Սյունիքի մարզի Կապան, Սիսիան և Գորիս քաղաքներում հակահամաճարակային կանոնների կոպիտ խախտումներ չեն արձանագրվել. ԱԱՏՄ


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Երևանում և մարզերում շարունակում է վերահսկողական աշխատանքը։ ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանումներն ամենօրյա ռեժիմով ստուգայցեր են իրականացնում վերահսկողության ոլորտում գտնվող տնտեսվարողների մոտ։

Տեսչական մարմնի հարավային տարածքային ստորաբաժանման մասնագետների այսօրվա ստուգայցերը Սյունիքի մարզի Կապան, Սիսիան և Գորիս քաղաքներում էին։

Ըստ արձանագրված պատկերի, հակահամաճարակային կանոնների խախտումներն այս քաղաքներում նվազման միտում ունեն։ Դիտարկված առևտրի կենտրոններում, մանկապարտեզում, գեղեցկության սրահներում, դեղատներում, ատամնաբուժական կաբինետներում, բժշկական կենտրոններում և պոլիկլինիկաներում ԱԱՏՄ տեսուչները կոպիտ խախտումներ չեն արձանագրել։

Ստուգայցերի ընթացքում տեսչականի մասնագետները դիտարկում են ախտահանիչ նյութերի առկայությունը, մակնշումը, ուսումնասիրում նաև դրանց պարունակությունը։ Ստուգվում է, մասնավորապես, ախտահանման գործընթացը, դիմակների առկայությունը, օգտագործված դիմակների համար նախատեսված աղբամանների առկայությունը, գրանցամատյանների լրացման գործընթացը։

Տեսուչները ստուգայցերին զուգահեռ իրականացնում են նաև բացատրական և իրազեկման աշխատանքներ` տնտեսավարողների ուշադրությունը հրավիրելով առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված նորմերի կատարման գործընթացին։


  

Ի՞նչ նորմեր է դիտարկում ԱԱՏՄ-ն հանրային տրանսպորտում․ արձանագրված խախտումների հիմքով ի՞նչ քայլեր են ձեռնարկվում

Հասարակական տրանսպորտում Covid-անվտանգության նորմերի պահպանումը, այդ թվում՝ դրանցում ախտահանման աշխատանքների իրականացումը ԱԱՏՄ վերահսկողակության ներքո է։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի մասնագետների ստուգայցերը շարունակվում են օրվա ամենատարբեր ժամերի՝ տարբեր տնտեսավարողների մոտ։ Արձանագրված խախտումների հիմքով կան հարուցված վարչական վարույթներ։

ԱԱՏՄ մասնագիտական թիմերի կրկնայցերով նաեւ դիտարկվում է, թե որքանով են վերացվել նախորդիվ արձանագրված խախտումները, որոնց անհապաղ շտկման զգուշացում է տրվել։

Հասարակական տրանսպորտային միջոցները շահագործող կազմակերպությունների ներկայացուցիչներին ԱԱՏՄ ստուգայցերի ընթացքում տրվում է խորհրդատվություն, իրազեկում՝ կապված հակահամաճարակային նորմերի պահպանման, ընթացիկ աշխատանքների կազմակերպման հետ։

Տնտեսվարողները բարձր են գնահատում ԱԱՏՄ աշխատանքը, ինչի մասին շեշտում են հենց իրենք՝ բարձրացնելով նաեւ խնդիրներ, որոնց առնչվում են։ ԱԱՏՄ մասնագիտական ուղղորդումը թույլ է տալիս շտկել խախտումները։

ԱԱՏՄ-ն տեղեկացնում է՝ տրանսպորտում համավարակի տարածումը կանխելու նպատակով հաստատված նորմերով, մասնավորապես, սահմանված է՝

❌Արգելվում է

ուղևորի մուտքը տրանսպորտային միջոց՝ առանց դիմակի։

❗️ Պարտադիր է

տրանսպորտային միջոց բարձրանալիս ուղևորներն ախտահանում են ձեռքերը։

❌Արգելվում է
տրանսպորտային միջոցում կանգնած ուղևորների փոխադրումը,

հավելյալ ինքնաշեն նստատեղերի ավելացումը:

❗️ Պարտադիր է

տրանսպորտային բոլոր միջոցներում մուտքի մոտ տեղադրվում են ձեռքերի առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչներ։

❌Արգելվում է

Վարորդին՝ վարել առանց դիմակի։

❗️ Պարտադիր է
Տրանսպորտային միջոցները պետք է ախտահանվեն օրը նվազագույնը 2 անգամ՝ 70-90% սպիրտային հիմքով ախտահանիչով (ըստ սահմանված ուղեցույցի):

Ի՞նչ նորմեր է դիտարկում ԱԱՏՄ-ն հանրակրթական հաստատություններում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում՝ դիտարկելով Covid-անվտանգության կանոնների պահպանումը։ Վերջիններս սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 24-ն հրամանով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147225։

Հաստատությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունը ողջ ծավալով կրում է դրա ղեկավարը։

Հանրակրթական հաստատությունների համար, մասնավորապես, սահմանված է.

