Ստուգայց՝ Տաշիրում․ դիտարկվել է նաև քաղաքապետարանը

 

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) հյուսիսային տարածքային կենտրոնի այսօրվա ստուգայցերը, մասնավորապես, Տաշիր քաղաքում էին՝ ներառելով նախադպրոցական ուսումնական հաստատություններ, բանկեր, առևտրի և սպասարկման սրահներ, խանութներ։

Covid-անվտանգության կանոնների պահպանումը դիտարկվել է նաև Տաշիրի քաղաքապետարանում, որտեղ առանձնակի խախտումներ չեն արձանագրվել։

Դպրոցները և մանկապարտեզները մասնակիորեն վերսկսել են իրենց աշխատանքը։ Կարևորելով դրանց համար սահմանված նորմերի պահպանումը՝ նշյալ հաստատություններն ԱԱՏՄ մասնագետների ուշադրության կենտրոնում են։ Այսօրվա դիտարկման արդյունքներով՝ մանկապարտեզներում սահմանված սանիտարահիգիենիկ կանոնները հիմնականում պահպանվում են։

ԱԱՏՄ-ն կրկին հիշեցնում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 30-ն հրամանով (Հավելված 18) նախադպրոցական հաստատությունների համար սահմանվել են առանձին կանոններ։ Ըստ այդմ՝ այս հաստատությունների ղեկավարների ուշադրությունն է հրավիրվել նորմերի պահպանման վրա։

ԱԱՏՄ՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերը սպասարկող հյուսիսային տարածքային կենտրոնի վերջին շրջանի ստուգայցերի ամփոփ պատկերը փաստում է՝ տնտեսավարողներն առավել հետևողական են կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված կանոնների պահպանման հարցում։ Սակայն դեռ արձանագրվում են որոշակի խախտումներ՝ հիմնականում տեղում շտկման ենթակա։ Դրանց շարքում են, օրինակ, գրանցամատյանները հին ձևաչափով լրացնելու թերությունները։

Տեսչական մարմնի մասնագետները ստուգայցերի ընթացքում ներկայացնում են Covid-անվտանգության կանոնները, իրազեկում ՀՀ առողջապահության նախարարի վերջին հրամանով դրանց խմբագրումների մասին։

ԱԱՏՄ ստուգայցերը շարունակվում են։

 

 

Ոչ բարվոք պատկեր, մասնավորապես, բժշկական հաստատություններում․ ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքը՝ Գեղարքունիքում և Կոտայքում

Ջերմաչափման և ախտահանման գործընթացի խախտումներ, գրանցամատյանների թերի վարում, դիմակներ չկրելու դեպքեր. նշված խախտումներն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետներն արձանագրել են Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի Աբովյան, Չարենցավան, Գավառ և Մարտունի քաղաքներում։

ԱԱՏՄ տեսուչների ստուգայցերն անցկացվել են փակ արտադրական տարածքներում, բժշկական հիմնարկներում, մանրամեծածախ առևտրի կետերում և գրասենյակներում:

Տեսչականի մասնագետները ոչ բարվոք պատկեր են արձանագրել, մասնավորապես, բժշկական հաստատություններում՝ կապված ախտահանման ռեժիմի խախտումների, վտանգավոր թափոնների անվտանգ գործածության և մանրէազերծման աշխատանքների հետ։

Խախտումները հնարավորինս արագ վերացնելու համար ԱԱՏՄ աշխատակիցները տնտեսավարողներին համապատասխան հանձնարարականներ են տվել։

ԱԱՏՄ-ն շարունակում է դիտարկել Covid-անվտանգության կանոնների պահպանումը հանրապետության ողջ տարածքում՝ հիշեցնելով, որ տարբեր ոլորտների համար Առողջապահության նախարարի N 17-Ն հրամանով սահմանված նորմերում կան փոփոխություններ։

Covid-անվտանգության ի՞նչ ընթացակարգ է սահմանված ՀՀ մուտք գործող անձանց համար

 

Դեպի ՀՀ ուղեւորահոսքի ավելացման համատեքստում, «Զվարթնոց» օդանավակայանում լրացուցիչ հերթերից եւ կուտակումներից խուսափելու համար ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կրկին հիշեցնում է՝

❗️Ուժի մեջ է ՀՀ կառավարության N 1756-Ն որոշումը, ըստ որի՝

— Եթե ՀՀ մուտք գործող անձն ունի առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական Covid-թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ապա ազատվում է ինքնամեկուսացման պարտավորությունից։

— Եթե առկա չեն վերը նշված վաղեմության Covid-բացասական թեստ եւ դա հիմնավորող փաստաթղթեր, ապա անձը պարտադիր պետք է թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և ինքնամեկուսանա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։

Չվերթերն աստիճանաբար վերականգնվում են նաեւ «Շիրակ» օդանավակայանում, ուստի այս առումով եւս տեղեկացնում ենք, որ այնտեղ գործում են քովիդ նմուշառման կետեր։

Covid-թեստի պատասխանի առկայությունը ՀՀ մուտք գործող անձի մոտ ստուգում են ՀՀ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը։

Թեմային առնչվող մանրամասները՝ ԱԱՏՄ պաշտոնական կայքում՝ https://clck.ru/SCerw :