ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ. ՍԿԻԶԲ ԵՎ ԱՎԱՐՏ

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ աշխատանքի ընդունելիս գործատուն պարտավոր է աշխատողի հետ կնքել գրավոր աշխատանքային պայմանագիր կամ ընդունել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ՝

  • Աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից՝ կողմերի, իսկ մինչև տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին,
  • Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաև կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ: Էլեկտրոնային ստորագրությամբ կնքված աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը էլեկտրոնային եղանակով փոխանցվում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին,
  • Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին,
  • Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված օրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված օրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:

Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում, աշխատանքային պայմանագրում նշվում են`

  • անհատական իրավական ակտն ընդունելու, աշխատանքային պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը,
  • աշխատողի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը,
  • կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը,
  • կառուցվածքային ստորաբաժանումը (դրա առկայության դեպքում),
  • աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը,
  • պաշտոնի անվանումը և (կամ) աշխատանքային գործառույթները,
  • հիմնական աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը,
  • աշխատողներին սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և այլն,
  • անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը (անհրաժեշտության դեպքում),
  • փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի տևողությունը և պայմանները,
  • աշխատաժամանակի ռեժիմը՝ աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ կամ աշխատաժամանակի կրճատ տևողություն կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ,
  • ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) և տևողությունը,
  • իրավական ակտը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը:

Կողմերի համաձայնությամբ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում կամ գրավոր աշխատանքային պայմանագրում կարող են ներառվել նաև այլ պայմաններ:

Աշխատանքային պայմանագիրը լուծվում է`

  • կողմերի համաձայնությամբ,
  • պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում,
  • աշխատողի նախաձեռնությամբ,
  • գործատուի նախաձեռնությամբ,
  • աշխատողի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում,
  • դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, որին համապատասխան` աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը,
  • եթե օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողը զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից,
  • եթե աշխատողը մինչև տասնվեց տարեկան է, և ծնողներից մեկը, որդեգրողը կամ հոգաբարձուն կամ խնամակալը, նրա առողջության նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկը կամ տեսչական մարմինը պահանջում է աշխատանքային պայմանագրի լուծում,
  • աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում,
  • ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում,
  • աշխատողի մահվան դեպքում,
  • աշխատանքի ընդունվելիս աշխատողի ներկայացրած տեղեկատվությունը կեղծ լինելու դեպքում,
  • աշխատողի և գործատուի համաձայնությամբ սահմանված փորձաշրջանի արդյունքներով,
  • աշխատանքի ընդունվելիս որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից զրկված լինելու փաստը աշխատողի թաքցնելու դեպքում:

Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքով պայմանավորված՝ օրենսդրությամբ նախատեսված են աշխատանքային պայմանագրի լուծելու  մասին ծանուցման դեպքերը և տևողությունը

 Աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման մեջ նշվում են`

  • աշխատանքից ազատելու հիմքը և պատճառը, իսկ աշխատողին այլ աշխատանք առաջարկելու դեպքում` նաև պաշտոնի անվանումը, աշխատավարձի չափը կամ այլ աշխատանք առաջարկելու հնարավորության բացակայության մասին,
  • աշխատանքից ազատելու տարին, ամիսը, ամսաթիվը:

Աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ծանուցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե ծանուցման ժամկետը լրանալուց հետո անցել է հինգ օրից ավելի ժամանակ, և գործատուն չի լուծել պայմանագիրը:

Այդ ժամկետում չեն հաշվարկվում աշխատողի արձակուրդի և ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածները:

Հաշվետվություն՝ սեպտեմբեր ամսին ՀՀ ԱԱՏՄ կատարած աշխատանքների վերաբերյալ

2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն (այսուհետ՝ Տեսչական մարմին) իրականացրել է ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների 94%-ը։

Սեպտեմբեր ամսվա ընթացքում Տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայությամբ ստացվել է 444 ահազանգ։ Հարցերի մեծ մասը՝ 275-ը վերաբերվել են աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտին, 24-ը՝ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության, 9-ը՝ բժշկական օգնության և սպասարկման, 7 հարց վերաբերել է դեղերի շրջանառության ոլորտներին։

Հաշվետու ժամանակահատվածում Տեսչական մարմնում քաղաքացիներից ստացվել է 42 դիմում-բողոք, որից 27-ը աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի վերաբերյալ, 8-ը՝ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության, իսկ 7-ը՝ բժշկական օգնության և սպասարկման ոլորտի վերաբերյալ։

Սեպտեմբերի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Տեսչական մարմնի ղեկավարի կողմից հրապարակվել է թեմատիկ ստուգումներ իրականացնելու 93 հանձնարարագիր, տնտեսավարող սուբյեկտներին տրվել է առաջադրանք տալու վերաբերյալ 27 կարգադրագիր և իրականացվել է 31 վերստուգում։

Նույն ժամանակահատվածում, Տեսչական մարմնի իրականացրած վերահսկողական միջոցառումների արդյունքում հարուցվել է 164 վարչական վարույթ, որոնցից 137-ը՝ սեփական նախաձեռնությամբ, 27-ը՝ դիմում-բողոքի հիմքով։  Տնտեսավարող սուբյեկտներին տրվել է 40 կարգադրագիր, իսկ կարգադրագրով տրված առաջադրանքների կատարումը պարզելու նպատակով հարուցվել է 31 վարչական վարույթ։

Իրականացված ստուգումների և վարչական վարույթների արդյունքում՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում նշանակվել է 515․517․029 ՀՀ դրամ տուգանք։

 

Ագրարային համալսարանի ուսանողները նախադիպլոմային եռօրյա պրակտիկան անցկացնում են ՀՀ ԱԱՏՄ-ում


Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի «Կենսագործունեության անվտանգություն» ուսումնական ծրագրի ավարտական՝ 5-րդ կուրսի ուսանողները նախադիպլոմային եռօրյա պրակտիկան անցկացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում։

Ավարտական կուրսի ուսանողների հերթական խումբը նախադիպլոմային պրակտիկայի գործնական հանդիպումների ընթացքում ծանոթանում է Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատանքներին՝ ստուգումների պլանավորման, անցկացման և աշխատանքային այլ գործառույթներին։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը բարձր է գնահատում համագործակցությունը կրթական բոլոր հաստատությունների հետ։ Ուսումնական պրակտիկաների կազմակերպումը կրթության կարևորագույն փուլերից մեկն է, որի գլխավոր խնդիրը արդեն փորձառու մասնագետների հետ շփումների միջոցով, տարիների ընթացքում ուսանողների ստացած տեսական գիտելիքները գործնական աշխատանքի փորձով լրացնելը և կիրառական ունակություններով ամրապնդելն է: