Կասկածելի դեղերի վերահսկողությանն առնչվող հարցեր են քննարկվել

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի եւ «Ակադեմիկոս էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանի հանդիպմանը քննարկվել են դեղերի շուկայի վերահսկման եւ վերահսկողության արդյունքում առանձնացված դեղերի փորձագիտական աշխատանքներին, դրանց վերաբերյալ եզրակացությունների տրամադրմանն առնչվող հարցեր։

Երկուստեք կարեւորվել է հանդիպման անցկացումը։ Ընդգծվել է, որ դեղերի շուկայում խնդիրների լուծման առումով երկու կառույցն էլ ունի գործառույթներ, որոնց առավել սահուն եւ արդյունավետ իրականացումը ենթադրում է համատեղ աշխատանքների կանոնակարգում։

Հանդիպմանը քննարկվել են չգրանցված, կասկած հարուցող, օրենքի խախտմամբ ներմուծված կամ կեղծված դեղերի հետ կապված տեղեկատվության փոխանակմանը, արձանագրված խնդիրների դեպքում արագ արձագանքմանն առնչվող հարցեր։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հետագայում այսօրինակ հարցերի շուրջ տեղեկատվությունը միմյանց տրամադրել համաձայնեցված ձեւաչափով՝ առավել համակարգված եւ առավել սեղմ ժամկետերում։

ԱԱՏՄ ղեկավարնն ընդգծել է փոխգործակցությունը ճիշտ ուղու վրա դնելու կարեւորությունը՝ շեշտելով, որ դեղերի ներմուծումից մինչեւ իրացման շղթա խնդիրների հայտնաբերումն ու բացառումն առաջին հերթին բխում է հանրության շահերից։

Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ղեկավարը կարեւոր է համարել դիտարկել նաեւ այն խնդիրները, որոնք կարող են ենթադրել օրենսդրական փոփոխություններ։ Առաջիկայում նման հանդիպումների ընթացքում եւս կքննարկվեն երկու կառույցների լիազորություններից եւ գործառույթներից բխող քայլերը։

 

Գործարկվել են ԱԱՏՄ թեժ գիծը՝ 8107 եւ նոր կայքը՝ www.hlib.am

Գործարկվել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի նոր կայքը՝ https://hlib.am/ հասցեով։ Այս հարթակում հասանելի են տեսչական մարմնի նորությունները, ԱԱՏՄ գործունեությանը, ստուգման տարեկան ծրագրին առնչվող եւ այլ տեղեկություններ։

Տեսչական մարմինը պատրաստ է արդեն նոր՝ 8107 թեժ գծով լսել քաղաքացիների բողոքներն ու առաջարկները՝ իր լիազորությունների շրջանակում դրանց արձագանքելու եւ ընթացք տալու։ Միաժամանակ, որպես թեժ գիծ շարունակում է գործել նաեւ (010) 65 03 05 հեռախոսահամարը։ Դրանով 2019-ին ստացվել է 351 զանգ։

Հարցերի գերակշիռ մասը վերաբերել է աշխատանքային իրավունքի և սանիտարահիգիենիկ ոլորտի խնդիրներին։ Զանգերի ակտիվությունը կտրուկ բարձրացել է հուլիսին՝ պայմանավորված հանրային օբյեկտներում աղմուկի, սննդի որակի, վարակների հավանական ավելացման ու այլ խնդիրների հետ։

Ըստ զանգերի վիճակագրության՝ աճի միտում ունեն հատկապես աշխատանքային հարաբերություններին առնչվող հարցերը։ Քաղաքացիները ԱԱՏՄ հաճախ են զանգահարում հետեւյալ հարցերով՝

  • Սանիտարական նորմերի պահպանում,
  • Կրթական հաստատություններում սանիտարական նորմերի խախտումներ,
  • Դեղերի շրջանառություն և դեղագործություն,
  • Աշխատողների անվտանգության ապահովում և առողջության պահպանում,
  • Բուժսպասարկման որակ՝ բժշկական փաստաթղթերի լրացման և վարման կարգը
  • Աղմուկ,
  • Բժշկական թափոնների խնդիրներ,
  • Ջրի որակին առնչվող խախտումներ,
  • Աշխատավայրում կոլեկտիվ և անհատական պաշպանության միջոցների տրամադրման և կիրառման կարգ եւ այլն։

