Պարզաբանում․ ԱԱՏՄ-ն չի «նեղացրել» տնտեսվարողին, գործել է բացառապես օրենքի սահմաններում

Անդրադառնալով համացանցում «Նաիրա Ադամյան Ադամի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տեղ գտած գրառմանը, թե ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը «նեղացնում է իր փոքրիկ բիզնեսին», պարզաբանում ենք հետեւյալը․

ԱԱՏՄ ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը հարցի մասին տեղեկացրել է տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին, ապա վերջինիս հանձնարարությամբ կապ է հաստատել ԱՁ-ի ներկայացուցչի հետ՝ նրան հրավիրելով տեսչական մարմնի՝ Երեւանի տարածքային կենտրոն։ Հանդիպման ընթացքում Երեւանի տարածքային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատարը եւ տեսուչները տնտեսվարողին իրազեկել եւ պարզաբանել են, որ ԱԱՏՄ տեսուչների կողմից զննումների ընթացքում իրեն պատկանող դեղատանը իր կողմից ցուցաբերված վարքագիծը օրենքով դիտարկվում է որպես խոչընդոտում։ Տեղեկացվել է, որ տեսչական մարմնի կողմից ձեռք առնված հետագա միջոցները, այդ թվում եւ՝ տուգանքի սահմանումը, տնտեսվարողի կողմից օրենքի խախտման մասին հրապարակային իրազեկումն օրենքի սահմաններում են։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել տնտեսվարողին հրավիրել գործի հետագա քննությանը։

ԱՁ ներկայացուցիչն իր հերթին պարզաբանել է, թե տեղյակ չի եղել օրենքի դրույթներին, ապա շնորհակալություն է հայտնել խորհրդատվության եւ պատշաճ մոտեցման համար։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ԱԱՏՄ-ն տարածել էր հրապարակում այն մասին, որ կասկածելի դեղեր վաճառող դեղատունը խոչընդոտել է ԱԱՏՄ մասնագետների աշխատանքին։ Անհատ ձեռնարկատիրոջը պատկանող դեղատանը իրականացրած զննման արդյունքում ԱԱՏՄմասնագետները հայտնաբերվել էին ՀՀ-ում գրանցման և օրինական ներմուծված լինելու տեսանկյունից կասկած հարուցող, չդրոշմապիտակավորված դեղեր: Տեսչական մարմնի աշխատակցի արձանագրության կազմման ընթացքում տնտեսվարողը ցուցաբերել էր խոչընդոտում՝ վերցվել էին վերոնշյալ դեղերը և արագ դուրս տարվել դեղատնից, աշխատակիցների՝ դեղերը վերադարձնելու և իրավիճակը չբարդացնելու հորդորներն անցել էին ապարդյուն։ Դրա հետեւանքով կասկած հարուցող վերոնշյալ դեղերը լիարժեք չէին արձանագրվել:

Տեսչական մարմինը հիշեցնում է՝ Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների և (կամ) վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելն առաջացնում է տուգանքի նշանակում։

  • քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի չափով,
  • պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

Խախտումների մասին հրապարակավ տեղեկացվելու է հանրությանը։

Հատուկ ուշադրություն դարձնել հյուրանոցների սանիտարական և հիգիենիկ պատշաճ վիճակին․ ԱԱՏՄ-ն հորդորում է


Ամանորին ընդառաջ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում այցելուների մեծ ներհոսքը նկատի առնելով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել սանիտարահամաճարակային անվտանգության օրենսդրության պահանջների ու նորմերի ճիշտ կիրառումը՝ անձնակազմի և այցելուների առողջության պահպանման նպատակով։ Դրանց պահպանումը թույլ կտա կանխել վարակների տարածումը եւ հանգիստը լիարժեք անցկացնել։

Միաժամանակ, իրազեկելու նպատակով քաղաքացիների ուշադրությունն ենք հրավիրում հյուրանոցներում սանիտարական և հիգիենիկ պատշաճ վիճակին առնչվող մի շարք նորմերի վրա։

ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարական և համաճարակաբանական նորմերի ու կանոնների պահանջների համաձայն, մասնավորապես, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում պարտադիր պետք է առկա լինեն առաջին բուժօգնության արկղիկներ:

  • Ծխելը չարգելող սրահներում պետք է անխափան գործի օդափոխիչ համակարգը,
  • Օրական մեկ անգամ պետք է իրականացվի սենյակների մաքրում,
  • Անկողնային սպիտակեղենը պետք է փոխվի ոչ պակաս, քան շաբաթը 2 անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում` ավելի հաճախ,
  • Կենցաղային աղբը պետք է կուտակվի կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղերում տեղադրված պոլիէթիլենային տոպրակներում,
  • Հյուրանոցային համարներում սրբիչները պետք է փոխվեն ամեն օր,
  • Յուրաքանչյուր զուգարանակոնքին կից պետք է տեղադրված լինի մաքրման խոզանակ` ախտահանիչ լուծույթով տարայում։

