ԱԱՏՄ համաժամանակյա ամբողջական ստուգայցը Երեւանում անվտանգության կանոնների պահպանման բարվոք պատկեր, սակայն նաեւ խնդիրներ է գրանցել

Ավելի քան 500 ստուգայց վերջին 2 օրում՝ ողջ Երեւանում․ ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը երկրորդ օրն է՝ մայրաքաղաքում անցկացվում են միանգամից բոլոր վարչական շրջաններում։ Համաժամանակյա ստուգայցն ապահովելու համար մեկտեղվել են ԱԱՏՄ գլխամասի, Երեւանի տարածքային կենտրոնի եւ մարզային որոշ ստորաբաժանումների մասնագիտական ուժերը։

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ խնդիր է դրվել լայնածավալ ստուգայցի միջոցով ամբողջական պատկեր ստանալ մայրաքաղաքում տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

Աշխատանքները համակարգել է ԱԱՏՄ Երեւանի տարածքային կենտրոնի ղեկավար Գագիկ Գրիգորյանը, դրանց անձամբ մասնակցել է նաեւ ԱԱՏՄ պետի տեղակալ Սուրեն Ամիրյանը։

Տեսչական ստուգայցերը Երեւանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի տարածումը կանխելու անվտանգության կանոնների պահպանման բարվոք պատկեր են գրանցել․ տնտեսավարողները հիմնականում հետեւում են ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով սահմանված նորմերին։

Հաճախակի արձանագրվող թերությունները հիմնականում ենթակա են տեղում շտկման, ինչի վերաբերյալ տեսչականի մասնագիտական խմբերը տրամադրում են խորհրդատվություն, մասնագիտական ուղղորդում եւ հրահանգում են անհապաղ վերացնել խախտումները։ Առավել կոպիտ եւ համակցված խախտումների դեպքում անմիջապես կազմվում եւ տրվում են հանձնարարագրեր՝ ողջամիտ ժամկետերում լրացնելու բացերը։

Երեկ խախտումներ եւ թերություններ ունեցող որոշ տնտեսավարողների մոտ այսօր ընթացել են կրկնակի ստուգայցեր։ Արձանագրվել է, որ ԱԱՏՄ մասնագետների դիտարկած բոլոր թերությունները վերացված են։
Առավել հաճախակի թերացումները նկատվել են մանրածախ առեւտրի կենտրոններում, գեղեցկության սրահներում, հյուրատներում։

Վերջիններից որոշների մասով կկիրառվի վարչարարություն, քանի որ արձանագրված խախտումներն անմիջական կապ ունեն եւ կարող են հանգեցնել վարակի անկառավարելի տարածմանը։

Երկօրյա աշխատանքների ընթացքում տեսչականի մասնագետներին տնտեսավարողները փոխանցել են իրենց մտահոգությունն առ այն, որ քաղաքացիների կողմից դիմակ չկրելու կամ ճիշտ չկրելու խնդիրը մտահոգում է նաեւ իրենց, ինչի պատճառով իրենք հաճախ ստիպված են չսպասարկել վերջիններիս։ Սա իր հերթին խնդրահարույց է եւ երբեմն դրա կանոնակարգումն իրենց ուժերից վեր է։

Տեսչական մարմինը հերթական անգամ խնդրում եւ հորդորում է հատկապես ռազմական դրության շրջանում ճշգրտորեն պահպանել սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները, կրել անհատական պաշտպանության միջոցներ, պահպանել սոցիալական հեռավորություն եւ հնարավորինս զերծ մնալ մարդկային կուտակումներից։ Ամուր ճակատ ունենալն ուղղակիորեն ենթադրում է առողջ թիկունք, իսկ դա ապահովելու համար անվտանգության նորմերի պահպանումն այլընտրանք չունի։

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերն ամեն օր են եւ ամենուր։ Կարանտինի շրջանում՝ սեպտեմբերի 11-ից մինչ օրս, իրականացվել է ավելի քան 2000 ստուգայց։

 

Աշխատանքներ՝ արցախցիների կացության վայր ծառայող հաստատություններում

Աշխատանքներ՝ արցախցիների կացության վայր ծառայող հաստատություններում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ` ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետները դիտարկումներ եւ իրազեկման աշխատանքներ են տարել արցախցի մեր հայրենակիցների համար ներկայում որպես բնակության ժամանակավոր կացարան ծառայող մի շարք հաստատություններում։ Իրականացված աշխատանքներն ուղղված են եղել նշված հաստատություններում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելուն, ախտահանման գործընթացների ճիշտ իրականացմանը։ Խորհրդատվություն է տրամադրվել, մասնավորապես, դիմակների ճիշտ կրման, ձեռքերի ախտահանման, սոցիալական հեռավորությունը հնարավորինս պահպանելու վերաբերյալ։