 

Արձանագրվել են մահվան բժշկական վկայականի տրամադրման եւ դիահերձման կարգի խախտումներ

Արձանագրվել են մահվան բժշկական վկայականի տրամադրման եւ դիահերձման կարգի խախտումներ․ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին

Հիմք ընդունելով մարզային բուժհաստատությունում վարչական վարույթների արդյունքում ստացված տվյալները եւ ընթացք տալով տարածքային ստորաբաժանման պետի զեկուցագրին՝ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթ է հարուցել Նոյեմբերյանի տարածաշրջանի մի շարք բժշկական ամբուլատորիաների նկատմամբ։

Վարչական վարույթների ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ տնային մահերի դեպքում մահվան բժշկական վկայականների տրամադրման գործընթացներում։ Արձանագրվել են դեպքեր, երբ հարազատները հրաժարվել են դիակի հերձումն իրականացնել համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատություններում՝ հստակ ախտորոշելու մահվան պատճառ հանդիսացող հիվանդությունները, բայց միաժամանակ բացակայում են այդ մասին համապատասխան գրավոր հիմքերը։ Բուժամբուլատորիաներում, որոնց հանդեպ հարուցվել են վարչական վարույթներ, խախտումներով են վարվել կամ առհասարակ չեն վարվել մահվան դեպքերի գրանցամատյանները, օբյեկտիվ զննման որոշ տվյալներ չեն գրառվել ամբուլատոր քարտերում։

ԱԱՏՄ լսումների ընթացքում ի հայտ են եկել տեղեկություններ, որ Տավուշի մարզային որոշ համայնքներում դիահերձումը կամ այսպես ասած «մաքրումն» իրականացվում է առանձին ֆիզիկական անձի կամ անձանց կողմից՝ չպահպանելով ախտաբանաանատատոմիական թափոնների, առանձին օրգանների մեկուսացման, թաղման սանիտարական կանոնները եւ նորմերը, հիգիենիկ եւ հակահամաճարակային պահանջները։ Այսպիսի արատավոր երեւույթը մեկնաբանվում է դիահերձման տանելու ծախսերով, տեղափոխման տեխնիկական խնդիրներով եւ դիահերձարանների հեռու գտնվելով։

ԱԱՏՄ-ն, գործելով իր կանոնադրական լիազորությունների շրջանակներում, արձանագրված խնդիրների վերաբերյալ գրություններ է ուղարկել մարզպետերին՝ քայլեր ձեռնարկելու տնային մահերի դեպքում մահվան բժշկական վկայականների տրամադրման ընթացակարգի խիստ կանոնակարգման եւ հսկողության, տնային պայմաններում հերձումներ կատարելու հնարավոր երեւույթները բացառելու ուղղությամբ։ Միաժամանակ, նյութեր են նախապատրաստվում ՀՀ ոստիկանությանը տրամադրելու համար՝ հանգամանքները ճշտելու։

Մեր երկրում հնարավոր այսպիսի մտահոգիչ խնդիրներն արմատախիլ անելու ուղղությամբ ԱԱՏՄ-ն իր լիազորությունների շրջանակում քայլեր կձեռնարկի այլ մարզերում եւս։

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն ինչպես բժշկական ամբուլատորիաների աշխատակիցներին, այնպես էլ բնակչությանը հորդորում է զերծ մնալ՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքով, Առողջապահության նախարարի 2008 թ․ մարտի 4-ի «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ եւ հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոնները եւ նորմերը հաստատելու մասին N 03-ն հրամանով սահմանված պահանջների խախտումներից։

Ախտաբանաանատոմիական հերձումները կարող են չիրականացվել` հիմք ընդունելով մահացածի կյանքի օրոք հայտնած կամքը կամ նրա հարազատների կամ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումը՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: