Սգո ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար սահմանվել են Covid-անվտանգության առանձին կանոններ

Սգո ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար սահմանվել են Covid-անվտանգության առանձին կանոններ։

Մասնավորապես,

 Հոգեհանգստի արարողություն, սգո ծառայություններ իրականացնող կազմակերպության տնօրենը նշանակում է պատասխանատու, ով ապահովում է կազմակերպության ողջ տարածքում սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը եւ այլն։

 Կազմակերպության կողմից հոգեհանգստի և հուղարկավորության արարողության համար նախատեսված վայրի ընդհանուր մուտքի, սանհանգույցի, առանձին սենքերի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի համար առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով,

 Հոգեհանգստի և հուղարկավորության արարողության համար նախատեսված տարածքում ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային կառավարման ծորակներով, օճառով, դրա անհնարինության դեպքում՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով,

 Հուղարկավորության արարողությունից հետո լվացվելիս ձեռքերը ընդհանուր սրբիչով չեն չորացվում,

 Հոգեհանգստի արարողության համար նախատեսված վայրում ապահովվում է պատշաճ բնական օդափոխություն՝ օրական առնվազն 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ,

 Oրական առնվազն երկու անգամ ախտահանվում են հոգեհանգստի արարողության համար նախատեսված վայրի մակերեսները 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով։ Ախտահանման աշխատանքները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում։

Հոգեհանգստի և հուղարկավորության արարողության մասնակիցները պետք է զերծ մնան միմյանց հետ ֆիզիկական շփումից (համբուրվել, գրկախառնություն, ձեռքսեղմում), պարտադիր դնեն դիմակ, հնարավորինս պահպանեն հեռավորություն մյուսներից։ 60-ից ավելի մարդ չպետք է մասնակցի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը:

Աշխատողների համար եւս սահմանվել են նորմեր՝ նրանց ամենօրյա ջերմաչափման, կորոնավիրուսին բնորոշ ախտանշանների դեպքում ձեռնարկվելիք քայլերի մասով։

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տեղեկացնում է՝ առողջապահության նախարարի 30-Ն հրամանով խմբագրվել է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները հաստատելու մասին նախարարի 17-Ն հրամանը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145242

ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է՝ Covid-անվտանգության կանոնները վերանայվել են նաեւ գեղեցկության սրահների և վարսավիրանոցների համար


ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) իրազեկում է՝ Covid-անվտանգության կանոնները վերանայվել են նաեւ գեղեցկության սրահների և վարսավիրանոցների համար՝  համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 30-ն հրամանի։

ԱԱՏՄ նախորդիվ իրականացված ստուգայցերն ու դիտարկումները փաստում են՝ խախտումների դրսևորումներն առավել հաճախակի են այս տնտեսավարողների մոտ։ Դրանք հատկապես ռիսկային են այն առումով, որ գեղեցկության սրահներում աշխատողն ու հաճախորդը միմյանցից շատ փոքր հեռավորության  վրա են գտնվում։

Գեղեցկության սրահների և վարսավիրանոցների համար, մասնավորապես, սահմանված է.

  • Կազմակերպությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է դրա ղեկավարը, որն աշխատողներին ապահովում է դիմակով, ձեռքերի առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով, անձեռոցիկներով,
  • Աշխատանքի մեկնարկին և օրվա ընթացքում (առնվազն 2 անգամ) կատարվում է տարածքի խոնավ մաքրում և ախտահանում՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով,
  • Ապահովվում են աշխատավայրի մուտքի մոտ ձեռքերի ախտահանման համար տարաներ՝ առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչով,
  • Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում,
  • Աշխատողները և այցելուները պարտադիր դնում են դիմակ,
  • Յուրաքանչյուր այցելուից հետո օգտագործված գործիքներն ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով,
  • Սրահում ապահովվում է բնական օդափոխոխություն յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ՝ 8-10 րոպե տևողությամբ կամ յուրաքանչյուր այցելուից հետո,
  • Աշխատողի ջերմությունը չափում են օրական նվազագույնը երկու անգամ (հեռահար կամ անհատական օգտագործման ջերմաչափով, այդ թվում՝ աշխատողների անձնական ջերմաչափով)՝ մեկը՝ աշխատողի աշխատանքի ներկայանալու ժամանակ, մյուսը՝ աշխատանքային օրվա ընթացքում,
  • Մինչև 36,9 ջերմության դեպքում դրվում է նշան (V), իսկ 37 և բարձր ջերմության դեպքում գրանցվում է ջերմաչափի ցուցմունքը: 37 կամ ավելի բարձր ջերմություն ունենալու դեպքում տվյալները հաղորդվում է անձի հաշվառման առաջնային առողջության պահպանման կենտրոն,
  • COVID-19-ին բնորոշ ախտանիշներ (ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն) ունեցող աշխատողները չեն թույլատրվում աշխատանքի,
  • Աշխատողների աշխատատեղերի միջև պահպանվում է առնվազն 1,5 մետր հեռավորություն,
  • COVID-19-ին բնորոշ ախտանշաններով՝ ջերմություն (37 և ավելի), հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուների և աշխատակիցների մուտքը տարածք արգելվում է,
  • Արգելվում է սրահում մարդկանց կուտակումները և հերթերը, վերջիններիս առաջացման դեպքում պահպանվում է մարդկանց միջև 1.5 մետր հեռավորություն,
  • Օգտագործված դիմակները հավաքվում են «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ ոտնակային կառավարմամբ կափարիչով աղբարկղի մեջ։

