azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




«Tax stamp» բջջային անվճար հավելվածով կարելի է հայտնաբերել կասկածելի դեղերը․ նման դեպքերում հարկ է դիմել ԱԱՏՄ

Դեղերի շուկայում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողության ընթացքում պարզվել է, որ բազմաթիվ կազմակերպություններ, որոշ դեպքերում չունենալով նույնիսկ սեփական պահեստներ, ԵԱՏՄ անդամ երկրներից գործող օրենսդրության պահանջների խախտմամբ՝ առանց փորձաքննության և Առողջապահության նախարարության կողմից տրվող համապատասխանության հավաստագրի, մեծածախ ծավալներով ներմուծում, ազատորեն դրոշմապիտակավորում և իրացնում են բազմաթիվ՝ որակի, անվտանգության և արդյունավետության առումով կասկած հարուցող, ինչպես նաև հնարավոր չգրանցված, գրանցված, բայց որակազրկված, կեղծ, հոգեմետ և հսկվող դեղեր։

Ըստ այդմ, առանց Առողջապահության նախարարության կողմից փորձաքննության ենթարկվելու, ՀՀ պետական սահմանը անարգել հատելով՝ դեղերը միանգամից (ի տարբերություն 3-րդ երկրներից կատարվող ներմուծումների, երբ առանց Առողջապահության նախարարարության թույլտվության դեղերը չեն կարող մաքսազերծվել) տեղափոխվում են սեփական պահեստներ կամ ուղղակի դրոշմապիտակավորվելով անհայտ պայմաններում և հասցեներում, հաշիվ-ապրանքագրերով իրացվում են:

Բացի պետական տուրքերը և փորձաքննության գումարները չվճարվելուց՝ վտանգի տակ է դրվում նաև բնակչության առողջության պահպանումը, դեղի գրանցման և ներմուծման ընթացակարգերի ամբողջ ինստիտուտը:

Տեսչական մարմնի ներկայիս վերահսկողական գործիքակազմը թույլ չի տալիս ապահովել դեղերի շրջանառության ոլորտում արդյունավետ և կանխարգելիչ վերահսկողություն, և, հետևաբար, չեն կարող երաշխավորել անվտանգ ու վերահսկելի դեղերի շուկա, քանի որ ներմուծման ներկայումս գործող ընթացակարգերը թույլ են տալիս ոչ բարեխիղճ ներմուծողներին «օգտվել» առկա հնարավորություններց և, մոռանալով անվտանգության մասին, առաջնորդվել միայն կոմերցիոն շահերով։

Նշված խնդիրները կարգավորելու եւ դեղերի շուկան վերահսկելի դարձնելու նպատակով կառավարությունը հաստատեց «Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Ըստ այդմ՝ «Վերո սիսթեմ» և «Մեկ պատուհան» համակարգերը ծրագրով կփոխկապակցվեն։ «Tax stamp» անվճար ներբեռնվող հավելվածում առկա տվյալների մեջ կավելացվի նոր ֆունկցիա՝ ցանկացած դեղի փորձաքննություն անցած լինելը տեղում պարզելու նպատակով։ Բջջային այս հավելվածով անհնար կդառնա չհավստագրված դեղի դրոշմապիտակավորումը։

«Tax Stamp» հավելվածով դեղը սկանավորելիս հնարավոր կլինի ցանկացած դեղի հավաստագրված և անվտանգ լինելը պարզել թե՛ ստուգողի, թե՛ դեղատան, թե՛ սպառողի կողմից ցանկացած վայրում՝ առանց դեղը լրացուցիչ փորձաքննության ուղարկելու, որը ամբողջ շուկան հնարավորինս զերծ կպահի չհավաստագրված դեղերի շրջանառությունից։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դիմում է դեղերի շրջանառության սուբյեկտներին և քաղաքացիներին՝ հնարավորինս կիրառել «Tax stamp» անվճար ներբեռնվող հավելվածը, իսկ դեղերի հետ կապված բոլոր կասկածելի դեպքերի մասին տեղեկացնել ԱԱՏՄ։

Այսպիսով կբացառվի ԵԱՏՄ անդամ երկրներից դեղերի ներմուծման ժամանակ (երբ բացակայում է մաքսային հսկողությունը և դեղերը ազատորեն տեղափոխվում են ընկերության պահեստներ) «Միասնական մեկ պատուհան» համակարգի և պետության կողմից սահմանված այլ ընթացակարգերի շրջանցման ակնհայտ հնարավորությունը, որից օգտվում են բազմաթիվ ոչ բարեխիղճ վարքագիծ դրսևորող ընկերություններ։

Արդյունքում, որակի փորձաքննության կենթարկվեն ներմուծվող բոլոր դեղերը, իսկ առանց Առողջապահության նախարարություն հայտ ներկայացնելու ներմուծված կամ փորձաքննության բացասական արդյունքներ արձանագրած խմբաքանակները չեն կարող դրոշմապիտակավորվել և ազատորեն իրացվել սպառողներին, ինչպես կատարվում է հիմա։

Նախագիծը մշակվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից։



Վերադառնալ