
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին Սոչիում (ՌԴ) մասնակցել է Աշխատանքի տեսչությունների Եվրասիական տարածաշրջանային դաշինքի համաժողովին։
Համաժողովի օրակարգային հարցերն էին.
- Աշխատանքի տեսչական մարմինների միջազգային ասոցիացիայի 2025 թվականի գործունեությունը (զեկուցող՝ Սլավիկ Սարգսյան),
- Դաշինքի անդամ երկրների կողմից իրականացվող վերահսկողության առանձնահատկությունները,
- անօրինական աշխատանքի դեմ պայքարին ուղղված գործողությունները,
- «Դաշինքի լավագույն տեսուչ» տարբերանշանի մշակում,
- Նախագահության ընտրություն,
- 2025 թվականի լավագույն տեսուչների պարգևատրում,
- այլ ընթացիկ հարցեր,
- Համաժողովի արդյունքների ամփոփում։
Միաժամանակ քննարկվել են աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման գործընթացին առնչվող մի շարք արդիական հարցեր, ներկայացվել են նոր մոտեցումներ՝ ռիսկերի գնահատման, վերահսկողության և աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգերի կատարելագործման ուղղությամբ։
Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը, ով միաժամանակ Աշխատանքի տեսչական մարմինների միջազգային ասոցիացիայի փոխնախագահն է և տարածաշրջանային երկրների պատասխանատուն, ներկայացնելով օրակարգի առաջին հարցը՝ իր ելույթում կարևորել է համագործակցության խորացումը. «Մենք բոլորս ունենք մեկ ընդհանուր նպատակ՝ առողջ և առավել անվտանգ աշխատանքային պայմաններ ստեղծել աշխատողների համար, պաշտպանել նրանց իրավունքները և վերացնել այն խոչընդոտները, որոնք ի հայտ են գալիս մեր միասնական նպատակի իրացման ճանապարհին։ Յուրաքանչյուր այսպիսի հանդիպում, քննարկում և փորձի փոխանակում մեզ մեկ քայլ առաջ է մղում դեպի մեր նպատակը»։
Համաժողովի ավարտին ամփոփվել են քննարկված հարցերը, հաստատվել են ձեռք բերված աշխատանքային պայմանավորվածությունները և հետագա անելիքները։






