ԱԱՏՄ ներկայացուցիչները` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը և Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին։

Մասնավոր հատվածի հետ համատեղ քննարկվել են «ՀՀ-ում կորանավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները հաստատելու մասին» 2020 թվականի օգոստոսի 4-ի առողջապահության նախարարի 17-Ն հրամանով ամրագրված նորմերի կիրարկման արդյունքում առաջ եկած խնդիրները, մասնավորապես՝ տնտեսավարողների նկատմամբ կիրառվող տուգանքների և աշխատողների շրջանում ծագած անհամաձայնությունների հարցերը։

Ենթախորհրդի նիստը գլխավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

ԱԱՏՄ մասնագետները ներկայացրել են առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ դիրքորոշում։

Կայացել է «Աշխատանքի և աշխատանքի պաշտպանության մասին օրենսդրության պահպանման հեռահար վերահսկողություն» թեմայով վեբինար


Այսօր՝ նոյեմբերի 29-ին, տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի ու Աշխատանքի միջազգային կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի (ԱՄԿ Մոսկվայի գրասենյակ) Արժանապատիվ աշխատանքի հարցերով տեխնիկական աջակցության խմբի ներկայացուցիչների եռակողմ առցանց աշխատաժողով՝ «Աշխատանքի և աշխատանքի պաշտպանության մասին օրենսդրության պահպանման հեռահար վերահսկողություն» թեմայով։

ԱՄԿ Մոսկվայի գրասենյակի տնօրենի տեղակալ Միխաիլ Պուշկինը նշել է, որ ԱՄԿ Հազարամյակի հռչակագրի համաձայն՝ անվտանգ և առողջ աշխատանքային պայմանների առկայությունն արժանապատիվ աշխատանքի ապահովման առաջնային գործոնն է։ Ըստ նրա՝ տեսչական մարմինների լիազորությունները դեռևս սահմանափակ են, առավել ևս կորոնավիրուսային համավարակի պայմաններում․ «Ճգնաժամը ցույց տվեց, թե ինչքան կարևոր է աշխատանքի տեսչական մարմնի դերը՝ զանգվածային ճգնաժամերի պայմաններում աշխատատեղերի նախապատրաստման ու պահպանման հարցում։ Այս առումով անհրաժեշտություն է տեսչական մարմինների հագեցումը ժամանակակից սարքավորումներով»։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար, ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային Դաշինքի նախագահող Հակոբ Ավագյանն իր բացման խոսքում շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչ РосТруд-ին և ԱՄԿ-ին՝ կարևորելով 21-րդ դարում թվային գործիքների կիրառումը, հատկապես՝ համավարակի պատճառով սահմանափակ հնարավորությունների պայմաններում, երբ տեսչական մարմինների կողմից հեռահար ստուգումների անցկացման թիվն ավելացել է բոլոր երկրներում։

«Վերջերս Երևանում կայացած ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեկան համաժողովի ժամանակ հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու ՌԴ տեսչական մարմնի թվային և հեռահար վերահսկողության գործիքներին։ Վստահ եմ, որ ԱՄԿ և մյուս գործընկերների համանման փորձն օգտակար կլինի Դաշինքի անդամների համար»,- նշել է Հ․ Ավագյանը։

Վեբինարի ժամանակ քննարկվել են աշխատանքային օրենսդրության և աշխատանքի պաշտպանության վերաբերյալ հեռավար վերահսկողության առանձնահատկությունները, առավելությունները, սահմանափակումները և պահանջները, ներկայացվել է միջազգային փորձը: Վեբինարին մասնակցել են ԱՄԿ ղեկավար կազմի և ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի ներկայացուցիչներ։

 
 
  

ԱԱՏՄ մասնագետները հոկտեմբերի 22-28-ին իրականացրել են ընդհանուր 1035 ստուգայց


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանված Քովիդ-անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողությունը։

ԱԱՏՄ մասնագետները նոյեմբերի 22-28-ին իրականացրել են ընդհանուր 1035 ստուգայցեր, որոնց արդյունքում արձանագրել են 15 խախտում։ Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․

☑ Երևանի տարածքային կենտրոն՝ 768 ստուգայց, 9 խախտում, 8 իրավախախտում, 11 տուգանք,

☑ Հարավային տարածքային կենտրոն՝ 40 ստուգայց, 1 խախտում, 6 տուգանք,

☑ Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 47 ստուգաց, 4 խախտում, 4 նախազգուշացում, 6 տուգանք,

☑ Արևմտյան տարածքային կենտրոն՝ 94 ստուգայց, 2 նախազգուշացում, 1 տուգանք,

☑ Արևելյան տարածքային կենտրոն՝ 86 ստուգայց, 1 խախտում, 2 նախազգուշացում, 8 ՎԻՎ արձանագրություն, 11 տուգանք։