☑️դասարանի աշակերտների թիվը չի գերազանցում 20-ը

☑️չեն իրականացվում զանգվածային միջոցառումներ (ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառում, զվարճանք, բեմականացում),

☑️ժամանակավորապես չեն գործում երկարօրյա ծառայությունները, խմբակները, բացառությամբ՝ հեռավար եղանակով կազմակերպվողների,

☑️ժողովները և հավաքները կազմակերպվում են հեռավար, եթե անհնար է՝ բացօթյա, կամ այլ վայրում՝ պահպանելով սանիտարահամաճարակային կանոնները,

☑️մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում, միջանցքներում, վարչական մասում տեղադրվում են «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ ոտնակով փակվող աղբամաններ, օգտագործված դիմակները հավաքվում են հերմետիկ փակ տոպրակներով և հեռացվում կենցաղային աղբի հետ,

☑️մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում տեղադրվում են տարաներ՝ ախտահանման առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով՝ յուրաքանչյուր մտնողի ձեռքերի պարտադիր ախտահանման համար,

☑️սովորողները, անձնակազմը և այցելուները պարտադիր դնում են դիմակ՝ բացառությամբ լսողության և խոսքի խանգարումներ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների,

☑️նախատեսվում է սենք (մեկուսարան), որտեղ մեկուսացնում են COVID-19-ին բնորոշ ախտանշաններ՝ հազ, ջերմություն, դժվարացած շնչառություն ունեցող սովորողները և աշխատողները, այդ մասին անմիջապես տեղեկացնելով առողջության առաջնային պահպանման համապատասխան կենտրոն և ծնողին,

☑️մուտքի մոտ սահմանվում է հսկողություն՝ կուտակումները բացառելու նպատակով,

☑️հաստատություն մտնելիս և օրվա ընթացքում սովորողները և աշխատողները ջերմաչափվում են, 37 և բարձր ջերմության դեպքում արդյունքները գրանցվում են «Սովորողների ջերմաչափման արդյունքների գրանցման մատյանում» (Ձև 2) և «Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման մատյանում (Ձև 3),

☑️առնվազն 14 օրվա ընթացքում կորոնավիրուսով աշխատողների, սովորողների, ընդհանուր թվի 10 տոկոս և ավելի վարակման դեպքում առաջարկ է ներկայացվում լիազոր մարմիններին՝ «առկա» ուսուցման ժամանակավոր դադարեցման վերաբերյալ,

☑️դասերն անցկացվում են կոնկրետ դասարաններում՝ բացառելով սովորողի տեղաշարժը,

☑️դասամիջոցներին սովորողների տեղաշարժը հսկում են ուսուցիչը կամ պատասխանատուն՝ բացառելով կուտակումները,

☑️Ամեն օր՝ մինչ դասերի սկիզբը, հաստատության մակերեսները՝ այդ թվում դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման այլ մակերեսներ (հոսանքի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր, մկնիկ և այլն) ախտահանվում են 70-90% սպիրտով կամ դրա հիմքով այլ ախտահանիչ միջոցով, գրանցվում գրանցամատյանում,

☑️եթե դասերը նույն օրում կազմակերպվում են հերթափոխով, ապա ախտահանում իրականացվում է նաև հերթափոխերի միջև, ինչի համար ընդմիջմանը նախատեսվում է բավարար ժամանակ,

☑️ապահովվում է բնական օդափոխություն առնվազն օրը 3 անգամ՝ 8-10 րոպեով,

☑️ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով, ախտահանման հնարավորությամբ։

Սովորողը չի հաճախում հաստատություն, եթե նրան հրահանգվել է ինքնամեկուսանալ՝ ըստ առողջության առաջնային պահպանման կենտրոնի տեղեկանքի։

Սովորողին կարող է ուղեկցել ոչ ավելի, քան մեկ անձ: Ուղեկցողի մուտքը հաստատություն արգելվում է՝ բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների։