Ի՞նչ է արձանագրել ԱԱՏՄ ստուգայցը «Թեղուտ» ՓԲԸ-ում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը հանրապետության ողջ տարածքում։

ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խումբը լայնածավալ ստուգայց է իրականացրել «Թեղուտ» ՓԲԸ-ի հանքավայրում և դրա վարչական ու գրասենյակային տարածքներում։ Ստուգայցի արդյունքներով տնտեսավարողի մոտ արձանագրվել է Covid-անվտանգության նորմերի պահպանման բարվոք պատկեր։

Մասնավորապես, աշխատակիցներն ապահովված են եղել պաշտպանիչ դիմակներով, ախտահանիչ նյութերով, տարածքում առկա են եղել օգտագործված թափոնների համար անհրաժեշտ ոտնակով աղբամաններ, ճշգրիտ լրացված են եղել ջերմաչափման և ախտահանման մատյանները, պահպանվել են սննդի կազմակերպման համար և ընդհանուր առմամբ անվտանգության հիմնական նորմերը:

 

📌 ԱԱՏՄ-ն միաժամանակ իրազեկում է՝ Covid-անվտանգության ի՞նչ նորմեր են սահմանված հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի տնտեսավարողների համար.

✔️ Աշխատավայրում նվազագույնի է հասցվում առանձին հանքախորշերի աշխատողների միջև շփումը,

✔️ Կազմակերպության տնօրենը նշանակում է տարբեր գոտիների աշխատողների հետ անհրաժեշտության դեպքում կապ հաստատող աշխատողներ,

✔️ Հանքի տարածքում առանձնացվում են աշխատանքային գոտիներ տարբեր գործառույթներ իրականացնող աշխատողների համար՝ վարչական, լաբորատոր, արտադրամաս, արհեստանոց, բացահանք, ստորգետնյա տարածք, սննդի ապահովման, ավտոպարկ,

✔️ Հագուստի՝ ոչ աշխատանքային և աշխատանքային պահպանման համար ապահովվում են հանդերձապահարաններ,

✔️ Հագուստը հանդերձապահարանում պահվում է մեկանգամյա օգտագործման կամ անձնական՝ անվանական պարկերի մեջ,

✔️ Հերթափոխային աշխատանքի դեպքում աշխատավայրում տարբեր հերթափոխերի աշխատողները չեն շփվում,

✔️ Յուրաքանչյուր հերթափոխից հետո կատարվում է տարածքի խոնավ մաքրում և ախտահանում,

✔️ Հանքի տարածքի աշխատանքային գոտիներում սնունդն ընդունելու վայրերում սահմանվում է աշխատողների առավելագույն թույլատրելի քանակ` մարդկանց միջև սոցիալական հեռավորության պահպանման նպատակով,

✔️ Ընդմիջմանը սնվելու համար նախատեսվում են առանձնացված տարածքներ, որոնք ապահովվում են հոսող ջրով և օճառով լվացվելու ու ձեռքերի ախտահանման հնարավորությամբ, որտեղ ևս պահպանվում է 1,5 մետր սոցիալական հեռավորությունը,

✔️ Կողմնակի անձանց մուտքը կազմակերպության տարածք արգելվում է: Անհրաժեշտության դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, բուժանձնակազմի և այլ անձանց մուտքը հնարավոր է միայն պարտադիր ջերմաչափում անցնելուց հետո,

✔️ Կազմակերպության տարածքում, ինչպես նաև մուտքի/ելքի մոտ մարդկանց կուտակումներ արգելվում է,

✔️ Աշխատանքային օրվա ընթացքում առնվազն երկու անգամ՝ աշխատանքներն սկսելուց առաջ և ընդմիջումից հետո կազմակերպվում է վարչական և արտադրական սենքերի խոնավ մաքրում և ախտահանում՝ 70-90% սպիրտի
հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով։ Հարկ է ապահովել ախտահանիչների եւ դիմակների առկայությունը։

 

ԱԱՏՄ-ն խստորեն դիտարկում է համաճարակային անվտանգության կանոնները


Դեղատներ, ատամնաբուժարաններ, բժշկական և առևտրի կենտրոններ, գեղեցկության սրահներ. ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներն այսօր, մասնավորապես, ուշադրության տակ են առել նշված հաստատություններում անվտանգության նորմերի պահպանումը։

Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան քաղաքների տնտեսավարողների մոտ անակնկալ ստուգայցերը փաստում են՝ անվտանգության նորմերի խախտումները վերջին շրջանում զգալիորեն նվազել են։

Ոչ կոպիտ, տեղում շտկվող խախտումներ արձանագրելու դեպքում տեսուչները տրամադրում են խորհրդատվություն, իրականացնում բացատրական աշխատանք:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հերթական անգամ նշում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի պահպանումը պարտադիր է։

Մարզադպրոցներում Covid-անվտանգության ի՞նչ կանոններ է դիտարկում ԱԱՏՄ-ն՝ ստուգայցերի ընթացքում

Մարմնամարզության և սպորտի բնագավառում արտադպրոցական դաստիարակությունը իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար սահմանված են առանձին կանոններ։ Այս հաստատություններում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ղեկավարը:

Հաստատությունում անհրաժեշտ է ապահովել՝

  • դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված ախտահանիչ միջոցների առկայությունը,
  • ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով, օճառով, չորացման համար անհրաժեշտ պարագաներով,
  • «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, ոտնակային կառավարմամբ փակվող կափարիչով աղբամաններով,
  • հեռահար ջերմաչափով։

