Աշխատանքային պայմանագրերի կնքման էլեկտրոնային հարթակի ներդրումը` ՀՀ կառավարության 2021-2026 թթ-ի գործունեության միջոցառումների ծրագրում

Աշխատանքային պայմանագրերի կնքման էլեկտրոնային հարթակի (E-Labor) ներդրումը պետական մարմինների համար պարտադիր կլինի 2023 թվականի հուլիսից, իսկ ոչ պետական մարմինների համար՝ 2025 թվականից։ Այս համակարգի ներդրման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում, որը հավանության է արժանացել կառավարության նոյեմբերի 18-ի նիստում։

Հարթակի ներդրման նպատակով նախատեսվում է լրացումներ կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում։

Աշխատանքային պայմանագրերի կնքման էլեկտրոնային հարթակի ներդրումը թույլ կտա բարձրացնել աշխատողների իրավունքների պաշտպանվածության մակարդակը, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության թվայնացված և բարելավված մեխանիզմներ կիրառել։

Ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվել 2022 թ. դեկտեմբերը։

Իրազեկման սեմինար՝ մասնավոր նախադպրոցական հաստատությունների տնօրենների համար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության մասնագետներ` Ժանետա Պետրոսյանը և Արմենուհի Ներսիսյանը իրազեկման առցանց սեմինար են անցկացրել մասնավոր նախադպրոցական հաստատությունների տնօրենների համար։

Տեղեկատվական սեմինար անցկացնելու առաջարկով Տեսչական մարմնին դիմել էր Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիան (ՄՆՀԱ)։

Առցանց հանդիպման ժամանակ քննարկվել է նախադպրոցական ոլորտի իրավական ակտերի և լիցենզավորման պարտադիր պահանջների  թեման, պարզաբանվել են սանիտարահիգիենիկ նորմերը, համաճարակային իրավիճակով պայմանավորված իրազեկել են սահմանափակումների և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ:

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են թեմայի վերաբերյալ մասնակիցների մի շարք հարցերին։

Հաստատվել է ԱԱՏՄ գործունեության 2022 թ. տարեկան ծրագիրը

Տեղի է ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը։

Օրակարգում ընդգրկված էր 4 հարց.

1. ԱԱՏՄ 2022 թվականին իրականացվելիք ստուգումների տարեկան ծրագրի քննարկում և հաստատում,

2. ԱԱՏՄ 2022 թվականի գործունեության տարեկան ծրագրի քննարկում և հաստատում,

3. ԱԱՏՄ որակի ապահովման վարչության 2022 թվականի գործունեության տարեկան ծրագրի քննարկում և հաստատում,

4. «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 6-ի N 14-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Խորհրդի որոշման նախագծի քննարկում և հաստատում։

Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Խորհրդի անդամներին ներկայացրել է օրակարգի հարցերը։

Օրակարգի հարցերն արժանացել են Խորհրդի անդամների դրական կարծիքին։