Իրազեկող այցեր՝ Մեղրիի դեղատներ

2026 թվականի մայիսի 21-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի աշխատակիցները իրազեկման այցեր են իրականացրել Մեղրի քաղաքում գործող 3 դեղատներ։

Այցերի ընթացքում ներկայացվել են էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի վերաբերյալ կարգավորումներն ու կիրառման ընթացակարգերը։

Հանդիպումներին մասնակցել են դեղատների աշխատակիցներ և դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողներ, որոնց հետ քննարկվել են ոլորտին առնչվող մասնագիտական հարցեր։

Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԱԿԱԷՄ» ՍՊ, «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» ՍՊ, «ԹԵՈՖԱՐՄԱ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերություններին 2026 թվականի մայիսի 15-ին տրվել է շրջանառության դադարեցման և հետկանչի կարգադրագիր՝ «Օմնիպաք (յոհեքսոլ), լուծույթ ներարկման, 350մգ յոդ/մլ, պլաստիկե սրվակներ 100մլ (10)», (արտադրող՝ ԳԵ Հելթքեյր, գրանցման հավաստագրի իրավատեր՝ ԳԵ Հելթքեյր, Նորվեգիա) դեղի՝ 17277315 (պիտանիության ժամկետ՝ 31.08.2028թ.), 17323704 (պիտանիության ժամկետ՝ 31.08.2028թ.), 17425028 (պիտանիության ժամկետ՝ 31.12.2028թ.) սերիաների վերաբերյալ։

Հարգելի´ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել վերոնշյալ սերիաներով դեղի օգտագործումից:

 

 

«ՀԱՆՁՆԻ՛Ր ԱՐՅՈՒՆ, ՓՐԿԻ՛Ր ԿՅԱՆՔԵՐ». դոնորական արյան հավաքագրում Տեսչական մարմնում

2026 թվականի մայիսի 19-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում, «Հանձնի՛ր արյուն, փրկի՛ր կյանքեր» բարեգործական նախաձեռնության շրջանակներում, ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մասնագետների կողմից իրականացվեց արյան հավաքագրում։

Տեսչական մարմնի աշխատակիցներն արյուն հանձնեցին՝ աջակցելու արյան կարիք ունեցող քաղաքացիներին և նպաստելու կամավոր դոնորության տարածմանը։

Նախաձեռնությունը նպատակ ուներ նաև բարձրացնել հանրային իրազեկվածությունը արյունատվության կարևորության վերաբերյալ և խթանել կամավոր արյունատվության մշակույթը։

Յուրաքանչյուր հանձնված արյուն կարող է դառնալ մեկ կյանքի փրկություն։