Հյուրանոցային օբյեկտներում մի շարք վարակների տարածման ամենահավանական հատվածներից են լողավազաններն ու բաղնիքները։ Այս առումով ԱԱՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է պահպանել սանիտարական և համաճարակաբանական նորմերը, մասնավորապես, լողավազանների թույլատրելի միանվագ ծանրաբեռնվածությանը։

  • Ավազանի ջուրը պարտադիր պետք է վարակազերծված լինի,
  • Մեծահասակների լողավազանում ջրի ջերմաստիճանը 24-260C պետք է լինի, երեխաների ավազանում՝ 30,
  • Մեծահասակների լողավազաններում 1 մարդուն անհրաժեշտ ջրի հայելու նորմատիվ մակերեսը 5,0-8,0 մ2 է, երեխաներինը՝ 4,0- 5,0 մ2,
  • Ավազանի ջրի վերին աղտոտված շերտի հեռացման համար ավազանի պատերին պետք է լինեն ջրահեռացման ջրհորդաններ,
  • Լողավազանի (բաղնիքի) ցնցուղարան ու դահլիճ արգելվում է մտնել հագուստով, կոշիկներով, իսկ ավազան` առանց ցնցուղ ընդունելու,
  • Լողավազանում (բաղնիքում) պետք է հաճախորդներին տրվեն միայն միանվագ օգտագործման հողաթափեր և անհատական օգտագործման, փաթեթավորված հիգիենիկ պարագաներ` օճառ, սպունգ, սպիտակեղեն և այլն,
  • Լողավազանի բուժշխատողը պարտադիր ամեն օր արտաքին զննություն պետք է իրականացնի՝ միկոզի և այլ մաշկային վարակիչ հիվանդությունների ախտանիշերով անձանց լողավազանից օգտվելը չթույլատրելու համար,
  • Լողավազան հաճախող նախադպրոցական և ցածր դպրոցական հասակի երեխաները պարտադիր պարբերաբար պետք է հետազոտվեն էնտերոբիոզի նկատմամբ,
  • Լողավազանների, բաղնիքների միկրոկլիման պետք է ստուգվի 4 ժամը 1 անգամ։

Խնդիրների հայտնաբերման կամ անհանգստացնող հարցերը պարզաբանելու համար հարկ է դիմել հյուրանոցի տնօրինությանը։

Հիշեցնում ենք՝ տնտեսվարողը պարտավոր է հետևել օբյեկտի լուսավորությանը, օդափոխությանը, ջեռուցմանը, միկրոկլիմային, աղմուկին, գույքի շահագործմանը և սանիտարական ռեժիմին ներկայացվող պահանջներին։

Հյուրանոցային տնտեսություններում սանիտարական և համաճարակաբանական նորմերի ու կանոնների պահանջների հնարավոր խախտումները կանխելը տնտեսվարողներին հնարավորություն կտա խուսափել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառումից։

Շնորհակալագրեր՝ ԱԱՏՄ աշխատանքը լավագույնս լուսաբանելու համար

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը շնորհակալագրեր է հանձնել անցնող տարում ԱԱՏՄ-ի աշխատանքը համակողմանի, բարեխիղճ և ամենաակտիվը լուսաբանած 3 լրատվամիջոցի։ Վերջիններիս ընտրությունը հիմնավորվել է լրատվահոսքի մոնիթորինգի արդյունքներով, ըստ որոնց՝ անցնող տարվա ընթացքում ԱԱՏՄ-ին առնչվող տեղեկատվություն ամենաշատը հաղորդել են «Իրավաբան.net», ապա՝ Lragir.am լրատվական կայքերը։ Տեսչական մարմնի գործունեությունը 2019 թվականի ընթացքում լուսաբանելիս բարեխիղճ եւ վստահելի մոտեցում ցուցաբերելու համար շնորհակալագրի է արժանացել նաեւ «Արմենպրես» լրատվական գործակալությունը։

ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը, շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար, հույս է հայտնել, որ եկող տարվա համար ծրագրված ծանր ու պատասխանատու աշխատանքը եւս կլինի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ «Շնորհակալ կլինենք թե արվող աշխատանքի արդյունքները նկատելու, եւ թե քննադատական դիտարկումների համար, քանի որ դրանք որոշ դեպքերում կարող են օգտակար լինել տարբեր խնդիրների լուծմանը հասնելու համար»,-նկատել է Ավագյանը։

Նշված ԶԼՄ-ների հետ հարցազրույցում Ավագյանը նաեւ անդրադարձել է 2019-ի ընթացքում արձանագրված մի շարք կարեւոր ցուցանիշերի՝ նկատելով, որ հարուցված վարչական վարույթների գերակշիռ մասը եղել է հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության մասով՝ 1650 վարույթից՝ 1031-ը։

Նրա փոխանցմամբ՝ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը եկող տարի առաջին անգամ առաջնորդվելու է ստուգումների ծրագրով, որում ընդգրկված է շուրջ 200 կազմակերպություն։