Ստուգայցեր` նաեւ հանգստյան օրերին. ԱԱՏՄ-ն փոքրաթիվ խախտումներ է արձանագրել

 

 

Covid-անվտանգության նորմերի խախտումներ` Լոռու մարզի Ստեփանավան, Ալավերդի, Սպիտակ և Վանաձոր քաղաքների դեղատներում ու առևտրի կենտրոններում:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցների դիտարկումները փաստում են՝ նշված քաղաքների որոշ տնտեսավարողների մոտ չի իրականացվել, մասնավորապես, հաճախորդների ջերմաչափում, թերի են լրացվել ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները, բացակայել են անհրաժեշտ հանդերձապահարանները, եղել են դիմակ չկրելու դեպքեր, ախտահանիչ նյութերում հայտնաբերվել է սպիրտի ոչ ճիշտ չափաբաժին:

Տեսչականի մասնագետները իրազեկել են տնտեսավարողներին ՀՀ առողջապահության նախարարի N 30-Ն հրամանով սահմանված նորմերի մասին: Խորհրդատվական աշխատանքին զուգահեռ տրվել է նաև խախտումները տեղում և արագ վերացնելու հանձնարարական:

Որպես սահմանված կանոնների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին` ԱԱՏՄ-ն շարունակում է ուշադրության կենտրոնում պահել անվտանգության կանոնների պահպանման գործընթացը և կոչ է անում տնտեսավարողներին` խստագույնս պահպանել սանիտարահամաճարակային կանոնները:

 

 

 

 

 

 

 

Որքանով են մարզասրահներում պահպանվում covid-անվտանգության կանոնները. ԱԱՏՄ-ն Երեւանում հանգստյան օրով ստուգայց է անցկացրել։

 

Արձանագրվել է ընդհանուր առմամբ բարվոք պատկեր։ Որոշակի թերություններ են նկատվում գրանցամատյանների վարման կարգում. դա նշանակում է, որ աշխատողների ջերմաչափման ու ախտահանման աշխատանքները կամ պատշաճ չեն արվում, կամ պատշաճ չեն գրանցվում։

ԱԱՏՄ-ն հիշեցնում է`

Մարմնամարզության և սպորտի բնագավառում արտադպրոցական դաստիարակությունը իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար սահմանված են առանձին կանոններ։ Այս հաստատություններում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ղեկավարը:

Տարածքի ախտահանման պահանջներից են, մասնավորապես,

— Ամեն օր մարզումները սկսելուց առաջ մարզադպրոցների տարածքը մանրակրկիտ մաքրվում և ախտահանվում է 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցներով կամ 70-90%-ոց սպիրտով, կատարելով գրանցումներ գրանցամատյանում,

— Օրվա ընթացքում՝ (առնվազն 2 անգամ), իրականացվում է տարածքի, ներքին մակերեսների, մարզասարքերի, ձեռքով հնարավոր հաճախակի հպման մակերեսների (մարզման պարագաների մակերեսներ, սարքավորումների վրայի բռնակներ), սանհանգույցների, լողախցիկների մակերեսների ախտահանում՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով կամ 70-90%-ոց սպիրտով, կատարելով գրանցումներ գրանցամատյանում,

— Հաստատության ներսում իրականացվում է օդափոխություն՝ յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ՝ 8-10 րոպե տևողությամբ՝ բացառելով մարզվողների ներկայությամբ միջանցիկ օդափոխությունը,

— Հերթափոխով մարզվելու ժամանակ, յուրաքանչյուր հերթափոխից հետո տվյալ մարզասրահի շփման բոլոր մակերեսներն ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով կամ 70-90%-ոց սպիրտով, կատարելով գրանցումներ գրանցամատյանում։

Նորմերը հաստատված են ՀՀ առողջապահության նախարարի 30-ն հրամանով։

 

 

Ուրբաթ և շաբաթ օրերին ուժեղացված ստուգայցեր` Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի Արտաշատ, Էջմիածին, Արմավիր և Թալին քաղաքներում։

ԱԱՏՄ մասնագիտական խմբերը covid-անվտանգության կանոնների պահպանումը դիտարկել են բժշկական հաստատություններում, ատամնաբուժական կաբինետներում, դեղատներում, բանկերում, սպասարկման գրասենյակներում և գեղեցկության սրահներում։

Ստուգայցերի արդյունքում կոպիտ խախտումներ չեն արձանագրվել, սակայն մի շարք կազմակերպություններում գրանցամատյանները թերի են լրացվում, հաճախորդների շրջանում արձանագրվել են նաև դիմակներ չկրելու դեպքեր։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները տնտեսավարողների ուշադրությունը հրավիրում են անվտանգության նոր կանոնների վրա. ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանը խմբագրվել է։