Աշխատանքի կազմակերպում հաստատությունում՝

  • ընդհանուր մուտքի, սանհանգույցների, հանդերձարանի, խոհանոցային հատվածի, մարզասրահների, դասասենյակների մուտքերի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար՝ առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով, անձեռոցիկներ և ոտնակային կառավարմամբ կափարիչով աղբարկղեր,
  • մուտքի մոտ իրականացվում է աշխատողների, սաների և այցելուների ջերմաչափում և գրանցում,
  • COVID-19-ին բնորոշ ախտանիշներ (ջերմություն՝ 37 և ավելի, հազ, դժվարացած շնչառություն) ունեցողները մուտք չեն գործում կազմակերպություն,
  • սովորողների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, բացառությամբ մարզումների ընթացքում,
  • կողմնակի անձինք մուտք չեն գործում մարզադպրոցներ՝ բացառությամբ հրատապ անհրաժեշտության դեպքերի, օրինակ՝ մարզասարքերի վերանորոգման նպատակով,
  • սարքավորումների հետ շփման դեպքում՝ մինչ դրանց օգտագործումն ու օգտագործումից հետո՝ ախտահանվում են,
  • մարզասարքերը տեղադրվում են միմյանցից առնվազն 1,5 մետր հեռավորության վրա.
  • անհրաժեշտության դեպքում դահլիճից հեռացվում է սարքավորումների մի մասը:

Տարածքի ախտահանումը կազմակերպվում է հետևյալ ձևով՝

  • ամեն օր մարզումները սկսելուց առաջ մարզադպրոցների տարածքը մանրակրկիտ մաքրվում և ախտահանվում է 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցներով կամ 70-90%-ոց սպիրտով, կատարելով գրանցումներ գրանցամատյանում,
  • օրվա ընթացքում՝ (առնվազն 2 անգամ), իրականացվում է տարածքի, ներքին մակերեսների, մարզասարքերի, ձեռքով հնարավոր հաճախակի հպման մակերեսների (մարզման պարագաների մակերեսներ, սարքավորումների վրայի բռնակներ), սանհանգույցների, լողախցիկների մակերեսների ախտահանում՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով կամ 70-90%-ոց սպիրտով, կատարելով գրանցումներ գրանցամատյանում,
  • հաստատության ներսում իրականացվում է օդափոխություն՝ յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ՝ 8-10 րոպե տևողությամբ՝ բացառելով մարզվողների ներկայությամբ միջանցիկ օդափոխությունը,
  • հերթափոխով մարզվելու ժամանակ, յուրաքանչյուր հերթափոխից հետո տվյալ մարզասրահի շփման բոլոր մակերեսներն ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով կամ 70-90%-ոց սպիրտով, կատարելով գրանցումներ գրանցամատյանում,
  • սաներն ապահովվում են խմելու ջրի համար անհատական տարողություններով կամ միանվագ օգտագործման բաժակներով,
  • ապահովվում է սրբիչների անհատականացնելու սկզբունքը,
  • աշխատողների սնվելու համար առանձնացվում է հոսող ջրով և օճառով լվացվելու և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ տարածք,
  • խոհանոցային պարագաների օգտագործելուց հետո կատարվում է պարագաների ախտահանում, կիրառելով ախտահանիչ միջոցներ,
  • մարզագորգերն ախտահանիչ միջոցներով ախտահանվում են ամեն օր մինչ դրանց կիրառումը՝ կատարելով գրանցումներ գրանցամատյանում,
  • մարզասրահում, մարզագորգերի վրա մարզումներ իրականացնելու ժամանակ անհրաժեշտ է ապահովվել յուրաքանչյուր անձի համար առնվազն 2 քմ. տարածություն,
  • խմբակային մարզումների ժամանակ անհրաժեշտ է խումբը բաժանել մասերի, հնարավորություն ստեղծելով յուրաքանչյուր անձի համար նախատեսված տարածության պահպանման համար:

Աշխատողների համար կանոններն են՝

  • ապահովվում է աշխատողների ջերմաչափումը հեռահար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ, որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին, մյուսը՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ կատարելով նշում գրանցամատյանում,
  • 37 կամ ավելի բարձր ջերմություն ունենալու դեպքում տվյալները հաղորդվում է աշխատողի հաշվառման առաջնային առողջության պահպանման կենտրոն:

Այցելուների համար կանոններն են՝

  • մարզասրահը զերծ է պահվում մարդկային կուտակումներից: Այդ նպատակով սրահի յուրաքանչյուր 2 քառակուսի մետրում թույլատրվում է առավելագույնը 1 անձ,
  • սահմանափակվում են հաստատությունում գտնվող անձանց միջև սերտ շփումները (բացառությամբ՝ մարզման ընթացքում նախատեսված դեպքերի): Հարավոր բոլոր հանձնարարությունները սաները կատարում են տանը, իսկ դրանց հետ կապված քննարկումներն իրականացվում են հեռավար եղանակով,
  • ոչ խմբային սպորտաձևերի պարագայում սահմանվում է մարզումների հերթափոխային գրաֆիկ,
  • առանձնացվում են մարզումների գոտիներ` տարբեր մարզաձևերի և առանձին այցելուների համար:

Բոլոր մանրամասները՝ կից հղումով` https://bit.ly/2USzdIU: