Հաստատվել է հանքարդյունաբերության ոլորտի աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը

ՀՀ ՏԿԵ նախարարի 29․06․2021 թ․ N 34-Լ հրամանով հաստատվել է ընդերքօգտագործողների և աշխատողների միջև կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը։

Նման նախաձեռնություն առաջին անգամ է իրականացվել ընդերքօգտագործման ոլորտում, որը կդառնա ուղենիշային աշխատանքային հարաբերությունների ձևավորման համար։

Պայմանագրի օրինակելի ձևի մշակման համար ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տեխնիկական աջակցությամբ իրականացվել է հանքարդյունաբերության ոլորտում հետազոտություն, ուսումնասիրվել են Հայաստանում աշխատանքային պայմանագրերին, աշխատաժամանակին, հանգստի ժամանակին, հատուցումներին, երաշխիքներին և այլ պայմաններին առնչվող հարցեր՝ անդրադառնալով ազգային օրենսդրությանն ու դատական պրակտիկային, միջազգային պայմանագրերին և ստանդարտներին, ինչպես նաև գերատեսչությունների և ոլորտում գործող ընկերությունների հետ քննարկումների արդյունքներին և մշակված առաջարկություններին։

Աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևն այստեղ՝

http://www.mtad.am/files/legislation/700.pdf

Համաձայնագրի ստորագրում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։

Հաշվի առնելով, որ սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում Աշխատանքային օրենսգրքի նկատմամբ Տեսչական մարմնի լիարժեք վերահսկողության դրույթները, կողմերը սույնով ստանձնեցին.

-ստեղծել համատեղ աշխատանքային խումբ` աշխատանքային օրենսդրության կիրարկման մասին գործատուների համար ձեռնարկ մշակելու և հրապարակելու,

-համատեղ իրազեկման միջոցառումներ իրականացնելու համար։

ՀՀ ԱԱՏՄ և Թայեքս համագործակցության շրջանակներում կայացել է Քովիդի 19-ի հետ կապված իրավիճակի վերաբերյալ առցանց աշխատաժողով

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Թայեքս համագործակցության շրջանակներում հունիսի 28-29-ին կայացել է Քովիդի 19-ի հետ կապված իրավիճակի վերաբերյալ առցանց աշխատաժողով։

Երևանի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նոնա Հայրապետյանը ներկայացրել է Տեսչական մարմնի կողմից Քովիդ 19-ի կանխարգելմանն ուղղված գործողությունները, օրենսդրությունը և դրա կիրարկումը ՀՀ-ում։

ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ Լիլիթ Հունանյանը ներկայացրել է ՀՀ պետական սահմանի անցման կետերում ԱԱՏՄ սահմանային վերահսկողական հսկիչ կետերի գործունեությունը։

ԵՄ գործընկերներն իրենց հերթին ներկայացրել են Դանիայում և Ավստրիայում Քովիդ 19-ի կանխարգելման ուղղությամբ տեսչական մարմինների կողմից իրականացվող աշխատանքները։

Թայեքս տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքը Եվրահանձնաժողովի գործիքն է, որն աջակցում է պետական կառավարման մարմիններին` ԵՄ օրենսդրության մոտարկման, կիրառման, ինչպես նաև ԵՄ լավագույն փորձի փոխանակման շրջանակներում:

Թայեքսը հիմնականում կարիքների հիման վրա ստեղծված գործիք է, որն անհատական կարճաժամկետ փորձագիտական խորհրդատվություն է տրամադրում հարցերի լուծման վերաբերյալ: