Պահպանել սանիտարական նորմերը ուսումնական հաստատություններում՝ ԱԱՏՄ հորդորը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավավարներին՝ պահպանել ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով սահմանված սանիտարական նորմերը եւ կանոնները՝ կանխարգելելու երեխաների շրջանում սեզոնին բնորոշ սուր շնչառական հիվանդությունների առաջացումն ու տարածումը։ Մասնավորապես,

 

  • Սուր շնչառական վարակների սեզոնին (աշուն-գարուն) ուսումնական հաստատությունում միջին բուժաշխատողի կողմից պետք է ապահովվի սուր շնչառական վարակներին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերում:
  • Հիվանդացության սեզոնային բարձրացման ժամանակ բուժքույրը հաստատության մուտքի մոտ պետք է իրականացնի երեխաների և ուսուցչական անձնակազմի զննություն։
  • Սուր շնչառական վարակիչ հիվանդություններին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշանների դեպքում հիվանդ երեխաները և ուսուցչական կազմն անմիջապես տեղափոխվում են բուժկետ, ինչի մասին տեղեկացվում է համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին։ Անհրաժեշտության դեպքում այս մասին տեղեկացվում է երեխայի ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչը՝ երեխային տուն ուղեկցելու համար (ՀՀ ԱՆ 2017 թվականի մարտի 28-ի N12-Ն հրամանի 84-րդ կետ):

Մանկական նախադպրոցական կառույցներում, համաձայն գործող հրահանգների, անցկացվում են սանիտարահակահամաճարակային միջոցառումներ՝ ուղղված ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելմանը խմբերում կամ խմբերից դուրս՝ կախված ինֆեկցիայի բնույթից, տարածման ձևից:

  • Մանկապարտեզներում երեխաների առավոտյան ամենօրյա ընդունումը պետք է կատարի դաստիարակը, որը հետաքրքրվում է երեխայի առողջական վիճակով, զննում է բկանցքը և մաշկը, չափում է մսուրային խմբի բոլոր երեխաների ջերմությունը, իսկ նախադպրոցական խմբում՝ ելնելով բժշկական ցուցումից (ՀՀ ԱՆ նախարարի 2002 թ․ դեկտեմբերի 20-ի 857 N հրամանի 11.3 կետ):
  • Առավոտյան զննման ժամանակ հայտնաբերված հիվանդ և կասկածելի երեխաները չեն ընդունվում։ Օրվա ընթացքում վատառողջ երեխաներն առանձնացվում են հատուկ այդ նպատակով նախատեսված սենյակներում։ Ելնելով առողջական վիճակից՝ երեխան մնում է առանձնացված սենյակում՝ մեկուսարանում, մինչև ծնողի գալը կամ հոսպիտալացվում է:

Նախադպրոցական կազմակերպությունում պետք է լինի մեկուսարան իր հիվանդասենյակով (ոչ միջանցիկ), որը պետք է տեղակայված լինի առաջին հարկում և ունենա առանձին ելք դեպի դուրս: Բոլոր մանկական նախադպրոցական կազմակերպություններում, անկախ հզորությունից, նախատեսվում է բժշկական սենյակ՝ տեղակայված մեկուսարանի հիվանդասենյակներից մեկին կից և իրարից բաժանված 1-1,2 մ բարձրությամբ միջնորմով:

1-ին հարկում տեղակայված խաղասենյակներում և խմբասենյակներում հատակի մակերեսին ջերմաստիճանը ձմռան ընթացքում պետք է 220-ից պակաս չլինի: Տաք եղանակներին խորհուրդ է տրվում կատարել տարածքների անընդհատ աերացիա, ցուրտ եղանակին թույլատրվում է կարճատև ջերմաստիճանի իջեցում` մինչև 180 ավագ և 190 կրտսեր նախադպրոցական խմբերի համար:

Տարածքի մաքրումը պետք է կատարվի ամեն օր պարտադիր խոնավ եղանակով, պատուհանները բաց: Հատակը պետք է լվանալ օրը 2 անգամից ոչ պակաս, 1 անգամը պարտադիր կահույքի տեղաշարժով: Կահույքը, պատուհանի գոգերը, ջեռուցիչները սրբել խոնավ շորով, մանկական զգեստապահարանները պետք է սրբել ամեն օր, իսկ շաբաթը 1 անգամ լվանալ: Երաժշտական և մարմնամարզական պարապմունքների սենյակները պետք է մաքրել յուրաքանչյուր պարապմունքից հետո:

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է՝ սուր շնչառական վարակների եւ հետգրիպային բարդություններով հոսպիտալացումներում առումով դիտվում է իրավիճակի կայունացում, իսկ որոշ ցուցանիշներով՝ նվազում։ Համաճարակաբանական վերլուծությունները փաստում են, որ հոսպիտալացված երեխաների 65-75%-ը մանկահասակ երեխաներ են, որոնք, որպես ռիսկի խումբ, պետք է պատվաստվեն գրիպի դեմ:

