Կեղծ դեղի ահազանգ


2023 թվականի հունվարի 30-ին «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ տարածքում ստացվել է կեղծ դեղի հայտնաբերման ազդանշան։

Ըստ այդմ.

Շվեյցարական «Մերկ Շարպ և Դոհմ ԻԴԵԱ» (MSD) ընկերությունից ստացված գրության համաձայն, ՀՀ-ում ձեռք բերված, անհայտ ծագման Keytruda (pembrolizumab) 100մգ/4մլ (սերիա՝ S048607, պիտանելիության ժամկետը՝ 19․04․2023թ) դեղը կեղծ է։

Հարգելի’ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ սերիայով դեղի օգտագործումից։

Կայացել է «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի խորհրդատվական կոմիտեի հանդիպումը

Կայացել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող  «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի խորհրդատվական կոմիտեի հանդիպումը։

Մասնակցել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը (Խորհրդատվական կոմիտեի նախագահող), ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպություն Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության թիմի և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների գրասենյակի փոխտնօրեն Միխայիլ Պուշկինը, ծրագրի համակարգող Նվեր Սարգսյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասարյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Էրիկ Մարկովսը, գործընկեր՝ պետական և հասարակական  կազմակերպությունների ներկայացուցիչներ և խորհրդի անդամներ, միջազգային փորձագետներ, մասնագետներ։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի շահակիցներից է։

Ծրագրի նպատակն է՝ խթանել և զարգացնել Տեսչական մարմինը, նպաստել աշխատանքային օրենսդրության համապատասխանությանը և դատական ու արտադատական պաշտպանության միջոցների հասանելիության բարձրացմանը, ինչպես նաև էլեկտրոնային ժամանակակից գործիքներով արդիականացմանը։

Այսօրվա հանդիպման ժամանակ ներկայացվել և քննարկվել են ծրագրի ընթացքն ու հետագա անելիքները։

Խորհրդատվական կոմիտեի նախագահող Ռուբեն Սարգսյանը ողջունել է  ծրագրի մասնակիցներին և հյուրերին, անդրադարձել ծրագրի նպատակին ու կարևորությանը, այն ակնկալիքներին, որ ունեն ծրագրի յուրաքանչյուր մասնակցից։  Ծրագրի համակարգող Նվեր Սարգսյանը ներկայացրել է առաջընթացն ու միջնաժամկետ գնահատականը։

Տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնել, որ ծրագրի ավարտին կգրանցվեն իրական արդյունքներ։

Նշենք, որ ծրագրի տևողությունը 3․5 տարի է։ Ֆինանսավորում է ԱՄՆ-ի Աշխատանքի դեպարտամենտը։

Քննարկում՝ «ԱԱՏՄ գործունեության առանձնահատկությունները և խնդիրներն աշխատանքային իրավունքի ոլորտում» թեմայով

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմաների» հասարակական կազմակերպությունն այսօր  ներկայացրել է աշխատանքային իրավունքի պաշտպանության ոլորտում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեության վերաբերյալ կատարած ուսումնասիրության արդյունքները։

«ԱԱՏՄ գործունեության առանձնահատկությունները և խնդիրներն աշխատանքային իրավունքի ոլորտում» թեմայով քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը, շահագրգիռ պետական և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ։

Ուսումնասիրության նպատակը աշխատանքային իրավունքի պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վերհանելը, օրենսդրական բացերը գույքագրելն էր, ինչպես նաև լիազորությունների հստակեցումն և տարանջատումը։

Ծրագիրն իրականացվել է «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Տեսչական մարմնի ներկայացուցիչները կատարված աշխատանքների վերաբերյալ վիճակագրական տվյալներ են ներկայացրել, պատասխանել ներկաների հարցերին։