Իրազեկման սեմինար՝ «Երևան» բժշկագիտական կենտրոն ՓԲ ընկերությունում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նաիրա Մերվազյանը բաժնի տեսուչների հետ միասին 2025 թվականի սեպտեմբերի 09-ին իրազեկման սեմինար են անցկացրել «Երևան» բժշկագիտական կենտրոն ՓԲԸ-ում։

Իրազեկման սեմինարին մասնակցել են բժշկական կենտրոնի մոտ 50 բուժաշխատողներ։

Ներկայացվել են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման» մասին ՀՀ օրենքի դրույթները և համապատասխան ենթաօրենսդրական, նոր ընդունված և ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները, մասնավորապես, իրազեկվել է  2025 թվականի օգոստոսի 28-ին ուժի մեջ մտած էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով էլեկտրոնային ժամանակավոր անաշխատունակության թերթիկի տրամադրման կարգը։

Տեղի է ունեցել հարց ու պատասխան․ Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են մասնակիցների բոլոր հարցերին։

 

Վերահսկողություն մերսման սրահներում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2024-2025թթ. ընթացքում վերահսկողություն է իրականացվել 80 մերսման սրահներում։

Արդյունքում պարզվել է, որ.

  • 4 դեպքում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները մատուցվել են բժշկական պատշաճ կրթություն չունեցող և սահմանված կարգով բժշկական գործունեության չթույլատրված անձանց կողմից, որի արդյունքում ապօրինաբար բժշկությամբ զբաղվելու համար Տեսչական մարմնի կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի համաձայն կիրառվել են պատասխանատվության միջոցներ, ինչպես նաև տրվել են կարգադրագրեր։
  • 3 դեպքում բուժական մերսում իրականացնող կազմակերպությունների կողմից խախտվել են լիցենզիայի պայմանները և պահանջները. այդ խախտումները վերացնելու համար Տեսչական մարմնի կողմից կազմակերպություններին տրվել են կարգադրագրեր։
  • 4 մերսման սրահում իրականացվել է բուժական մերսում՝ առանց լիազոր մարմնի կողմից բժշկական օգնության և սպասարկման «բուժական մերսում» տեսակի համար տրված լիցենզիայի, իսկ 6 դեպքում մատուցվել են ոչ բուժական մերսման ծառայություններ, սակայն վերջիններիս կողմից խախտվել են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ սահմանափակման ենթակա ծառայությունների տեղակայմանը ներկայացվող պահանջները։ Նշված դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է համապատասխան մարմիններին՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության օրը, տոն է բոլորի համար, ովքեր հավատում են կրթության ուժին և գիտելիքի անփոխարինելի արժեքին։

Այս օրն ամեն տարի մեզ հիշեցնում է, որ գիտելիքը մարդկության ամենամեծ հարստությունն է։ Այն ոչ միայն բացում է նոր հորիզոններ, այլև ապահովում է արժանապատիվ կյանք և առողջ հասարակություն։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կարևորում է կրթության և գիտելիքի դերը որպես մարդու արժանապատիվ աշխատանքի և առողջ կյանքի ամենաարդյունավետ երաշխիք։

Այս խորհրդանշական օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ։

Հարգելի՛ աշակերտներ և ուսանողներ, ձգտեք ամեն օր ավելացնել ձեր գիտելիքները, սիրով ու նվիրումով ուսանեք, քանի որ դա է ձեր ապագայի ամենահուսալի երաշխիքը։

Սիրելի՛ մանկավարժներ, ձեր նվիրումն ու գործն անգնահատելի են, իսկ ծնողների աջակցությունն՝ անփոխարինելի։

Թող նոր ուսումնական տարին լինի ձեռքբերումների, ստեղծագործ մտքի, անսպառ եռանդի և հաջողությունների տարի։

Շնորհավոր Գիտելիքի և դպրության օր։

Հարգանքով՝

Սլավիկ Սարգսյան