«E-labor համակարգը հնարավորինս արագ ներդնելու դեպքում ԱՊՀ երկրների շրջանում կլինենք առաջին երկիրը». Հակոբ Ավագյան

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը, Տեսչական մարմնի ներկայացուցիչները մասնակցել են «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի» ծրագրի շրջանակներում կայացած «Հայաստանում աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային հարթակի» ստեղծման թեմայով աշխատաժողովին։

Հ․ Ավագյանը ներկայացրել է Երևանում կայացած ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի գործունեությունը և սեպտեմբերի 22-ին Երևանում կայացած տարեկան համաժողովի արդյունքները, ինչպես նաև 2021 թ․ հուլիսի 1-ից ԱԱՏՄ-ին վերապահված նոր լիազորությունները աշխատողների իրավունքների պաշտպանության բնագավառում, և այդ առումով կարևորել է աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային համակարգի (E-labor) ստեղծումն ու ներդրումը։ Համակարգը թույլ է տալու բարելավել Տեսչական մարմնի ներքին կարողություններն ու հստակ հաշվառում իրականացնել այն տնտեսավարողների վերաբերյալ, ում նկատմամբ կատարվում է վերահսկողություն։

«E-labor համակարգը հնարավորինս արագ ներդնելու դեպքում կլինենք ԱՊՀ երկրների շրջանում առաջին երկիրը, որ նման էլեկտրոնային գործիք կունենա»,- ասել է Հ․ Ավագյանը։

Իվան Շկլովեցը ներկայացել է աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում Ռուսաստանի փորձը, տեսչական մարմնի կողմից կիրառվող էլեկտրոնային գործիքները, մասնավորապես՝ էլեկտրոնային վերահսկողության մեխանիզմը և ռիսկերի բողոքարկման  համակարգը։

«Ներկայումս աշխատանքներ են տարվում ԵԱՏՄ շրջանակներում միասնական աշխատանքային շուկայի ձևավորման ուղղությամբ, որին մասնակցելու է նաև Հայաստանը»,- ասել է Ի. Շկլովեցը։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային հարթակի վերաբերյալ համատեղ հայեցակարգի մշակման հարցեր։

Նշենք, որ «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի» ծրագիրն իրականացվում է ՏՀՏ գործատուների միության, «Արմավիրի Զարգացման Կենտրոնի»  և «Կիրակի» հասարակական կազմակերպությունների կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

ԱԱՏՄ ղեկավարի  աշխատանքային այցը՝ Արևելյան տարածքային կենտրոն

ՀՀ առողջապահական և  աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այցով եղել է Տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնում՝ Աբովյան քաղաքի գրասենյակում։

Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է տարածքային կենտրոնի աշխատակազմի հետ, քննարկվել են աշխատանքների կանոնակարգման հետ կապված հարցեր,  արծարծվել են նաև ընթացիկ այլ թեմաներ։

Հակոբ Ավագյանին զեկուցվել է կատարված աշխատանքների մասին։

Քննարկվել են Տեսչական մարմնի 2021-2022 թվականների ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներին վերաբերող որոշ հարցեր, տրվել են հանձնարարականներ։

Ուժեղացված ստուգայցերը շարունակվում են


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային 4 կենտրոնների մասնագետները՝ ոստիկանության հետ համատեղ իրականացրել են ընդհանուր 152 ստուգայց։

❗ Արձանագրվել է 41 խախտում։

Covid-անվտանգության նորմերը դիտարկվել են Վանաձոր, Գյումրի, Իջևան, Ստեփանավան, Տաշիր, Կապան, Սիսիան, Մասիս, Աբովյան քաղաքներում, Այնթափ, Խարբերդ համայնքներում։

Ստուգայցերով եղել են նշված համայնքների դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, պետական կառույցներում, դեղատներում, գրասենյակներում, առևտրի կենտրոններում, հյուրանոցներում և տնտեսական համանման գործունեություն իրականացնող տնտեսավարողների մոտ, հանրային տրանսպորտում։

Խախտումների դեպքում տրվել են դրանք վերացնելու հանձնարարականներ։

Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում։

Covid անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն է կատարվել 150 տնտեսավարողների մոտ, այդ թվում՝

◾ մանրամեծածախ առևտրի կենտրոններ՝ 54,
◾ դեղատներ՝ 6,
◾ գրասենյակային տարածքներ՝ 9,

◾ տրանսպորտ՝ 80 և այլն։

 

Արձանագրվել է 17 խախտում։