Դեղերի հետկանչ․ ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է

Հիմք ընդունելով 2023 թվականի հունվարի 30-ին ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված 27.01.2023թ-ի թիվ 01/279-23 գրությանը կից փորձաքննության եզրակացությունը, ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի թիվ 164-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը, 5-րդ կետի 2-րդ ենթակետը և «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարողի կողմից դեղի հետկանչի կարգադրագիր է տրվել «Թեոֆարմա Իմպորտ», «Ֆարմպրոեկտ», «Ֆարմատեք», «Ալֆա-Ֆարմ Իմպորտ», «Ռիխտեր-Լամբրոն, «Լևոն և Լամարա», «Տոնուս-Լես» և «Վագա-Ֆարմ» ՍՊ ընկերություններին։

Համաձայն վերոնշյալ եզրակացության՝ ՀՀ-ում գրանցված «Դիպրոսպան բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), բետամեթազոն (բետամեթազոնի նատրիումական ֆոսֆատ) դեղակախույթ ներարկման 5մգ/մլ+2մգ/մլ; (5) ամպուլներ 1մլ Բելգիա Շերինդ-Պլաու Լաբո Ն.Վ., Ինդաստրիպարկ 30, Հեյստ-օպ-դեն-Բերգ, 2220 Օրգանոն Սենտրալ Իստ ԳմբՀ, Վեյշտրասե 20, 6006 Լուցերն (Շվեյցարիա)» դեղի W002247, W005812 և W028823 սերիաների որակի հսկման հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է մեխանիկական մասնիկներով պայմանավորված որակի անհամապատասխանություն:

Դեղի հետկանչն իրականացնողներին հանձնարարվել է կարգադրագիրը ստանալու պահից 24 ժամվա ընթացքում մշակել հետկանչի պլան և այն համաձայնեցման ներկայացնել Տեսչական մարմին։

Ընթացքի, իրականացված միջոցառումների մասին 3 օրը մեկ անգամ ներկայացնել հաշվետվություն՝ ՀՀ ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129 և info@hlib.ampharmacy@hlib.am հասցեներով, ինպես նաև հետկանչի ավարտից հետո դեղի ոչնչացումը իրականացնել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 26-րդ հոդվածով և ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 1-ի «Դեղատներում կամ դեղատնային կրպակներում բժշկական թափոնների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 05-Ն հրամանով սահմանված կարգով։

Հարգելի’ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ սերիայով դեղի օգտագործումից։

Աշխատաժողով՝ «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանում՝ Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով


«Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանում՝ Մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով աշխատաժողով է կայացել՝ պետական կառույցների և հասարակական սեկտորի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Աշխատաժողովը կազմակերպվել է Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում գործող տասնյակից ավելի կազմակերպությունների կողմից, որոնք միավորված են ԵՄ-ի «Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն Հայաստանում քաղհասարակության միջոցով» նախաձեռնության շրջանակներում երեք կոնսորցիումներում:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը, ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Զարուհի Բաթոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը, Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը, Աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում գործող մի շարք  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Աշխատաժողովի նպատակն է ամբողջացնել ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացման վերաբերյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առաջարկությունները օրենսդրության, ինստիտուցիոնալ և գործնական կիրառման ուղղություններով:

«ԱԱՏՄ գործունեության ձեռքբերումները, գործառույթների լիարժեք իրականացման խոչընդոտները, կառույցի զարգացման հեռանկարները» թեմատիկ քննարկման շրջանակներում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանն անդրադարձել է ԱԱՏՄ գործունեության մշտադիտարկման արդյունքներին, գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործողություններին և կարիքներին։

Սլավիկ Սարգսյանը նշել է, որ տեսչական մարմնի ձեռքբերում է համարում յուրաքանչյուր խախտված իրավունքի վերականգնումը։ Շնորհակալություն է հայտնել գործընկեր կառույցներին համագործակցության համար՝ արդյունավետ համարելով  համանման աշխատաժողովները։


Կայացել է տեսչական մարմնի կառավարման խորհրդի 2023 թվականի  անդրանիկ նիստը

Հունվարի 30-ին, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ կայացել է տեսչական մարմնի կառավարման խորհրդի 2023 թվականի  անդրանիկ նիստը։

Օրակարգում ընդգրկված էր 4 հարց՝

1․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2022 թվականի տարեկան հաշվետվության նախագծի քննարկում և հավանության արժանացում.

2․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2022 թվականի 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների հաշվետվությունների ներկայացում և քննարկում.

3․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2022 թվականի 2-րդ 3-րդ և 4-րդ եռամսյակների գործունեության կատարողականների գնահատման քննարկում և հաստատում.

4․ Այլ հարցերի քննարկում:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը կառավարման խորհրդին ներկայացրեց անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ընդգծեց ձեռքբերումներն ու անելիքները։

Տեսչական մարմնի որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը ներկայացրեց 2022 թվականի 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների հաշվետվության և գործունեության կատարողականների գնահատման տեղեկատվությունը։

Օրակարգի հարցերն արժանացել են Խորհրդի անդամների դրական կարծիքին։