ԱԱՏՄ աշխատողները մասնագիտական ռիսկերի գնահատման եւ կառավարման վերապատրաստում են անցել

ԱՄԿ ջանքերով եւ ԵՄ ֆինանսավորմամբ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի շուրջ 3 տասնյակ աշխատող անցել է ձեռնարկություններում մասնագիտական ռիսկերի գնահատման եւ կառավարման մեկշաբաթյա վերապատրաստում։ Դասընթացները եղել են տեսական եւ գործնական։

Աշխատանքային քննարկումներին զուգահեռ այց է կազմակերպվել նաեւ հայաստանյան գործարան։ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Մոսկվայի գրասենյակի աշխատանքի վարչարարարության, աշխատանքի տեսչության, աշխատանքի անվտանգության եւ առողջության հարցերով ավագ մասնագետ Վալենտին Մոկանուն աշխատանքային շաբաթվա ամփոփմանը շեշտել է իրենց պատրաստակամությունը՝ հետագայում եւս կազմակերպել այսպիսի դասընթաց, ինչպես նաեւ տեխնիկական աջակցություն ցուցաբերել ԱԱՏՄ գործող կանոնադրությունը նոր լիազորություններին համապատասխանեցնելու առումով։

Հիշեցնենք, որ աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման առումով ԱԱՏՄ ընդլայնված լիազորություններն ուժի մեջ կմտնեն 2021 թ․ հուլիսից։

ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը կարեւորել է գործընկերների կողմից այս աջակցությունը՝ նկատելով, որ ներկայում քաղաքացիներն ու տնտեսվարողները շատ հաճախ են տեսչական մարմին դիմում աշխատանքային իրավունքին առնչվող հարցերով։ Սակայն, քանի դեռ ԱԱՏՄ-ն այս առումով լայն լիազորություններ չունի, չի կարող աջակցել։ Միաժամանակ, ըստ նրա, տեսչական մարմնի վերջնանպատակը տուգանելը չէ, այլ աշխատանքային իրավունքներն ավելի պաշտպանված դարձնելը։ Դա ապահովելու համար ուժեղացվում են տեսչական մարմնի աշխատանքային թիմի մասնագիտական եւ տեխնիկական կարողությունները։

ԱՄԿ ջանքերով եւ ԵՄ ֆինանսավորմամբ այս դասընթացները եւս նշված միջոցառումների շարքից են՝ ունենալու մասնագիտական ուժեղ թիմ, փաստաթղթային բազա, համալրված ենթակառուցվածքներ։

Վերապատրաստումների ամփոփիչ աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաեւ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչության պետ Ժորա Սարգսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության առեւտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը։

Դասընթացները ֆինանսավորվել են ԵՄ կողմից՝ Արտոնությունների ընդհանրացված համակարգերի (GSP+) շահառու երկրներին աջակցության շրջանակներում։

Աշխատանքային քննարկում` հրատապ եւ ընթացիկ հարցերի շուրջ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի եւ ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների աշխատանքային քննարկման ժամանակ զեկուցվել են ուժեղացված վերահսկողական աշխատանքների ընթացքն ու սահմանային բժշկասանիտարական կետերում հերթապահությունն անխափան պահելու հարցերը։ Հունվարի 24-ից տեսչական մարմինը կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով ուժեղացված ռեժիմի է անցել։

Քննարկվել է մարզային ստորաբաժանումները պետական կառույցների տարածք տեղափոխելու ընթացքը։ Ներկայում դրանց տարածքները վարձակալվում են, իսկ վարչական շենքերում դրանց տեղակայմամբ կխնայվեն վարձակալությանն ուղղվող գումարները։ Այդպիսով նաեւ կայուն աշխատանքային պայմաններ կապահովվեն։

Ներկայացվել են մարզային ստորաբաժանումների կադրերի համալրման խնդիրները, Մեղրիի սահմանային հսկիչ կետի նոր վայրում տեղակայման ընթացքը, հարուցված վարչական վարույթներին առնչվող հարցեր։

Տիգրան Ավինյանը՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն ուղղված ԱԱՏՄ գործողությունները տրամաբանական և ադեկվատ է համարել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ու Առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն ուղղված գործողությունները բավականին տրամաբանական և ադեկվատ են։ Հայաստանի սահմաններին հսկողությունն ավելի խիստ է նույնիսկ շատ զարգացած երկրների համեմատ։ Այս մասին շեշտել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում։

Փոխվարչապետն անդրադարձել է սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի անձնակազմի կողմից իրականացվող անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներին. վերջին շրջանում համաճարակային առումով անբարենպաստ երկրներում գտնված կամ այնտեղից եկող բոլոր անձանց համար լրացվում են հասցեական քարտեր, որոնց մեջ ֆիքսվում է քաղաքացիների բնակվելու վայրը։ Նպատակն է՝ նրանց հետագա հսկողության տակ պահել։

Ավինյանը պատասխանել է նաև հարցին՝ արդյոք մեր պետությունն ունի հիվանդությունը տեղայնացնելու հնարավորություն, որպեսզի այն հայտնաբերվելու դեպքում չստանա լայն տարածում։