ԱԱՏՄ մասնագետները՝ «Հետազոտել, հաղորդակցվել, հզորացնել» կարգախոսով դասընթացին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչներ Հրանտ Պապիկյանը և Տաթև Համբարձումյանը մասնակցել են «Հետազոտել, հաղորդակցվել, հզորացնել» կարգախոսով դասընթացին՝ որպես բանախոսներ։

Այն կազմակերպել էր «Կարիերայի Լաբ» կարիերայի և շարժունության կենտրոն ՀԿ-ն՝ Երևանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ, Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա շրջանակներում։

Միջոցառմանը մասնակցել են քոլեջների, դպրոցների, ստեղծագործական կենտրոնների ղեկավարներ, ներկայացուցիչներ։

ԱԱՏՄ մասնագետները պարզաբանումներ են ներկայացրել Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների, դրա որոշ դրույթների կիրարկման վերաբերյալ։

Հանդիպում-քննարկում՝ միգրացիոն խնդիրների շուրջ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է հանդիպում-քննարկում՝ միգրացիոն խնդիրների շուրջ։ Հանդիպմանը մասնակցել են Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը, Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը, ՏՄ մասնագետներ, Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) միջազգային փորձագետ Կլաուս Ֆոլդենը, ՄՄԿ ներկայացուցիչներ Մարկո Պելեգրինին, Ալեքսեյ Պետրոսյանը և Կարինե Խոջոյանը։

Հանդիպման մասնակիցներին ողջունել է ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը՝ նշելով, որ Տեսչական մարմինն ակտիվորեն աշխատում է միջազգային կառույցների հետ, մասնավորապես՝ էլեկտրոնային ու թվային գործիքների ներդրման ուղղությամբ։

Հ. Ավագյանը կարևորել է աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանությունը՝ օրինակ բերելով, որ այս տարի Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում են եղել Հնդկաստանից եկած միգրանտների խնդիրները։

«Մենք մեծ քանակի աշխատանքային միգրանտներ ունենք Ռուսաստանի Դաշնությունում։ Այս տարի ստանձնելով ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի նախագահությունը, նախաձեռնել ենք մինչև տարվա վերջ ներդնել աշխատանքային միգրանտների վեճերի փոխճանաչելիության մեխանիզմ, այսինքն՝ եթե ՀՀ քաղաքացին իր աշխատանքային իրավունքների հետ կապված խնդիր է ունենում ՌԴ-ում, հնարավորություն է ունենալու դիմել մեզ, իսկ մենք կարող ենք դիմել Ռուսաստանի աշխատանքի տեսչությանը»,- ասել է Հ. Ավագյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում աշխատող օտարերկրացիների շրջանում տեսչական գործառույթների իրականացմանն առնչվող խնդիրները, Տեսչական մարմնի հիմնական գործառույթները և մոտեցումները։

 

Փոփոխություն՝ Կարանտին սահմանելու վերաբերյալ ՀՀ կառավարության 1514-Ն որոշման մեջ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է` փոփոխություն է կատարվել Կարանտին սահմանելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման մեջ։

Մասնավորապես՝

  • նախատեսվում է Հայաստանում կարնտինը երկարաձգել մինչև 2022 թվականի հունիսի 20-ը: Որոշման կետն ուժի մեջ է մտնում 2021 թվականի դեկտեմբերի 20-ից,

  • ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում ՊՇՌ հետազոտության համար նմուշառման հնարավորությունը հանվում է,

  • շարունակվում է որպես պահանջ մնալ վերջիններիս կողմից միայն ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատի կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից, նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատի ներկայացումը: Սույն կետն ուժի մեջ է մտնում 2021 թվականի դեկտեմբերի 1-ից։

Մանրամասները՝ կից հղումով։