Մանկապարտեզների համար սահմանված հիգիենիկ նորմերը

Հաշվի առնելով վերջին շրջանում նախադպրոցական կազմակերպություններում արձանագրված դեպքերը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես  բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին, հորդորում է խստագույնս պահպանել վերոնշյալ կազմակերպությունների համար սահմանված սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջները։

Մասնավորապես՝

  • կազմակերպությունների հատակը պետք է լվանալ օրը 2 անգամից ոչ պակաս, 1 անգամը՝ պարտադիր կահույքի տեղաշարժով,
  • զուգարանների հատակը, նստակոնքերը պետք է լվանալ օրը 2 անգամ հոսող տաք ջրով,
  • խմբասենյակների սեղանները նախքան սնունդ ընդունելը և հետո պետք է լվացվեն տաք ջրով, օճառով, հատուկ լաթերով, որոնք լվացվում, չորացվում և պահվում են չոր վիճակում կափարիչով փակվող հատուկ ամանների մեջ,
  • աթոռներն ամեն օր պետք է սրբվեն տաք ջրով և օճառով,
  • ձեռք բերված խաղալիքները (բացառությամբ փափուկ խաղալիքների) մինչև խմբերին հանձնելը պետք է 15 րոպե լվանալ հոսող ջրի տակ (370 C) օճառով, իսկ հետո չորացնել բացօթյա։

Համաճարակային իրավիճակի բարդացման դեպքում ամենօրյա խոնավ մաքրումը պետք է կատարվի վարակազերծող նյութերի օգտագործմամբ։ Սեղանները, աթոռները, խաղալիքները պետք է  ախտահանվեն։

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները՝

  • ճաշացուցակը կազմվում է հաշվի առնելով երեք տարիքային խմբերի` 1-2, 2-3 և 4-6 տարեկան երեխաների համար նախատեսված սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը,
  • միևնույն ճաշատեսակները կամ խոհարարական արտադրանքը կրկնակի չի ներառվում նույն օրվա կամ հաջորդող 2-3 օրերի օրինակելի ճաշացուցակում,
  • սննդի կազմակերպումը նախատեսում է՝ յուրաքանչյուր սննդի ընդունման ժամանակ պարտադիր տաք ճաշատեսակների և խոհարարական արտադրանքի օգտագործումը, այդ թվում՝ առաջին և (կամ) երկրորդ ճաշատեսակ և տաք ըմպելիքներ,
  • ամեն օր յուրաքանչյուր խմբում ծնողների համար տեսանելի տեղերում փակցվում է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարի կողմից հաստատված ճաշացուցակը, որի մեջ նշվում է խոհարարական արտադրանքի անվանումների և ծավալների մասին տեղեկատվությունը։

Սննդային գործոնով պայմանավորված զանգվածային վարակիչ հիվանդությունների ու սննդային թունավորումների առաջացման և տարածման կանխարգելման նպատակով, նախադպրոցական ուսումնական հաստատություններում չեն օգտագործվում ստորև նշված սննդամթերքը և պատրաստվում նշված ճաշատեսակներն ու խոհարարական կերակրատեսակները`

  • առանց որակն ու անվտանգությունը հավաստող փաստաթղթերի պարենահումք և սննդամթերք,
  • պիտանիության ժամկետն անց և վատորակության հատկանիշներով (հոտի, համի, գույնի փոփոխմամբ) սննդամթերք,
  • տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված պահածոներ,
  • կրեմային հրուշակեղեն` տորթեր, հրուշակներ և այլն,
  • տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաթթվային մթերք, թթված կաթ, այդ թվում՝ նաև կաթնաշոռի պատրաստման համար,
  • սունկ և դրանից պատրաստված կերակրատեսակներ, սնկի արգանակ,
  • երշիկեղեն։
  • Նախադպրոցական կազմակերպությունների սանիտարական նորմերը և կանոնները՝ https://bit.ly/3v8sFpe:
  • Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները՝ https://bit.ly/3w9U4IF։

Հուշագրի ստորագրում

Այսօր՝ հունիսի 11-ին, ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) հուշագրեր է ստորագրել «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի և Տեղեկատվական և Հաղորդակցության Տեխնոլոգիաների Գործատուների Միության (ՏՀՏԳՄ) հետ։

Հուշագրերը ստորագրել են Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, «ՕքսԵՋեն»-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը և Հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանոն։