Անակնկալ ստուգումներ․ հակահամաճարակային կանոնները պետք է պահպանվեն

Տնտեսվարողներն այսօր հյուրեր ունեին։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչները  համաժամանակյա ուժեղացված ստուգայց էին իրականացնում Երևանի ողջ տարածքում։

Խանութից խանութ, դեղատնից դեղատուն, բանկից բանկ։ Գրեթե բոլոր տնտեսվարողները Երևանի տարածքային կենտրոնի և մարզային տարածքային ստորաբաժանումների աշխատակիցներից կազմված թիմի ուշադրության կենտրոնում են։

Այսօր լրագրողներս ևս անակնկալ այդ շրջայցին մասնակցելու հնարավորություն ունեցանք։ Տեսչական մարմնի ներկայացուցիչը նախապես է ասում, թե ինչն է ստուգվելու։

«Պարտադիր կերպով դիտարկվում է դիմակների ճիշտ կրելու առկայությունը, սոցիալական հեռավորության պահպանումը թե աշխատակիցներ միջև, թե կուտակումներ չառաջացնելու հաճախորդների շրջանում, ինչպես նաև 10-ից 12–ը տարեց հաճախորդներին սպասարկելու խնդիրը»։

Այս ամենը նախ ստուգվեց «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկում։

Սանիտարական կանոնների նկատմամբ պատշաճ հսկողություն և անհրաժեշտ պարագաների, նյութերի, հարմարությունների առկայություն։ Ախտահանումների, անձնակազմի ջերմաչափման, առողջական վիճակի վերաբերյալ տվյալները ներառող գրանցամատյանի, 60-80 տոկսանոց ալկոհոլի հիմքով ախտահանիչ միջոցների առկայություն և մի շարք այլ պայմաններ։ Սրանց ապահովումը պարտադիր է բոլոր տնտեսվարողների մոտ։

«Այս պահին տեսչական մարմինն իրականացնում է իր կանխարգելիչ ֆունկցիան, իրազեկում ենք իրականացնում՝ օգնելով տնտեսվարող սուբյեկտներին։ Բոլորս միասին պիտի հաղթահարենք, մեզ պետք է տնտեսվարողների ու բնակիչերի օգնությունը։ Մենք պետք է հասկանանք, որ եթե չձեռնարկենք այս միջոցառումները, համաճարակը դեռ երկար մեզ հետ կլինի»,– նշում  է ԱԱՏ մարմնի Երևանի տարածքայի կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի պետ Աստղիկ Բալասանյանը։

Խախտումները բացահայտվում են ոչ թե տուգանելու, այլ կանխարգելելու համար։ Սակայն բացառություններ ևս կան․

Տեսչական մարմնի ներկայացուցիչ Վարդգես Ռուբենյանը տեղեկացնում է, որ որոշ դեպքերում նախատեսվում է կամ նախազգուշացում, կամ տուգանք՝ 100-300.000 դրամ սահմաններում։ Խախտումը կրկնելու դեպքում տուգանքի չափը 150 հազարից 500 հազար  դրամի միջակայքում է։

«Կարծում եմ այսօր մեր իրազեկումից հետո տնօրինությունը ավելի ուշադիր կլինի ու ավելի լավ կիրականացնի հակահամաճարակաբանական միջոցառումները»։

Ստուգայցը տեղափոխվում է է «Քարֆուր» սուպերմարկետ ու շարունակվում։ Նույն պահին միաժամանակ տարբեր վայրերում հայտնաբերվում են հետևյալ խնդիրները․

«Դիմակները ճիշտ չկրելու խնդիր է առաջանում, լինում են տնտեսվարողներ, որոնց մոտ ջերմաչափումների խնդիր կա, այսինքն՝ մատյանները ճիշտ չեն լրացվում։ Սոցիալական հեռավորության պահպանման խնդիրներ կան, կուտակումներ»։

«Խնդիրներ կան ախտահանիչ նյութերի հետ կապված առանց մակնշման, ունենք աշխատողներ, որոնք արդեն աշխատավայրում են, բայց չեն ջերմաչափվել ու գրանցվել մատյանում»։

Այս տարի՝ հունվարից սեպտեմբեր ամիսներին, իրականացվել է այսպիսի շուրջ 24 հազար վերահսկողական գործողություն, դրանցից 788–ի դեպքում հարուցվել է վարչական վարույթ, նշանակվել է 242 տուգանք։

Այսօր ոչ ոք չտուգանվեց, բայց վաղը, հավանաբար, բոլորն այլ գործելաոճով կառաջնորդվեն։ Ամեն դեպքում, մազնագետների կարծիքով, դա վարակի մեջքը կոտրելու ամենաարդյունավետ ճանապարհներից է։