❗️❗️ Ուշադրություն
Covid-անվտանգության կանոնները վերանայվել են։
❗️Առևտրի իրականացման վայրերի համար սահմանված նորմերը եւս փոփոխվել են: Մասնավորապես, սահմանվել է․

 Առավոտյան ժամը 10-12-ն ընկած ժամանակահատվածում միայն տարեց մարդկանց սպասարկելու կանոնն այլևս չի գործում,
 Շփման մակերեսներն ախտահանելու համար կիրառվող նյութերին ներկայացված պահանջները փոխվել են․ 60-80%-ոց սպիրտի հիմքով ախտահանիչ նյութերի փոխարեն պետք է կիրառել 70-90% սպիրտի հիմքով նյութեր, ձեռքերը մշակել առնվազն 70% սպիրտի հիմքով ախտահանիչ նյութերով,
 Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների
պատասխանատուն այսուհետ պետք է նշանակվի տնօրենի հրամանով, որն աշխատակցի՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքում պետք է օժանդակի նրա հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակի ճշտմանը։
 Առևտրի կենտրոններում մուտքի մոտ այսուհետ պետք է կատարել հաճախորդների ջերմաչափում, չսպասարկել կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչառություն ունեցող այցելուներին։

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տեղեկացնում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 30-Ն հրամանով խմբագրվել է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները հաստատելու մասին նախարարի 17-ն հրամանը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145242

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքներն՝ ուղղված Covid-անվտանգության նորմերի պահպանմանը։

Տնտեսվարողները պետք է պարբերական բժշկական զննության ենթակա իրենց աշխատողների թիվն ԱԱՏՄ-ին ներկայացնեն մինչեւ դեկտեմբերի 1-ը

ՀՀ կառավարության 2004թ. հուլիսի 15-ի 1089-Ն որոշմամբ՝ հանրապետությունում գործող տնտեսավարողները պետք է ոչ ուշ, քան մինչև դեկտեմբերի 1-ը ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին ներկայացնեն պարբերական բժշկական զննության ենթակա իրենց աշխատողների թիվը, որը վերջնականապես որոշվում է ԱԱՏՄ հետ համատեղ։

Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջները՝ ԱԱՏՄ-ն, իր վերահսկման ոլորտում հնարավոր խախտումները կանխելու և հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով, տեղեկացնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն աշխատողները, որոնք աշխատանքի վայրում կարող են ենթարկվել մասնագիտական ռիսկի գործոններին, պարտավոր են մինչև աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերաբար անցնել բժշկական զննություն` գործատուի հաստատած ժամանակացույցի համապատասխան:

Գործատուն պատասխանատվություն է կրում նախնական և պարբերական բժշկական զննություն չանցած, ինչպես նաև բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելու համար: Նա պարտավոր է հետամուտ լինել աշխատանքի վայրում մասնագիտական ռիսկի գործոնների ազդեցությանը ենթարկվող աշխատողների նախնական և պարբերական բժշկական զննության անհրաժեշտ ծավալով և որակով կատարմանը, ինչը հնարավորություն կտա կանխել աշխատողների առողջական վիճակով պայմանավորված դժբախտ պատահարները և մասնագիտական հիվանդությունները, ինչպես նաև խուսափել վարչական պատասխանատվությունից:

Տեսչական մարմինը հսկողություն է իրականացնում նախնական և պարբերական բժշկական զննության ենթակա բոլոր աշխատողների պարտադիր բժշկական զննության ենթարկվելու և այն ժամանակին անցկացնելու նկատմամբ:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ հորդորում ենք տեսչական մարմնին ներկայացնել պարբերական բժշկական զննության ենթակա աշխատողների ցուցակը` ըստ արտադրությունների, արտադրամասերի (տեղամասերի) անվանումների, աշխատողների վրա ազդեցություն ունեցող համապատասխան արտադրական վնասակար և վտանգավոր գործոնների, մասնագիտությունների ու տվյալ պայմաններում աշխատանքի ստաժի։

Տեղեկացնում ենք նաև, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 475-րդ հոդվածի համաձայն՝ պարտադիր նախնական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելու, ինչպես նաև պարտադիր պարբերական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։

Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, բժշկական զննության ծավալի և բժշկական հակացուցումների ցանկը հաստատված է ՀՀ կառավարության 2004թ. հուլիսի 15-ի թիվ 1089-Ն որոշմամբ։

Հակահամաճարակային կանոնների խախտումները Կապանում եւ Գորիսում նվազման միտում ունեն

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի մասնագետները Սյունիքի մարզի Կապան քաղաքի ատամնաբուժարաններում և առևտրի կետերում ստուգայցի ընթացքում կոպիտ խախտումներ չեն նկատել։

Նման պատկեր է նկատվել նաեւ Գորիսում, որտեղ ստուգայցերն անցկացվել են գեղեցկության սրահներում։ Այս ոլորտի տնտեսավարողների մոտ հիմնականում հաճախորդների կուտակման դեպքեր են արձանագրվել, հետևաբար խախտվել է սոցիալական հեռավորության պահանջը։

Ստուգայցերի ընթացքում տեսուչները ուշադրության են առել ախտահանիչ նյութերի առկայությունը, ախտահանիչների մակնշումը, ուսումնասիրել դրանց պարունակությունը, ստուգել գրանցամատյանների լրացման գործընթացը, իսկ բժշկական հաստատություններում ստուգվել է մասնավորապես նաև ախտահանման գործընթացը։

Covid-անվտանգության նորմերի խախտումների բացառման նպատակով ԱԱՏՄ ստուգայցերը շարունակվում են մայրաքաղաքում և մարզերում։

Տեսուչները ստուգայցերին զուգահեռ իրականացնում են բացատրական և իրազեկման աշխատանքներ` տնտեսավարողների ուշադրությունը հրավիրելով առողջապահության նախարարի 17-ն հրամանով սահմանված նորմերի վրա։

ԱԱՏՄ-ն հորդորում է համավարակի տարածումը կանխելու նպատակով պահպանել հաստատված նորմերը։