ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում մեկնարկել է վերապատրաստման դասընթացների շարք

«Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի շրջանակներում, Աշխատանքի միջազգային կազմակերպության համագործակցությամբ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում մեկնարկել է վերապատրաստման դասընթացների շարք։

Տեսուչների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման գործընթացի մեկնարկը տրվել է Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնում։

Տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության և Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժինների տեսուչներին ներկայացվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգերը, ՀՀ կառավարության համապատասխան որոշումները, Աշխատանքի իրավունքի բնագավառում վերահսկողության ստուգաթերթերի վերաբերյալ խորհրդատվություն։

Կայացել է հարց ու պատասխան, քննարկում։ Դասընթացների գնահատման նպատակով անցկացվել է նաև թեսթային աշխատանք։

Դասընթացները վարել են «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի համակարգող Նվեր Սարգսյանը, Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը, Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը և Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը։

Վերապատրաստման գործընթացը շարունակական է. դասընթացներ անցկացվելու են Տեսչական մարմնի տարածքային բոլոր կենտրոններում։

Սլավիկ Սարգսյանը ծանոթացել է Տեսչական մարմնի վարչական նոր շենքի շինարարության ընթացքին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանն այցելել է կառավարության որոշմամբ Տեսչական մարմնին ամրակցված վարչական նոր շենք, որտեղ այս պահին շարունակվում են վերանորոգման աշխատանքները։

Սլավիկ Սարգսյանը ծանոթացել է վերանորոգման աշխատանքների ընթացքին։ Շինարարական կազմակերպության ներկայացուցիչները հայտնել են, որ արդեն իսկ ավարտել են տանիքի վերանորոգման աշխատանքները, ընթացքի մեջ են արտաքին և ներքին հարդարման աշխատանքները։ Այցի ժամանակ քննարկվել են շենքի վերանորոգման հետ կապված մի շարք այլ ընթացիկ հարցեր ևս։

Վերանորոգման աշխատանքներն ավարտվելուն պես Արարատյան 26 հասցեում գտնվող տարածքում կտեղակայվեն Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի և Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցները՝ մոտ 150 հոգի։

Հիշեցնենք, որ Տեսչական մարմնի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ տարածքի նախագծանախահաշվային աշխատանքները կատարվել են անվճար հիմունքներով, իսկ էներգախնայող աշխատանքների իրականացման համար նախատեսված միջոցների 20%-ը համաֆինանսավորվելու է նշյալ ծրագրի կողմից։


Տեսչական մարմինն իրազեկում է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն (Տեսչական մարմին) օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում վերահսկողություն է իրականացնում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչներից) և (կամ) ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի կանոնների, գովազդի, իրացման (վաճառքի) խթանման արգելքի ու սահմանափակումների, ինչպես նաև օգտագործման սահմանափակումների ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու պահանջների կատարման նկատմամբ։

Ըստ այդմ՝ Տեսչական մարմինն իրազեկում է.

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված են ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործմանը ներկայացվող արգելքներն ու սահմանափակումները։

Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է՝ (…) հաստատություններում, մարմիններում, վայրերում և տարածքներում տեսանելի հատվածներում տվյալ հաստատության, մարմնի ղեկավարի կողմից պետք է տեղադրված լինեն ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը:

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=160917

ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի մայիսի 27-ի N 14-ն հրամանով սահմանված են ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներին ներկայացվող պահանջները։

Ըստ ցուցանակներին ներկայացվող պահանջների՝

Ցուցանակները լինում են` հորիզոնական և ուղղահայաց

Ցուցանակի թույլատրվող չափերն են`

1) ուղղահայաց դիրքով` 210×297 միլիմետր, իսկ ցուցանակում տեղադրված ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործումն արգելող նշանի չափը՝ 200×200 միլիմետր:

2) հորիզոնական դիրքով` ցուցանակի չափը 280×105 միլիմետր,  իսկ Ցուցանակում տեղադրված արգելող նշանի չափը՝ 100×100 միլիմետր:

 Ցուցանակի վրա տեղադրվում են հետևյալ նախազգուշացման տեքստերը.

1) արգելված վայրերում օգտագործումն առաջացնում է տուգանք` 50 000 ՀՀ դրամ,

2) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում օգտագործումն առաջացնում է տուգանք` 20 000 ՀՀ դրամ»,

3) ծխախոտային արտադրատեսակի կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի վաճառքի իրականացման վայրերում վաճառքը` 18 տարին չլրացած անձանց, առաջացնում է տուգանք` 80 000-100 000 ՀՀ դրամ»:

Արգելող նշանին ներկայացվող պահանջներն են`

1) գույները` սև, սպիտակ և կարմիր,

2) արգելող նշանն իրենից ներկայացնում է սպիտակ գույնի շրջան` երիզված կարմիր լայն եզրագծով, որն իր հերթին ունի նեղ սպիտակ եզրագիծ: Շրջանի կենտրոնում հորիզոնական դիրքով տեղադրվում են ամենատարածված ծխախոտային արտադրատեսակի, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի` սիգարետի և էլեկտրոնային սիգարետի գրաֆիկական պատկերները, որոնք 45 աստիճան անկյան տակ, աջից-ձախ մասնակիորեն փակված են իրենց հատող կարմիր գծով,

3) արգելող նշանի տրամագիծը 200×200 միլիմետր,

4) սպիտակ շրջանի տրամագիծը՝ 159 միլիմետր,

5) կարﬕր երիզի տրամագիծը՝ 193 միլիմետր,

6) կարﬕր երիզի հաստությունը` 17 միլիմետր,

7) թեք կարﬕր գծի հաստությունը 17 միլիմետր,

8) սիգարետի պատկերի չափերը՝ 115×34 միլիմետր,

9) էլեկտրոնային սիգարետի պատկերի չափերը՝ 132×45 միլիմետր,

Սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված չափի մակերեսի բացակայության դեպքում թույլատրվում է ուղղահայաց դիրքով ցուցանակի չափը համաչափ փոքրացնել 50 տոկոսով:

Ցուցանակը տեղադրվում է ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործումն արգելված վայրում` հաստատությունների կամ հիմնարկների կամ վայրերի կամ տարածքների տեսանելի հատվածներում, մասնավորապես յուրաքանչյուր մուտքի մոտ, ընդհանուր օգտագործման տարածքներում, այդ թվում` սանհանգույցներում, իսկ հասարակական տրանսպորտային միջոցներում` դռան վրա արտաքին կողմից և ներսում` տեսանելի հատվածում:

Բացի հիմնական ցուցանակներից, գործունեության իրականացման տարածքներում և վայրերում լրացուցիչ ցուցանակներ կարող են տեղադրվել սեփականատիրոջ կամ սեփականատիրոջ կողմից լիազորված այլ անձի ցանկությամբ:

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142877

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի 173.3 հոդվածով սահմանված է, որ Օրենքով նախատեսված դեպքերում հաստատությունների կամ հիմնարկների կամ վայրերի կամ տարածքների տեսանելի հատվածներում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման արգելքի մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակների բացակայությունը՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: (․․․) արարքն այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=170806