Նոյեմբերի 9-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը առցանց ժողով էր հրավիրել Տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի, մարզային տարածքային կենտրոնների, Երևանի և կենտրոնական ապարատի ողջ անձնակազմի մասնակցությամբ։
Ավագյանը տեղեկացրեց անձնակազմին, որ սեփական դիմումի համաձայն դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Անդրադարձ կատարեց 2019-ից մինչ այսօր համատեղ իրականացված աշխատանքներին, Տեսչական մարմնի ձեռբերումներին և ընթացիկ ծրագրերին։
Եվս մեկ անգամ շեշտվեց թիմային աշխատանքի կարևորությունը, առանց որի հնարավոր չէր լինի դիմակայել այն մարտահրավերներին, որոնք բաժին ընկան հենց այս ժամանակաշրջանում՝ Covid, պատերազմ, արտակարգ իրավիճակներ երկրում և ահռելի մեծ գործառույթներ, որոնք դրված էին Տեսչական մարմնի վրա։
Ղեկավարը շնորհակալություն հայտնեց սահմանային հսկիչ կետերի աշխատակիցներին՝ լարված ռեժիմով աշխատելու համար, տեսուչներին, պետ-տեսուչներին՝ գերծանրաբեռնված ռեժիմով աշխատելու և բարձր ցուցանիշներ ապահովելու համար։ Հատուկ անդրադարձ արվեց իրավաբանական, ռիսկերի և ստուգումների պլանավորման, կենտրոնական ապարատի մասնագիտական վարչությունների և տարածքային կենտրոնների համակարգված աշխատանքներին և ձեռքբերումներին։
Հակոբ Ավագյանը համոզմունք է հայտնել, որ իրավական և ինստիտուցիոնալ հենքերի վրա դրված Տեսչական մարմնում, հաջորդիվ ևս կշարունակեն աշխատել պատասխանատվությամբ, և խնդրել է գործընկերներին նույն նվիրումով իրականացնել Տեսչական մարմնին օրենքով վերապահված գործառույթները։
Մաղթել է ամուր կամք և բարի ծառայություն։