Ուսումնական պրակտիկա՝ շինհրապարակում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտի «Կենսագործունեության անվտանգության» մասնագիտության վեցերորդ կուրսի ուսանողների հերթական խումբը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում անցկացվող ուսումնական պրակտիկայի շրջանակներում փորձուսումն անցկացրել է շինհրապարակում։

Գիտելիքների գործնական կիրառումն առավել արդյունավետ կազմակերպելու համար Տեսչական մարմինը դիմել էր շինարարություն իրականացնող ընկերությանը և վերջինների համաձայնությամբ սովորողների ուսումնական պրակտիկան այսօր անցկացրել է շինարարական հրապարակում։

ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի տեսուչներն ու շինարարության պատասխանատուները ուսանողներին տեղում ծանոթացրել են  շինաշխատանքներին, անվտանգության անհրաժեշտ միջոցառումներին, պատասխանել են նաև նրանց հարցերին։

Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթանում են աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի հարաբերությունները կարգավորող իրավական ակտերին ու աշխատանքային օրենսդրության ոլորտի այլ կարգավորումներին։




Հակոբ Ավագյանը առցանց ժողով էր հրավիրել Տեսչական մարմնի ողջ անձնակազմի մասնակցությամբ

Նոյեմբերի 9-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը առցանց ժողով էր հրավիրել Տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի, մարզային տարածքային կենտրոնների, Երևանի և կենտրոնական ապարատի ողջ անձնակազմի մասնակցությամբ։

Ավագյանը տեղեկացրեց անձնակազմին, որ սեփական դիմումի համաձայն դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Անդրադարձ կատարեց 2019-ից մինչ այսօր համատեղ իրականացված աշխատանքներին, Տեսչական մարմնի ձեռբերումներին և ընթացիկ ծրագրերին։

Եվս մեկ անգամ շեշտվեց թիմային աշխատանքի կարևորությունը, առանց որի հնարավոր չէր լինի դիմակայել այն մարտահրավերներին, որոնք բաժին ընկան հենց այս ժամանակաշրջանում՝ Covid, պատերազմ, արտակարգ իրավիճակներ երկրում և ահռելի մեծ գործառույթներ, որոնք դրված էին Տեսչական մարմնի վրա։

Ղեկավարը շնորհակալություն հայտնեց սահմանային հսկիչ կետերի աշխատակիցներին՝ լարված ռեժիմով աշխատելու համար, տեսուչներին, պետ-տեսուչներին՝ գերծանրաբեռնված ռեժիմով աշխատելու և բարձր ցուցանիշներ ապահովելու համար։ Հատուկ անդրադարձ արվեց իրավաբանական, ռիսկերի և ստուգումների պլանավորման, կենտրոնական ապարատի մասնագիտական վարչությունների և տարածքային կենտրոնների համակարգված աշխատանքներին և ձեռքբերումներին։

Հակոբ Ավագյանը համոզմունք է հայտնել, որ իրավական և ինստիտուցիոնալ հենքերի վրա դրված Տեսչական մարմնում, հաջորդիվ ևս կշարունակեն աշխատել պատասխանատվությամբ, և խնդրել է գործընկերներին նույն նվիրումով իրականացնել Տեսչական մարմնին օրենքով վերապահված գործառույթները։

Մաղթել է ամուր կամք և բարի ծառայություն։

 

 

 

 

Իրազեկման սեմինար՝ ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի մանկավարժական կազմի և սովորողների համար

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչներ՝ Ստեփան Շահումյանը, Կարեն Ղազարյանը և Լևոն Աբրահամյանը սեմինար քննարկում են իրականացրել ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի մանկավարժական կազմի և սովորողների համար։

Սեմինարն անցկացվել է աշխատող երեխաների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների, աշխատատեղում անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման, երեխաներին աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավման արգելման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դրույթների հանրային իրազեկման նպատակով։

Միջոցառումը կայացել է ՀՀ կառավարության 2021թ-ի սեպտեմբերի 30-ի թիվ 1622-Լ որոշմամբ հաստատված՝ Երեխայի իրավունքների պաշտպանության 2022 թվականի տարեկան ծրագրով, ինչպես նաև ՀՀ կառավարության 04.06.2020թ.-ի թիվ 909-Լ որոշման ՀՀ-ում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցով հաստատված միջոցառումների շրջանակներում։

Տեղի է ունեցել հարց ու պատասխան, քննարկում։