Աշխատանքային հանդիպում՝ ԱԱՏՄ-ում

Հունվարի 19-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ներկայացուցիչների հետ։

ԱՄԿ ներկայացուցիչները Տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանին ներկայացրել են Տեսչական մարմնի և կազմակերպության համագործակցությամբ ունեցած ձեռքբերումների, կատարված վերլուծությունների և դրանց արդյունքում վեր հանված խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն։

Քննարկվել են Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից իրականացվող «Միասին նպաստենք աշխատանքային իրավունքի իրացմանը» ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումների՝ ներքին և արտաքին հաղորդակցության մեխանիզմների կատարելագործման, ժամանակակից թվային գործիքների ներդրման և աշխատանքի տեսուչների մասնագիտական գիտելիքների զարգացման և հմտությունների կատարելագործման հետ կապված հարցեր։

Տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանն ընդգծել է ծրագրի իրականացման ավարտին իրական՝ չափելի արդյունքներ ունենալու կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Տեսչական մարմնի և ԱՄԿ հետագա համագործակցության վերաբերյալ այլ հարցեր ևս։


Ուսումնական հաստատություններում օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջները

ՀՀ առողջապահության նախարարի 2017թ. մարտի 28-ի N 12-Ն հրամանով  սահմանված են հանրակրթական հաստատություններում ջեռուցման նորմերի համար ներկայացվող պահանջները.

Ըստ այդմ՝
❗️ Հաստատության սենքերում անհրաժեշտ է ապահովել օդի հետևյալ ջերմաստիճանը.

☑ դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան C,

☑ ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և միջանցքներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան C, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան C:

❗️ Հաստատությունների սենքերում ապահովել օդի հարաբերական խոնավությունը 40-60 տոկոսի սահմաններում:

Ուշադրություն՝

📌Հաստատությունում վառարանային ջեռուցումն արգելվում է։

Արձանագրած խախտումների դեպքում զանգահարե՛ք ԱԱՏՄ թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով։

Սույն պահանջները տարածվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների վրա՝ անկախ սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելիությունից:

Տարեվերջյան աշխատանքային քննարկում՝ ԱԱՏՄ-ում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում  կայացել է տարեվերջյան քննարկում, որը վարել է Տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը։

Մասնակցել են Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների և կենտրոնական ապարատի մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարները։

Քննարկման ընթացքում բարձրացվել են անցնող աշխատանքային տարվա ընթացքում հանդիպած խնդիրները, ընդգծվել են ձեռքբերումները։

Սահմանվել են ընդհանուր աշխատանքային սկզբունքներ՝ տեսչական մարմնի գործունեությունը, իրականացվող ստուգումներն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով։

Քննարկվել են նաև 2023 թվականին տեսչական մարմնի կողմից իրականացվելիք վերահսկողական գործառույթների և աշխատանքի արդյունավետ կազմակերպման հետ կապված այլ հարցեր։