Կայացել է տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը

Մարտի 19-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Կառավարման խորհրդի կազմով, ՀՀ Առողջապահության նախարար, խորհրդի նախագահ Անահիտ  Ավանեսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի, Առողջապահության նախարարության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։

❗ Քննարկվել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2023 թվականի գործունեության ընթացքում հայտնաբերված ռիսկերի և արձանագրված խնդիրների վերաբերյալ հարցեր։

❗ ԱԱՏՄ ղեկավար Սլավիկ Սարգսյանը ներկայացրել է խմելու ջրի որակի, ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման նվազեցման ու գովազդի, դեղերի շրջանառության ոլորտի օրենսդրական պահանջների կատարման նկատմամբ իրականացված վերահսկողության վերաբերյալ տեղեկատվություն և դրանց արդյունքում արձանագրված խնդիրները։

✅ Աշխատանքային քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել գույքագրված խնդիրները լուծել քաղաքականություն մշակող լիազոր պետական մարմինների, շահագրգիռ գերատեսչությունների և Տեսչական մարմնի ակտիվ համագործակցությամբ։

Երեխայի խնամքի արձակուրդ

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվածի՝ երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:

Եթե խախտվել է Ձեր աշխատանքային իրավունքը, զանգե՛ք 81-07 կարճ համարին և հայտնեք այդ մասին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ www.facebook.com

Հերթական սեմինար ԱԱՏՄ Արևմտյան տարածքային կենտրոնում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի տեսուչները մարտի 18-ին Արարատի մարզի Արարատ խոշորացված համայնքում իրականացրել են հերթական իրազեկման սեմինար-դասընթացը։

Սեմինարին ներկա են եղել շուրջ 11 նախադպրոցական ուսումնական հաստատությունների 20-ից ավել ներկայացուցիչներ՝ տնօրեններ և բուժքույրեր։ Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը ողջունելով մասնակիցներին ներկայացրել է Տեսչական մարմնի առաջնահերթությունները, սկզբունքները և աշխատանքային որոշ առանձնահատկություններ։

Հանդիպման ընթացքում սեմինավարները մասնակիցներին ծանոթացրել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների սանիտարական վիճակին և պահպանմանը, օդի ջերմային ռեժիմին,  երեխաների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպմանը, աշխատակիցների անձնական հիգիենային, հաստատությունում երեխայի ընդունելությանը ներկայացվող պահանջների, ինչպես նաև նախադպրոցական կազմակերպություններում  կարմրուկի, ջրծաղիկի, գրիպի և սուր շնչառական վարակների տարածման կանխարգելման  վերաբերյալ իրավական կարգավորումներին։

Տարածքային կենտրոնի տեսուչները սեմինար-դասընթացի մասնակիցներին ներկայացրել են նաև 2023 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ մտած ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված ծավալուն փոփոխությունները, ծանոթացրել որոշ դրույթների։

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարց ու պատասխան, քննարկում։