Ինչպիսի ջուր ենք խմում. ստուգումներ՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ ՀՀ կառավարության սահմանած ռիսկերի մեթոդաբանության համաձայն հաստատված 2021 թ-ի տարեկան ծրագրում առաջին անգամ ներառվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն։ Ընթացիկ տարում այս ընկերությունում ստուգումներ են իրականացվել առողջապահության նախարարի 2002 թ-ի N 803 և N 876 հրամանների պահանջների (խմելու ջրի որակին և ջրամատակարարման կենտրոնացված համակարգերին ներկայացվող հիգիենիկ պահանջներ) պահպանումը պարզելու նպատակով։

Տեսչական մարմինն առաջին անգամ է կատարել նման ծավալով ստուգում՝ ըստ ներգրավված տեսուչների քանակի, լաբորատոր փորձաքննությունների, ըստ ստուգման ենթակա տարածքի մեծության և ներգրավված այլ ռեսուրսների։

Ստուգվել են հանրապետության ամբողջ տարածքում Ընկերության կողմից շահագործվող օրական կարգավորող ջրավազանները (ՕԿՋ) և ջրամատակարարման աղբյուրները։

Արձանագրված հիմնական թերություններն են՝

  • սանիտարական պահպանման առաջին գոտիների մի մասը սահմանազատված չէ, հատկապես՝ մարզերում,
  • որոշ տեղերում սանիտարական պահպանման առաջին գոտիների պահպանություն չի իրականացվում,
  • առաջին գոտում գտնվող ոչ բոլոր շենքերն ունեն կոյուղի և կեղտաջրերի մաքրման կայաններ,
  • երբեմն խախտված է մնացորդային քլորի որոշման հաճախակիությունը։

Ստուգումների արդյունքում արձանագրված թերությունների կապակցությամբ «Վեոլիա Ջուր» ընկերությանը տրվել են հանձնարարականներ։

Հարկ է նշել, որ խմելու ջրի որակի հիմնական ցուցանիշներն ընդհանուր առմամբ համապատասխանում են գործող նորմերին և որակի նկատմամբ հսկողությունն ընկերությունն իրականացնում է ամենօրյա կտրվածքով՝ սահմանված ժամկետներում։

855 ստուգայց, 48 խախտում, 34 տուգանք․ նախորդ շաբաթվա ստուգայցերն՝ ամփոփ

Խստացված ստուգայցերը շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում` նոյեմբերի 8-14-ը, իրականացրել են ընդհանուր 855 ստուգայցեր, որոնց արդյունքում արձանագրել են 48 խախտում, կայացրել 34 տուգանքի որոշում, այդ թվում՝

✅ Երևանի տարածքային կենտրոն՝ 531 ստուգայց, 27 խախտում, 17 տուգանք,

✅ Հարավային տարածքային կենտրոն՝ 47 ստուգայց, 8 խախտում, 3 տուգանք,

✅ Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 28 ստուգաց, 1 խախտում, 2 տուգանք,

✅ Արևմտյան տարածքային կենտրոն՝ 73 ստուգայց, 8 տուգանք,

✅ Արևելյան տարածքային կենտրոն՝ 176 ստուգայց, 12 խախտում, 4 տուգանք։

ԱԱՏՄ  կառավարման խորհրդի կազմում հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչ ներգրավելու մասին հայտարարություն

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը հայտարարում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմում տեսչական մարմնի իրավասության բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչ ներգրավելու նպատակով հայտերի ընդունման մասին։

 Հայտ կարող են ներկայացնել այն հասարակական կազմակերպությունները, որոնք համապատասխանում են հետևյալ պահանջներին.

1) կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարի գործունեություն է ծավալում տեսչական մարմնի վերահսկողության ոլորտում.
2) կազմակերպության կողմից առաջադրվող ներկայացուցիչը համապատասխան բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ենթակայությամբ գործող մարմնի կամ կազմակերպության աշխատակից չէ.
3) կազմակերպությունը իրականացրել կամ իրականացնում է միջազգային կառույցների հետ և (կամ) սեփական նախաձեռնությամբ համապատասխան ոլորտին վերաբերող ծրագրեր.
4) ունի միջազգային կազմակերպությունների հետ համապատասխան ոլորտում համագործակցության փորձ (այս պայմանը պարտադիր չէ, սակայն դիտարկվում է առավելություն).
5) կներկայացնի միջազգային կառույցների հետ իրականացված ծրագրերի արդյունավետության վերաբերյալ գործընկեր կազմակերպության դրական եզրակացություն կամ գնահատական (այս պայմանը պարտադիր չէ, սակայն դիտարկվում է առավելություն):

 Հայտատու կազմակերպությունը ներկայացնում է՝

1) հայտ, որում նշվում են խորհրդի կազմում առաջադրվող ներկայացուցչի վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն),
2) փաստաթղթեր (բնօրինակ կամ պատճեն), որոնք փաստում են սույն հայտարարության 1-ին կետում ամրագրված պահանջներին կազմակերպության համապատասխանությունը:

Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը կարող են հանձնվել՝

1) առձեռն,
2) ուղարկվել փոստով,
3) ներկայացվել էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:

Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք ներկայացվել են փոստ՝ մինչև սույն հատարարությամբ նշված ժամկետի ավարտը:

Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը կարող են ներկայացվել

1) ք. Երևան, Անտառային 188 հասցեով, ինչպես նաև ibo@gov.am էլեկտրոնային հասցեով, (հայտերի ընդունման պատասխանատու՝ Սյուզաննա Գևորգյան, հեռախոսահամարը` 010 588 716, էլեկտրոնային փոստի հասցե` syuzanna.gevorgyan@gov.am)
2) երկուշաբթի-ուրբաթ, ժամը 11։00-16։00 (13։00-14։00 ընդմիջում).

3) վերջնաժամկետը՝ 2021թ. նոյեմբերի 25

Հատուկ նշում.
Կազմակերպությունների ներգրավումն իրականացվում է՝

1) փաստաթղթային եղանակով,
2) կամ փաստաթղթային եղանակով և վիճակահանությամբ՝ այն դեպքում, եթե սահմանված պայմաններին համապատասխանում են մեկից ավելի կազմակերպություններ,Հայտ ներկայացրած կազմակերպությունները վիճակահանության օրվա և ժամի մասին ծանուցվում են (հեռախոսով կամ հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեով) վիճակահանությունից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ:

Մանրամասն՝  Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1000-Ն որոշման թիվ 1 հավելված։