Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն ու Շիրակի մարզպետը խորհրդակցություն են անցկացրել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն ու Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել Շիրակի մարզի համայնքների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի և տեսչական մարմնի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։

Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանն ու Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կարևորելով նմանօրինակ հանդիպումները՝ նշել է, որ համագործակցությամբ հնարավոր կլինի արագ լուծել արձանագրված խնդիրները․ «Բոլոր հարցերն ու արձանագրված թերացումները, եղած խնդիրներն ու մտահոգությունները հնարավոր կլինի լուծել, եթե այսպես համատեղ քննարկումներ շատ լինեն, մեր համագործակցությունը վստահ եմ, որ կնպաստի հիմնահարցերի լուծմանն ու պատկան կառույցների իրազեկվածության բարձրացմանը, իսկ տեղեկացվածությունը, բնականաբար, կնպաստի բացթողումների կանխարգելմանը։ Շիրակի մարզպետի աշխատակազմը լիազորությունների և հնարավորությունների սահմանում պատրաստ է համատեղ աշխատանքի»։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն էլ անդրադարձել է համայնքներում արձանագրված խնդիրներին, դրանց արդյունքում կազմված գործերին և նշել, որ պետք է լինի հետևողական աշխատանք, Սլավիկ Սարգսյանն անհրաժեշտ է համարել խնդիրների լուծման հարցում ձեռնարկված քայլերի փաստաթղթավումն ու սահմանված պահանջների կատարումը։

Այնուհետև տեսչական մարմնի ներկայացուցիչները պատասխանել են համայնքների ղեկավարներին հետաքրքրող հարցերին՝ նշելով, որ առկա խնդիրների գույքագրում է կատարվում բոլոր մարզերում, ինչը հնարավորություն է տալու պատասխանատու կառույցների հետ քննարկման արդյունքում մի շարք հարցերի համակարգային լուծում տալ։










Աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի իրազեկման սեմինարը կկայանա փետրվարի 28-ին


Աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի իրազեկման սեմինարը կկայանա փետրվարի 28-ին, ժամը 15:00-ին։

Սեմինարի թեման՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրման նպատակով կատարված փոփոխությունները, ինչպես նաև կներկայացվի ստուգումների անցկացման հիմքերն ու ժամկետները:

Ներկայացնողներ՝
❗ Արա Մկրտչյան — Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ,

❗ Ալվարդ Արշակյան — Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ-տեսուչ:

Անցկացման վայրը՝ ք. Երևան, Շենգավիթ, Արարատյան 26, հեռ. 010 65 03 05։

Ուշադրություն․ Իրազեկման սեմինարը հետաձգվում է

Հարգելի՛ գործընկերներ,

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում այսօր՝ փետրվարի 21-ին նախատեսված Աշխատանքային օրենսդրության վերահսկողության թեմայով սեմինարը հետաձգվում է։

Սեմինարի անցկացման օրն ու ժամը կտեղեկացվի լրացուցիչ։