Շտաբային ուսումնավարժություն՝ ԱԱՏՄ-ում

ԱԱՏՄ-ում անցկացվում է «Քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի գործողությունները ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացման ընթացքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Նպատակն է՝ գնահատել արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ տեսչական մարմնի ղեկավար կազմի կողմից ԱԱՏՄ լիազորությունների շրջանակում ձեռնարկվող քայլերը։

Համաձայն ուսումնավարժության սցենարի՝ հակառակորդը սահմանամերձ պաշտպանական կառույցների, դիրքերի ուղղությամբ ակտիվ գործողություններ է սկսել, նկատվում են առաջնային դիրքերի զորքերի վերախմբավորում, զինամթերքի ու տեխնիկայի ակտիվ տեղափոխումներ:

Արձանագրվել են դիվերսիոն խմբերի կողմից սահմանը խախտելու դեպքեր, որոնք հիմնականում խափանվել են հայ դիրքապահների ուժերով, սակայն հնարավոր է դրանց ներթափանցումը ՀՀ Տավուշի մարզի և Արցախի Հանրապետության տարածք:

ՀՀ քաղաքական ղեկավարությունը դիվանագիտական ճանապարհներով փորձում է թուլացնել լարվածությունը:

Այս պայմաններում, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի ստորագրած ՀՀ քաղաքացիական պաշտպանության համակարգը «Բարձր» պատրաստականության աստիճանի փոխադրման վերաբերյալ (ըստ ուսումնավարժության) որոշումը եւ ԱԱՏՄ ղեկավարի հրամանը՝ տեսչական մարմինը ձեռնարկում է իր լիազորությունների շրջանակից բխող քայլեր։

ԱԱՏՄ-ում եւ դրա տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիական պաշտպանության այս միջոցառումները կանցկացվեն մինչեւ փետրվարի 14-ը։

8 անգամ ավելի վարչական վարույթ եւ շուրջ 247 մլն դրամի տուգանք 2019թ․-ին․ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) 2019թ․ ստացված դիմում-բողոքների հիման վրա և սեփական նախաձեռնությամբ հարուցել է 1674 վարչական վարույթ՝ 2018-ի համեմատ 8 անգամ ավելի։

Նշանակվել է շուրջ 500 տուգանք՝ ընդհանուր առմամբ շուրջ 247 մլն դրամի չափով։ ԱԱՏՄ-ի ստացած ամենաշատ դիմում-բողոքներն առնչվել են սանիտարահամաճարակային անվտանգության վերահսկողության ոլորտին՝ 161։ Այս առումով հարուցվել է 1069 վարչական վարույթ։

Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության ոլորտում ստացվել է 24 դիմում (բողոք), հարուցվել է 271 վարչական վարույթ։ Բժշկական սպասարկմանն առնչվող դիմում-բողոքները 36-ն են, հարուցվել է 309 վարչական վարույթ։ Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտին առնչվող 42 դիմում-բողոք է ստացվել, օրենքով սահմանված կարգով հարուցվել է 25 վարչական վարույթ։

Վարչական վարույթների արդյունքում հայտնաբերված խախտումների համար տնտեսավարող սուբյեկտներին տրվել է 772 կարգադրագիր՝ խախտումները վերացնելու համար։

Դիտարկվել են տնտեսավարողների կողմից օրենքների առավել հաճախակի խախտումները, դրանց պատճառները և տարածվածությունը։ Ըստ այդմ՝ խախտումները հիմնականում պայմանավորված են օրենսդրության պահանջների չիմացությամբ և ոչ բավարար իրազեկմամբ:

Դեղերի շրջանառության և դեղագործության ոլորտում առավել հաճախ խախտվում են դեղերի պետական գրանցման, ներմուծման և արտահանման հետ կապված օրենքների պահանջները։ Բուժսպասարկման ոլորտում հաճախ խախտվում է բժշկական փաստաթղթերի լրացման և վարման կարգը։ Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում օրենսդրության խախտումներն առավելապես առնչվում են աշխատատեղերում, շենքերում և կառուցապատման տարածքներում առկա աղմուկին, բնակտարածքներում սանիտարական նորմերի պահպանմանը, բժշկական թափոններին, բժշկական նշանակության արտադրատեսակների ախտահանմանը եւ մանրէազերծմանը, ջրի որակին: Սանիտարական նորմերի խախտումներ արձանագրվել են նաև նախադպրոցական կազմակերպություններում։

Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում տնտեսավարող սուբյեկտներն առավել հաճախ խախտում են աշխատողներին աշխատանքի կոլեկտիվ և անհատական պաշպանության միջոցների տրամադրման և կիրառման, գործատուի կողմից աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության վերաբերյալ ներքին իրավական ակտեր չընդունելու նորմերը։