ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ. ՍԿԻԶԲ ԵՎ ԱՎԱՐՏ
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ աշխատանքի ընդունելիս գործատուն պարտավոր է աշխատողի հետ կնքել գրավոր աշխատանքային պայմանագիր կամ ընդունել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ՝
- Աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից՝ կողմերի, իսկ մինչև տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին,
- Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաև կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ: Էլեկտրոնային ստորագրությամբ կնքված աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը էլեկտրոնային եղանակով փոխանցվում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին,
- Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին,
- Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված օրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված օրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:
Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում, աշխատանքային պայմանագրում նշվում են`
- անհատական իրավական ակտն ընդունելու, աշխատանքային պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը,
- աշխատողի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը,
- կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը,
- կառուցվածքային ստորաբաժանումը (դրա առկայության դեպքում),
- աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը,
- պաշտոնի անվանումը և (կամ) աշխատանքային գործառույթները,
- հիմնական աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը,
- աշխատողներին սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և այլն,
- անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը (անհրաժեշտության դեպքում),
- փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի տևողությունը և պայմանները,
- աշխատաժամանակի ռեժիմը՝ աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ կամ աշխատաժամանակի կրճատ տևողություն կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ,
- ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) և տևողությունը,
- իրավական ակտը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը:
Կողմերի համաձայնությամբ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում կամ գրավոր աշխատանքային պայմանագրում կարող են ներառվել նաև այլ պայմաններ:
Աշխատանքային պայմանագիրը լուծվում է`
- կողմերի համաձայնությամբ,
- պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում,
- աշխատողի նախաձեռնությամբ,
- գործատուի նախաձեռնությամբ,
- աշխատողի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում,
- դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, որին համապատասխան` աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը,
- եթե օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողը զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից,
- եթե աշխատողը մինչև տասնվեց տարեկան է, և ծնողներից մեկը, որդեգրողը կամ հոգաբարձուն կամ խնամակալը, նրա առողջության նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկը կամ տեսչական մարմինը պահանջում է աշխատանքային պայմանագրի լուծում,
- աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում,
- ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում,
- աշխատողի մահվան դեպքում,
- աշխատանքի ընդունվելիս աշխատողի ներկայացրած տեղեկատվությունը կեղծ լինելու դեպքում,
- աշխատողի և գործատուի համաձայնությամբ սահմանված փորձաշրջանի արդյունքներով,
- աշխատանքի ընդունվելիս որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից զրկված լինելու փաստը աշխատողի թաքցնելու դեպքում:
Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքով պայմանավորված՝ օրենսդրությամբ նախատեսված են աշխատանքային պայմանագրի լուծելու մասին ծանուցման դեպքերը և տևողությունը
Աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման մեջ նշվում են`
- աշխատանքից ազատելու հիմքը և պատճառը, իսկ աշխատողին այլ աշխատանք առաջարկելու դեպքում` նաև պաշտոնի անվանումը, աշխատավարձի չափը կամ այլ աշխատանք առաջարկելու հնարավորության բացակայության մասին,
- աշխատանքից ազատելու տարին, ամիսը, ամսաթիվը:
Աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ծանուցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե ծանուցման ժամկետը լրանալուց հետո անցել է հինգ օրից ավելի ժամանակ, և գործատուն չի լուծել պայմանագիրը:
Այդ ժամկետում չեն հաշվարկվում աշխատողի արձակուրդի և ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածները:
Վերադառնալ