ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով Իտալիայում է

2025 թվականի հունիսի 15-ից 18-ը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Սլավիկ Սարգսյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Ժիրայր Խառատյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և Տեսչական մարմնի թվով 8 աշխատակիցներ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակում աշխատանքային այցով գտնվում են Իտալիայի Աշխատանքի տեսչական մարմնում՝ նպատակ ունենալով խորացնել փոխգործակցությունը ոլորտում և խորացնել կիրառվող լավագույն փորձի փոխանակումը։

Համագործակցության շրջանակներում կազմակերպված ճանաչողական այցը միտված է տեսուչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և նոր հմտությունների ձեռքբերմանը, ինչպես նաև Տեսչական մարմնում վերահսկողական գործառույթների կիրառման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը՝ հենվելով իտալական լավագույն փորձի վրա։

Միաժամանակ, Տեսչական մարմնի աշխատակիցներն այցի ժամանակ գործնական մասնակցություն են ունեցել Իտալիայի աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացվող ստուգումներին և վերջիններիս հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու նրանց կողմից իրականացվող վերահսկողական գործառույթների ընթացքում կիրառվող տարբերակներին։

Այս նախաձեռնությունը հանդիսանում է արդյունավետ հարթակ՝ տեղեկատվության փոխանակման և համագործակցության գործընթացի բարելավման համար։

 

ԱԱՏՄ-ն իրազեկում է

Ուշադրությո՛ւն

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է

Հրապարակվել է Առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 26-ի ««Հաղորդման և հաշվառման ենթակա հիվանդությունների ստանդարտ բնորոշումներ» հանրային առողջապահական նորմատիվը հաստատելու մասին» N 49-Ն հրամանը։

Հրամանն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունիսի 20-ին։

Հրամանի հղումը՝ https://old.arlis.am/DocumentView.aspx?DocID=207851

ԱԱՏՄ ղեկավար Սլավիկ Սարգսյանի ուղերձը կանոնադրության հաստատման օրվա առթիվ

Հարգելի քաղաքացիներ, տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչներ, Տեսչական մարմնի աշխատակիցներ

Այսօր Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության հաստատման 7-րդ տարին է, որի կապակցությամբ հղում եմ իմ ջերմ շնորհավորանքները։

2018 թվականի հունիսի 11-ին Վարչապետի 755-Լ որոշմամբ հաստատվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրությունը, համաձայն որի՝ Տեսչական մարմինը Կառավարությանը ենթակա մարմին է, որն իրականացնում է վերահսկողություն և օրենքով սահմանված այլ լիազորություններ.

  • դեղերի շրջանառության,
  • բժշկական օգնության և սպասարկման,
  • հանրային առողջապահության,
  • անձի ֆունկցիոնալության գնահատման,
  • աշխատանքային իրավունքի, այդ թվում՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտներում։

Այս 7 տարիների ընթացքում նկատելիորեն բարձրացել է Տեսչական մարմնի ոչ միայն ճանաչելիությունը հանրության և տնտեսավարող սուբյեկտների շրջանում, այլ նաև վստահությունը Տեսչական մարմնի նկատմամբ։ Այդ են վկայում Տեսչական մարմնի գործունեության վերաբերյալ ստացված արձագանքների վերլուծության արդյունքները, որոնք միաժամանակ օգնում են նաև բարելավել մեր հետագա գործունեությունը։

Տեսչական մարմինն առաջնորդվում է «Տեսչական մարմինների մասին» օրենքով սահմանված կարևորագույն սկզբունքներով՝ մշտապես հաշվետու լինելով պետության և հանրության առջև, կանխարգելիչ գործունեությունը համարելով գործառույթների իրականացման առաջնային միջոց։

Այս կարևոր օրվա առիթով շնորհակալություն եմ հայտնում Տեսչական մարմնի բոլոր աշխատակիցներին՝ մշտապես ծանրաբեռնված, անտրտունջ և բարեխիղճ աշխատանքի համար։