Իրազեկման սեմինար՝ Արտաշատի նախադպրոցական կազմակերպությունների ներկայացուցիչների համար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցներն իրազեկման սեմինար են անցկացրել ՀՀ Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի 37 բնակավայրերի նախադպրոցական կազմակերպությունների 50-ից ավելի ներկայացուցիչների՝ տնօրենների և բուժքույրերի մասնակցությամբ։

Սեմինարն անցկացրել են Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը, ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության վերահսկողության տեսուչներն, ինչպես նաև Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի մասնագետները։

Տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի տեսուչները ներկայացրել են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը, ուժի մեջ մտած փոփոխությունները, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները։

Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի մասնագետները՝ նկատի ունենալով սեզոնային սուր շնչառական հիվանդությունների ակտիվության շրջանը, իրազեկել են օրենսդրությամբ պահանջվող հիգիենիկ նորմերի և իրավական ակտերի մասին։

Տեսչական մարմնի ներկայացուցիչները պատասխանել են նաև մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

 

Տեսչական մարմնի մեկ տասնյակ տեսուչներ այսուհետ հանդես կգան որպես վերապատրաստող տեսուչներ


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (Տեսչական մարմին) մեկ տասնյակ տեսուչներ այսուհետ հանդես կգան որպես վերապատրաստող տեսուչներ։ Տեսչական մարմնի և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ/ILO) համագործակցությամբ՝ Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի տեսուչների համար հունիս ամսին անցկացվել էին վերապատրաստման  դասընթացներ, լավագույն արդյունքներ արձանագրած 11 տեսուչներ ընտրվել էին որպես դասընթացավարներ և ԱՄԿ ազգային փորձագետ Էդիտա Հովհաննիսյանի քոուչինգի միջոցով 6 ամիս շարունակ հմտությունները կիրառել էին ամենօրյա աշխատանքում։

Նոյեմբերի 8-ից 9-ը անցկացվել է դասընթացավար տեսուչների վերապատրաստման վերջին փուլը։

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և Աշխատանքի միջազգային կազմակերպության ծրագրերի ղեկավար Նվեր Սարգսյանը։ Դասընթացները վարել են միջազգային փորձագետ, ԱՄԿ խորհրդատուներ Հելենա Պերեսը և ԱՄԿ ազգային փորձագետ Էդիտա Հովհաննիսյանը։

Դասընթացների առաջինը օրը կրել է՝ «Վերապատրաստման գրավիչ փորձի ստեղծում» խորագիրը, որի նպատակն էր օգնել մասնակիցներին հասկանալ վարման և ավանդական վերապատրաստման մեթոդների միջև հիմնարար տարբերությունները, բացահայտել և համեմատել դասընթացավարների և վարողների դերերն ու պարտականությունները։

2-րդ օրը մասնակիցները գործնականում կիրառել են 1-ին օրը ձեռք բերված օժանդակության մեթոդները:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցած բոլոր տեսուչները ստացել են միջազգային հավաստագրեր։
Միջոցառման վերաբերյալ ՄԱԿ հայաստանյան ներկայացուցչության անդրադարձը։

  

Կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեության հնգամյակն ամփոփող տարեկան ժողովը


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ կայացել է Տեսչական մարմնի գործունեության հնգամյակն ամփոփող տարեկան ժողովը։ Ժողովն անցկացվել է ԱԱՏՄ արհեստակցական միության աջակցությամբ և մասնակցել է Տեսչական մարմնի ողջ աշխատակազմը՝ ղեկավարի տեղակալները, տարածքային կենտրոնների ղեկավարները, մասնագիտացված վաչությունների պետերը, տեսուչներ, փորձագետներ, մասնագետներ, սպասարկող անձնակազմը։

Սլավիկ Սարգսյանը ներկայացրել է Տեսչական մարմնի 5-ամյա աշխատանքի վիճակագրական տվյալները՝ տարեկան ստուգումների/վերստուգումների, դիմում-բողոքների, վարչական վարույթների,  իրազեկման-կանխարգելիչ միջոցառումների, թեժ գծով ստացված զանգերի դինամիկան։

Ամփոփվել են հիմնական ձեռքբերումները, արձանագրվել են խնդիրները և նախանշվել են  անելիքները։

Տեսչական մարմնի ղեկավարի կողմից՝ հինգ և ավելի տարի Տեսչական մարմնում աշխատած գործընկերներին՝ երկարամյա ծառայության համար շնորհվել են Տեսչական մարմնի տարբերանշանով կրծքազարդեր։

Շնորհավորելով աշխատակիցներին 5-ամյա գործունեության առթիվ, Սլավիկ Սարգսյանը նշել է, որ պետական ծառայությունը նախևառաջ պարտավորություն է՝ պարտավորություն հանրության և պետության առաջ։

Տեսչական մարմնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին՝ արդյունավետ գործունեության և յուրաքանչյուրի ներդրած անհատական ջանքի համար։