Միջոցառման ժամանակ ազդարարվել է Հայաստանում աշխատանքի և սոցիալական իրավունքների բարելավմանն ուղղված ԵՄ կողմից ֆինանսավորվող 3 նոր ծրագրերի պաշտոնական մեկնարկը։ Ծրագրերում կներգրավվեն հայաստանյան 14 ՔՀԿ-ներ։ «Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիքի» (EIDHR) միջոցով ֆինանսավորվող ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1,138 մլն եվրո։

Կողմերը կարևորել են Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացումը։

«Պատրաստ ենք լայնածավալ իրազեկում իրականացնել՝ աշխատողների իրավունքները պաշտպանելու արտադատական գործող տեսչական մարմնի գործառույթների մասին»,- նշել է Հակոբ Ավագյանը՝ ընդգծելով, որ պետության նպատակն է ոչ թե գործատուին պատժել և տուգանել, այլ՝ պաշտպանել, պահպանել աշխատողի իրավունքները։

Հակոբ Ավագյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամբողջ թիմին՝ նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանի գլխավորությամբ, և շնորհավորել  գեղեցիկ ծրագրի մեկնարկի համար։

ԱԱՏՄ ղեկավարի շնորհավորական ուղերձը՝ տեսչական մարմնի կանոնադրության հաստատման օրվա կապակցությամբ

Հարգելի՛ գործընկերներ, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցնե՛ր,

Շնորհավորում եմ Ձեզ, մեր տեսչական մարմնի կանոնադրության հաստատման օրվա կապակցությամբ, դե յուրե` տեսչական մարմնի «ծննդյան օրվա»։

2018 թ-ի հունիսի 11-ից առ այսօր տեսչական մարմինը բազմաթիվ փորձությունների միջով է անցել, ձեւավորման օրվանից ցնցումների ենթարկվել` որպես նորաստեղծ կառույց կազմավորվելու, ձեւավորվելու, հիմքերը դնելու փոխարեն։

Չնայած այդ բարդություններին, մենք միասին աշխատում ենք արդեն 21 ամիս, որոնք եւս լի էին անակնկալներով։ Այս ժամանակաշրջանում մեր երկիրն ապրեց ծանր ճակատագրական օրեր։ 2020թ-ի սկզբից համավարակով պայմանավորված մենք ամբողջ թիմով լծվեցինք արտակարգ ռեժիմով աշխատանքի, որը հետո մեզ համար դարձավ սովորական աշխատանքային ռեժիմ։ Տարեվերջին` պատերազմ, իր բոլոր ծանր հետեւանքներով, որը դեռ երկար ժամանակ արնահոսող վերքի նման ներքուստ կցավեցնի մեզ։

Բայց մենք կարողացել ենք միասին, մեկ միասնական տեսչական մարմնի Թիմ դառնալ, մեկս մյուսի սխալը վերցնել, բացը լրացնել, հանդես գալ տեսչական մարմնի անունից։ Ձեւավորել ենք միասնական կուռ աշխատող հիմնարկի իմիջ, անկախ նախկինում եղած ներքին անհամաձայնություններից, հպարտացել ենք մեր տեսչական մարմնի անունով, օր-օրի ավելացող հաջողություններով, ձեռքբերումներով։

Մեր առջեւ դրել ենք հստակ նպատակներ, սահմանել տարեկան ծրագրեր եւ հետեւողական լծվել դրանց իրականացմանը։

Այլ հավասար պայմաններում մենք վստահ կկարողանայինք անել ավելին, եթե մեզ բաժին չընկներ այս ծանր ժամանակաշրջանը։

Բայց ընկերներին, գործընկերներին ու թիմին ավելի են ամրացնում հենց դժվարությունները, ճգնաժամային իրավիճակները։

Անկախ ամեն ինչից, մենք կարողացել ենք պահպանել մեր կուռ շարքերը (держать строй), պատասխանատվությամբ վերաբերվել մեզ վրա դրված պարտականությունների եւ մեր տեսչական մարմնի 2018թ-ի հունիսի 11-ին հաստատված կանոնադրությամբ լիազորությունների կատարմանը։

Մեր անցած տարվա տարեկան ժողովում ես շեշտել եմ ու նորից կրկնում եմ, որ մեր տեսչական մարմնում անկարեւոր աշխատանք կատարող չկա, մեր կառույցի յուրաքանչյուր հաղթանակ մեր բոլորինն է, այդտեղ բոլորիս ներդրած ջանքն ու անձնական պատասխանատվությունն է։

Շնորհավորում եմ տեսչական մարմնի «ծննդյան օրվա» կապակցությամբ։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ` մեր երկրին ծառայելու եւ համագործակցության համար։