զննություն։

 

  • Օրենսգիրքի 249-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության ենթակա մասնագիտությունների, աշխատանքների ցանկը, ինչպես նաև բժշկական զննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,
  • ՀՀ կառավարության կողմից 2004 թվականի հուլիսի 15-ի 1089-Ն որոշմամբ սահմանվել է «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը,
  • Որոշման N1 Հավելվածի 3-րդ կետի համաձայն` աշխատողների նախնական և պարբերական բժշկական զննությունն անցկացվում է բժշկական կազմակերպության կողմից։
  • Որոշման N1 Հավելվածի 8-րդ կետի համաձայն` նախնական և պարբերական բժշկական զննություն իրականացնող բժշկական կազմակերպության տնօրինությունն իր հրամանով ստեղծում է բժշկական զննություն անցկացնող հանձնաժողով, որոշում հանձնաժողովի աշխատանքի կարգը, պատասխանատվություն է կրում նրա աշխատանքի որակի համար, կազմակերպում է լաբորատոր, գործիքային և ֆունկցիոնալ հետազոտությունների` անհրաժեշտ ծավալով և որակով կատարումը,
  • Որոշման N1 Հավելվածի 10-րդ կետի համաձայն` Տեսչական մարմինն իրականացնում է հսկողություն նախնական և պարբերական բժշկական զննության ենթակա բոլոր աշխատողների պարտադիր բժշկական զննության ենթարկվելու և այն ժամանակին անցկացնելու նկատմամբ:
  • Որոշման N1 Հավելվածի 17-րդ կետի համաձայն` բժշկական կազմակերպությունը պարբերական բժշկական զննության ամփոփ արդյունքները` եզրափակիչ ակտով, 15-օրյա ժամկետում գրավոր ներկայացնում է կազմակերպություն և Տեսչական մարմին։

Ելնելով վերոգրյալից և կարևորելով արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության հետ կապված աշխատանքի ընդունվող անձանց` հանձնարարվող աշխատանքներին նրանց առողջության համապատասխանության որոշման, այդ գործոնների ազդեցությանը ենթարկվող աշխատողների առողջական վիճակի դինամիկ հսկողության, մասնագիտական հիվանդությունների կանխարգելման, դժբախտ պատահարների կանխման ու աշխատանքի անվտանգության հարցերը,

Տեսչական մարմինը առաջարկում է լաբորատոր, գործիքային և ֆունկցիոնալ հետազոտությունները կատարել անհրաժեշտ ծավալով ու որակով և եզրափակիչ ակտերը սահմանված ժամկետում ներկայացնել Տեսչական մարմին:

Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.5 հոդվածի ՝ պարտադիր նախնական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելը, ինչպես նաև պարտադիր պարբերական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով։

Նույն արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։