ՀՀ ԱԱՏՄ-ն ստանձնել է կամավորաբար հավաքվող և Արցախ ուղարկվող դեղերի վերահսկողությունը

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ստանձնել է կամավորաբար հավաքվող եւ Արցախ ուղարկվող դեղերի վերահսկողությունը։

Մշտական հերթապահություն է սահմանվել պետական հավաքատեղիներում հավաքված դեղերի ժամկետերի, պահպանման և կիրառության հսկողության նկատմամբ։

Մեկ անգամ եւս խնդրում ենք բոլոր նմանօրինակ նախաձեռնություններն իրականացնել պետական համապատասխան մարմինների հետ համատեղ` խիստ համակարգված եւ համաձայնեցված՝ հետեւելով դեղերի պահպանման անվտանգության բոլոր կանոններին։

Հարգելի հայրենակիցներ, չափազանց կարեւոր է, որ հայրենասիրական բոլոր այս քայլերն արվեն նպատակային, ոչ հախուռն եւ ճիշտ ուղղորդված։

ԱԱՏՄ-ն տվել է «ՈՒնիֆլեքս-Դուալ» եւ «Բարալգին-ՈՒնի» դեղերի որոշ սերիաների հետկանչի կարգադրագիր․ դրանց շրջանառությունը դադարեցվում է

ՀՀ-ում դադարեցվում է «ՈՒնիֆլեքս-Դուալ» ներարկման լուծույթ (արտադրող՝ Եվրոմեդիքակ, Վրաստան), սերիա` 030120, պիտանելիության ժամկետ՝ 01.02.2023թ. եւ «Բարալգին-ՈՒնի» ներարկման լուծույթ (արտադրող՝ Բիոպոլուս, Վրաստան) սերիա 030520 պիտ. ժամկետ՝ 01.06.2025թ դեղերի շրջանառությունը։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել է դրանց հետկանչի կարգադրագիր։

Դեղերի հետկանչի ավարտից հետո դեղի ոչնչացումը պետք է իրականացվի «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 26-րդ հոդվածով և ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 1-ի «Դեղատներում կամ դեղատնային կրպակներում բժշկական թափոնների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 05-Ն հրամանով սահմանված կարգով։

Իրականացված միջոցառումների վերաբերյալ 3 օրը մեկ անգամ ներկայացնել հաշվետվություն Տեսչական մարմին՝ ՀՀ ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129 և info@hlib.am հասցեներով:

Շրջանառության դադարեցման եւ հետկանչի որոշման հիմքում են՝

— ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ 2020 թ․ սեպտեմբերի 18-ի թիվ 0101178020 և 0101177920 փորձագիտական եզրակացությունները, համաձայն որոնց՝ «ՈՒնիֆլեքս-Դուալ» ներարկման լուծույթ (արտադրող՝ Եվրոմեդիքակ, Վրաստան, պիտ. ժամկետ՝ 01.02.2023թ) դեղի 030120 սերիայի և «Բարալգին-ՈՒնի» ներարկման լուծույթ դեղի 030520 սերիայի լաբորատոր փորձաքննությունների ժամանակ հայտնաբերվել է որակի անհամապատասխանություն,

— «ՀՀ-ում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ ՀՀ օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերի, կեղծ դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի մասին ահազանգի ծանուցման, շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու (հետկանչի) կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության թիվ 164-Ն որոշմամբ հաստատված կարգը,

— «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը,

— ՀՀ վարչապետի 2018 թ․ հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատված ՀՀ ԱԱՏՄ կանոնադրության 19-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջները։

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է դեղերի շրջանառությամբ զբաղվող տնտեսավարողներին՝ անմիջապես դադարեցնել նշված դեղի շրջանառությունը եւ վերադարձնել նշված սերիաների ողջ խմբաքանակները մատակարարներին։

ՀՀ վարչապետի շնորհակալագրով խրախուսվել է ԱԱՏՄ 5 աշխատակից

ՀՀ անկախության 29-ամյակի առթիվ՝ աշխատանքային գործունեության ընթացքում ներդրած ավանդի, կատարած բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակի դեմ պայքարի գործում ցուցաբերած բարձր պատասխանատվության և նվիրումի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրերով խրախուսվել են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի 5 աշխատակիցներ՝

✅Թամարա Բաբկենի Գուրգենյան՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետ,

✅ Աննա Վոլոդյայի Հարությունյանին՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ-տեսուչ,

✅Արման Սամվելի Ավետիսյան՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան,

✅Անահիտ Բունիաթի Զատիկյան՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչի պաշտոնակատար,

✅ Նելլի Վոլոդյայի Աբրահամյան՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերակսկողության բաժնի ավագ տեսուչ։