Կայացել է Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան աշխատանքային խմբի առցանց քննարկումը

ՀՀ կառավարության սույն թվականի հոկտեմբերի 06-ի նիստում հավանության է արժանացել ««Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» նախաձեռնության շրջա­նակ­ներում ՀՀ  2022-2024թթ. գործողությունների ծրագիր»  կառավարության որոշման նախագիծը։

Նախագծում ներառված է նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հանձնառության առաջարկությունը, այն է՝  ՀՀ-ում աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգի (հարթակի) ներդրման միջոցով թվայնացնել ՀՀ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը)՝ աշխատողների աշխատանքի ազատ ընտրության և աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով։

ԲԿԳ-Հայաստան աշխատանքային խմբի համակարգող Լիլյա Աֆրիկյանի նախաձեռնությամբ, այսօր կայացել է Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան (ԲԿԳ) աշխատանքային խմբի առցանց քննարկումը, որին մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչները, ովքեր ևս մեկ անգամ ներկայացրել են վերոհիշյալ հանձնառության կարևորությունը մեր երկրի համար։

Քննարկմանը հաջորդել է հարց ու պատասխան, հնչել են  առաջարկներ։

Աշխատանքային քննարկում՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման Ազգային ծրագրի իրականացման շրջանակներում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը և նույն վարչության աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը մասնակցել են ՀՀ-ում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման Ազգային ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքային քննարկմանը։

Տեսչական մարմնի ներկայացուցիչները առաջարկություններ են ներկայացրել՝ թրաֆիքինգի երևույթի դեմ պայքարի Գործողությունների ազգային ծրագրի խնդրահարույց միջոցառումների, ինպես նաև գնահատման ցուցանիշների հստակեցման վերաբերյալ։

Նպատակը՝ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելն է և այդ համատեքստում հարկադիր աշխատանքի դեպքերի բացահայտման, զոհերի նույնականացման գործընթացը բարելավելն է։

Աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցել են նախարարությունների, Քննչական կոմիտեի և Ոստիկանության, ինչպես նաև այլ շահագրգիռ կառույցների մասնագետները։

Քննարկումը նախաձեռնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և «Տվյալներ ազդեցության համար» նախաձեռնության համագործակցությամբ։