Նոր պահանջներ ու նորմեր՝ արտադպրոցական կենտրոնների համար․ պահմանումը պարտադիր է՝ անկախ դրանց սեփականության ձեւից


ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝

Արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման համար սահմանվել են առանձին պահանջներ։

Դպրոցից դուրս գործող զարգացման կենտրոնների, խմբակների, լրացուցիչ կրթության կենտրոնների համար սահմանված նորմերը ենթակա են պարտադիր կատարման։

ՀՀ առողջապահության նախարար 30-ն հրամանով (Հավելված 18), մասնավորապես, սահմանվել է․

🔸 Այս հաստատություններում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է դրա տնօրենը: Վերջինիս հրամանով նշանակվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու։

🔸 Հաստատությունում անհրաժեշտ է ապահովել՝
1) դիմակների, ձեռքերի և մակերեսների ախտահանիչ միջոցների առկայությունը,
2) ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջուր, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակ կամ ախտահանման հնարավորություն, օճառ,
3) «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ փակվող աղբամաններ,

4) հեռահար ջերմաչափ։

🔸 Հաստատությունում չեն իրականացվում զանգվածային միջոցառումներ՝ ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառումներ, զվարճանքներ, բեմականացումներ եւ այլն։ Ժողովները և հավաքները կազմակերպվում են հեռավար կամ բացօթյա կամ այլ տարածքներում։

🔸 Հաստատություն հաճախողների ընդունումը և ճանապարհումն իրականացվում է հերթափոխով (օրինակ՝ սահմանել սովորողների գալու և գնալու ժամային միջակայք)՝ պահպանելով սոցիալական հեռավորություն:

🔸 Երեխային ուղեկցողը մուտք չի գործում հաստատություն: Մտնելիս և աշխատանքային օրվա կեսին սովորողներն ու աշխատողները ջերմաչափվում են, 37 և բարձր ջերմության դեպքում արդյունքները գրանցվում են գրանցման մատյանում, COVID-19-ին բնորոշ ախտանիշեր ունեցողները մուտք չեն գործում հաստատություն:

🔸Մուտքի մոտ, լսարաններում, սանհանգույցներում, հանդերձարաններում տեղադրվում են ձեռքերի ախտահանման միջոցներ՝ առնվազն 70% սպիրտային հիմքով՝ յուրաքանչյուր մտնողի ձեռքերի պարտադիր ախտահանման համար:

🔸Կրթությունը կազմակերպվում է բեռնաթափված խմբերով՝ առավելագույնը 16 սովորողի թվով և ապահովելով պարապմունքների ժամանակ սովորողների միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն՝ պահպանելով «խաչաձևության» սկզբունքը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սեղանի հակադիր ծայրերին նստեցումը:

🔸Մարզասրահում, պարասրահում պարապմունքների ընթացքում պետք է ապահովել ամեն անձի համար առնվազն 2 քմ տարածություն: Խմբակային մարզումների ժամանակ պետք է խումբը բաժանել մասերի՝ տարածության պահպանման հնարավորություն ստեղծելով:

🔸Հաստատությունը վերաբացելուց 1 օր առաջ և ամեն օրվա ավարտին ընդհանուր մաքրվում և ախտահանվում է հաստատության ողջ տարածքը՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց։

Բոլոր մանրամասները՝ կից հղումով` https://bit.ly/2USzdIU:

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված վերահսկողական աշխատանքները հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։