Մտահոգիչ խախտումներ․ Covid-անվտանգության նոր կանոնները թերի են կիրառվում մարզերում

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի Գավառ, Աբովյան և Հրազդան քաղաքների հիվանդանոցներում, ատամնաբուժարաններում, վարսավիրանոցներում և մանրամեծածախ առևտրի կետերում ստուգայցի ընթացքում մտահոգիչ խախտումներ են նկատել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները։

ԱԱՏՄ տեսուչներն արձանագրել են, որ բժշկական հաստատություններում խախտումներ են եղել՝ կապված վտանգավոր թափոնների անվտանգ գործածության և մանրէազերծման աշխատանքների հետ։ Տեսչականի մասնագետները խախտումներն արագ վերացնելու հանձնարարական են տվել։

Մյուս տնտեսավարողների մոտ հիմնական խախտումները շարունակում են նույնը մնալ՝ թերություններ ախտահանման աշխատանքներում, ոչ ճիշտ չափաբաժիններով ախտահանիչ նյութերի առկայություն, չի իրականացվում օրական 2 անգամ ջերմաչափում, պատշաճ կերպով չեն վարվում կամ առհասարակ բացակայում են գրանցամատյանները:

Ինչ վերաբերում է դիմակ կրելուն, ապա ԱԱՏՄ տեսուչներն այստեղ դրական դինամիկա են տեսնում. նկատվում է դիմակներն ավելի շատ և ճիշտ կրելու միտում։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147218) սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը հանրապետության ողջ տարածքում։

Հիշեցում՝ տարբեր ոլորտների համար սահմանված covid-անվտանգության կանոններում նոր փոփոխություններ կան։

  

ՀԷՑ, ՀԿԵ, Երեւանի քաղաքապետարան եւ կենտրոնի խանութներ․ ԱԱՏՄ լայնածավալ ստուգայցերը շարունակվում են

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման աշխատանքային թիմերն այսօր լայնածավալ ստուգայց են կատարել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Հյուսիսային պողոտայի խանութներում, «Մետրոնում» առևտրի կենտրոնում։

Զուգահեռ՝ դիտարկվել են նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲ և Հարավկովկասյան երկաթուղի «ՀԿԵ» ՓԲ ընկերությունների գրասենյակները, Երևանի քաղաքապետարանը։

Դիտարկված բոլոր տնտեսավարողների մոտ, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր է նկատվել։ Առանձնահատուկ և կոպիտ խախտումներ ԱԱՏՄ տեսուչները չեն արձանագրել։

ՀԷՑ և ՀԿԵ ՓԲԸ գրասենյակներն ու Երևանի քաղաքապետարանը շարունակել են կիրառել նախկինում ընդունված ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների ձևանմուշները և իրազեկման թերթիկները։ Տեսչականի մասնագետները տեղում իրազեկել և թերությունները վերացնելու հանձնարարական են տվել։

Մարդկանց կուտակում է նկատվել Հյուսիսային պողոտայի խանութներում, ինչի մասին տեղյակ է պահվել պատասխանատուներին եւ հանձնարարվել է հրատապ վերացնել խախտումները։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ամենօրյա ռեժիմով շարունակում է աշխատանքը, նպատակը սահմանված անվտանգության նորմերի պահպանման վերահսկողությունն ու համաճարակի տարածումը կանխելն է: